«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2001-04-17 | #71, 2001-04-18 | #72, 2001-04-19


ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՈՒՐԻԶՄԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՇՈՒԿԱ Է

<20017205.jpg>

Բայց այդ երկրներից տուրիստների մեծ հոսքին խանգարում են ավիատոմսերի ու հյուրանոցների բարձր գները

Արաբական աշխարհի ճամփորդության եւ տուրիզմի միջազգային ցուցահանդեսը (AWTTE-2001), որը վերջերս տեղի ունեցավ Բեյրութում, չափազանց արդյունավետ էր մոտ 10 հայաստանյան տուրիստական ընկերությունների ու հյուրանոցների համար: Նրանց մասնակցությունը ցուցահանդեսին ապահովել էր Ճամփորդական գործակալների հայկական միությունը (AATA), Լիբանանի տուրիզմի խորհրդի անդամ Րաֆֆի Սեմերջյանի աջակցությամբ: Արաբական աշխարհում ամենահեղինակավոր այդ միջոցառմանը Հայաստանը ներկայացված էր երկրորդ անգամ, եւ, միության նախագահ Սիմոն Խաչատուրյանի գնահատմամբ, եթե անցյալ տարի Հայաստանն ուղղակի ճանաչեցին որպես տարածաշրջանի մաս կազմող երկիր, ապա այս տարիՙ արդեն տուրիստական լուրջ հետաքրքրություն ներկայացնող երկիր, որտեղ առաջարկվում են տուրիզմի տարբեր տեսակներիՙ մշակութային, զվարճանքի, արկածային, տուրիստական երթուղիներ: AWTTE-2001-ը հատկապես արդյունավետ է եղել անմիջական մասնակից ընկերությունների համար, որոնց ներկայացուցիչներիՙ «Ֆայվ սթարզ տուր» տուրգործակալության տնօրեն Եղիշե Թանաշյանի ու «Արմենիա» հյուրանոցի կոմերցիոն տնօրեն Արման Մանուկյանի վկայությամբ, չափազանց մեծ հետաքրքրության պատճառը ոչ միայն Հայաստանի յուրօրինակ տաղավարն էր ու հարմար դիրքը (ցուցահանդեսի զբաղեցրած մոտ 6000 հա տարածքի գրեթե կենտրոնում), այլեւ Հայաստանն ընդհանրապեսՙ իբրեւ տուրիզմի նորահայտ երկիր, որտեղ այս տարի ամենաբարձր մակարդակով տոնվում է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակը: Հայաստանյան տաղավար չորս օրվա ընթացքում այցելել է շուրջ 3000 մարդ, եւՙ «ցուցահանդեսի վերջում հայաստանյան ընկերությունների բուկլետներն ու թերթիկները ուղղակի սպառվել էին»: Բեյրութի անգլալեզու «Future TV»-ով ցուցադրվել է Հայաստանի մասին 10 րոպեանոց ռեպորտաժ, մասնակիցներին անդրադարձել է Բեյրութի «Ազդակ» թերթը, Հայաստանի մասին հոդվածաշար է նախաձեռնելու նաեւ մեկ այլ պարբերականՙ «Middle East and Mediterranean Incentive» տուրիստական ամսագիրը: «Արմենիայի» կոմերցիոն տնօրենի համոզմամբ, նման մասշտաբի տարածաշրջանային ցուցահանդեսին մասնակցությունը ավելի մեծ արդյունքներ արձանագրեց կոնկրետ իրենց հյուրանոցի համար, քան, ասենք, Բեռլինի ITB համաշխարհային ցուցահանդեսին մասնակցությունը, քանի որ Բեյրութի ցուցահանդեսը հնարավորություն է տվել ավելի լավ կողմնորոշվելու պոտենցիալ շուկաների, կոնկրետ երկրների ու խավերի հետ աշխատելու իմաստով: Ա. Մանուկյանի գնահատմամբ, արաբական աշխարհի երկրները կարեւոր շուկա կարող են դառնալ Հայաստանի համար. հյուրանոցի մինչ այժմ եղած վիճակագրությամբ հյուրերի մոտ 20 տոկոսը որպես կանոն այդ երկրներից է, իսկ մեծ մասըՙ Լիբանանից: Ընդհանրապես, Լիբանանը, ունենալով կազմակերպված հայ համայնք, միշտ էլ դեպի Հայաստան տուրիստական հոսքի մեջ առաջիններից մեկն է եղել:

