«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2001-04-17 | #71, 2001-04-18 | #72, 2001-04-19


ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԿՈՒՂԵՎՈՐՎԵՆ ՃԱՊՈՆԻԱ

<20017203.jpg>

Հայ-ճապոնական առեւտրատնտեսական հարաբերությունների մասին կարելի է ասել, որ դրանք գրեթե չկան: Դրա ապացույցն են ապրանքաշրջանառության չնչին ծավալները երկու երկրների միջեւ: 1999 թ. Ճապոնիայից Հայաստան է ներմուծվել 544 հազար դոլարի արտադրանք, հակառակ ուղղությամբՙ 62 հազար դոլարի:

2000 թ. այդ ցուցանիշներն էլ ավելի ցածր են եւ չեն գերազանցել 50 հազար դոլարի սահմանները: Թերեւս այդ իրավիճակը փոփոխելուն է կոչված այս տարվա հունիսի 25-29-ը Տոկիոյում կայանալիք հայկական ապրանքների ցուցահանդես-վաճառքը: Ավելի ստույգ, ցուցահանդեսին Հայաստանից բացի մասնակցում են նաեւ Ադրբեջանն ու Վրաստանը: Այն կազմակերպել է Ճապոնիայի արտաքին առեւտրի զարգացման կազմակերպությունը (JETRO), որը պետք է հոգա ծախսերի գերակշիռ մասըՙ այդ թվում Հայաստանից Ճապոնիա ապրանքատեսակների փոխադրումը:

Հայկական տաղավարը կազմված է լինելու 6 հիմնական բաժիններիցՙ գյուղատնտեսություն եւ սննդարդյունաբերություն, ինֆորմացիոն եւ բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, ոսկերչություն, արդյունաբերություն, դեկորատիվ-կիրառական արվեստ: Գործելու է նաեւ սփյուռք բաժինը, որն ընդհանուր տեղեկություններ է հայտնելու աշխարհահռչակ հայերի մասին: Մասնակից ընկերությունների եւ ապրանքատեսակների ընտրությանը մասնակցել է նաեւ ճապոնական կողմը: Ընդհանուր առմամբ ցուցահանդես-վաճառքին ավելի քան 50 հայկական ընկերություններ են մասնակցելու: Առավել ներկայացվածը սննդարդյունաբերության եւ գյուղատնտեսության բաժինն է: Այստեղ իրենց տեսականին են ներկայացնելու Հայաստանի այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են «Գրանդ տոբակոն», «Ջերմուկը», «Բջնին», «Շամպայն-գինիների գործարանը», «Վեդի ալկոն», «Երեւան գարեջուրը», «Գրեյտ վելին», «Երեւանի կոնյակի գործարանը», «Սիգարոնը», «Սարդարապատը», մրգի եւ պտղի պահածոների մի շարք գործարաններ: Այս բաժնի նման ձեւով ներկայացված լինելը ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության արտահանման աջակցության վարչության պետ Դավիթ Գեւորգյանը բացատրում է նրանով, որ մեր սննդատեսակները լուրջ հաջողության հնարավորություններ ունեն Ճապոնիայում: Փետրվարին ճապոնական փորձագետներն ուսումնասիրություններ են կատարել այս բնագավառում եւ բարձր գնահատական տվել հայկական այս արտադրատեսակներին: Հայկական կողմը հատկապես մեծ հույսեր է կապում կոնյակի, մրգի եւ պտղի պահածոների, տոմատի հետ: Արտահանման աջակցության վարչության պետը մեզ հայտնեց, որ հայկական տոմատն արդեն ծանոթ է ճապոնացիներին եւ դեռեւս ԽՍՀՄ գոյության տարիներին էր առաքվում:

Հայկական կողմն առանձնահատուկ կարեւորություն է տալիս նաեւ զբոսաշրջության տաղավարին: Այստեղ ներկայացված 13 զբոսաշրջային գործակալություններ եւ կազմակերպություններ ճապոնացիներին կծանոթացնեն Հայաստանի պատմամշակութային կոթողներին եւ բնաշխարհին: Նկատի է առնվել այն հանգամանքը, որ ճապոնացիներն ամբողջ աշխարհում համարվում են ակտիվ զբոսաշրջիկներ, որոնց համար Հայաստանն առայժմ չբացահայտված երկիր է:

Որոշ տարակարծություններ է առաջացրել ինֆորմացիոն եւ բարձր տեխնոլոգիաների տաղավարը: Այս ոլորտի առաջատար երկիր համարվող Ճապոնիային, իհարկե, Հայաստանը չի զարմացնի: Նախապես ճապոնական կողմն այնքան էլ կողմ չի եղել այս բաժնի բացմանը, սակայն հետագայում Հայաստանի պնդմամբ որոշվել է սա եւս ներկայացնել: Դավիթ Գեւորգյանը դա բացատրեց նրանով, որ մեր հարեւաններն այս ոլորտում ոչինչ չեն ներկայացնելու եւ անհրաժեշտ էր ճապոնացիներին տեղեկացնել, որ Հայաստանն այս ոլորտում արդեն որոշակի ցուցանիշների է հասել: Իսկ ընդհանուր առմամբ ցուցահանդեսից Հայաստանն ակնկալում է հնարավորինս մեծ կոմերցիոն արդյունք: Դա վերաբերում է նույնիսկ մշակութային ուղղվածություն ունեցող ապրանքանմուշներին: Եվ, իհարկե, մեծ ցանկություն կա գերազանցելու վրացական եւ ադրբեջանական տաղավարներին:

Արտահանման աջակցության վարչության պետը հատուկ ընդգծեց նաեւ, որ բյուջեից գումար այս միջոցառման համար չի ծախսվել: Սակայն առկա են ֆինանսավորում պահանջող խնդիրներ: Հատկապես փաստաթղթերը ճապոներեն թարգմանելու, տեսաերիզների, լուսանկարների բազմացման եւ այլ հարցերի առնչությամբ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4