Տուրիզմի աշխարհում հայտնի «economy travel» տեսակը ամենաբնորոշը կարող է լինել Հայաստանի նման երկրի համար, սակայն այդ դեպքում պահանջվում են տուրփաթեթների միջին գներ. միջին գնողունակության տուրիստները նախընտրում են «economy class» ուղեւորատոմս եւ 3-4 աստղանի հյուրանոցներ, մինչդեռ Հայաստանում առկա գներն համարժեք չեն իրենց այսօրվա որակին ու մատուցած ծառայությունների մակարդակին: Այդ է նաեւ պատճառներից մեկը, որ ոչ միայն լիբանանյան, այլեւ տարածաշրջանի երկրների տուրկազմակերպություններն ու օպերատորները, ճիշտ է, ոգեւորված են այս տարվա միջոցառումներով, սակայն երբ գործը հասնում է տուրփաթեթների նման ուռճացված գներով խմբեր հավաքելուն, կանգնում են խնդիրների առաջ:

Լիբանանահայերը դժգոհ են հայաստանյան ավիատոմսերի ու հյուրանոցների գներից

Լիբանանում տուրիզմի բիզնեսում հայերի դերակատարությունը մեծ է, միայն հայկական ընկերությունների թիվը մեկ տասնյակը, որոնցից դեպի Հայաստան տուրիզմով զբաղվում են հատկապես չորսըՙ «Աշճյան տուր», «Անսեր թրավել», «Բարոն թրավել» (որը «Հայկական ավիաուղիների» լիբանանյան ներկայացուցչությունն է) եւ «Էրեբունի թրավել»: Այս բոլոր ընկերությունների ներկայացուցիչները իրենց մտահոգություններն են հայտնել Հայաստանում տիրող ոչ համարժեք գնային քաղաքականության վերաբերյալ: Նրանցից մեկը (որի անունը միտումնավոր չենք ուզում նշել- Գ. Մ.) ստիպված է եղել բարձր գների պատճառով նույնիսկ ջնջել իր արդեն իսկ հավաքած մի քանի խմբերի այցը Հայաստան: Լիբանանահայ բիզնեսմենները խոստովանել են, որ անգամ բարձր հայրենասիրական գաղափարներով հայրենիքը տեսնելու ամենամեծ ցանկության դեպքում երբեմն դժվար է լինում համոզել այդքան մեծ գումարներ ծախսելով այցելել Հայաստան: Խնդիրն ավելի է բարդանում այլազգիների պարագայում, որոնց ավելի դժվար է համոզելը մի քանի անգամ թանկ վճարելով գալ Հայաստան, քան, ասենք, գնալ Կիպրոս կամ Եգիպտոս: Ամենավառ օրինակը, թերեւս, Կիպրոսն է, ուր կարելի է ուղեւորվել ընդամենը 380-420 դոլարով, մի շաբաթ հանգստանալ չորսաստղանի հյուրանոցներումՙ համարժեք գներով: Հայաստանում այդ ամենը մի քանի անգամ ավելի արժե: Ըստ Ե. Թանաշյանի, Բեյրութի ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն էր նաեւ տեղեկանալու տուրիզմի բնագավառի զարգացումների մասին: Ընդհանուր առմամբ այսօր համաշխարհային տուրիզմում առկա է բարձր մրցակցություն ու դրա հետեւանքովՙ գների անկում, երբ խոսքը վերաբերում է հատկապես մասսայական տուրիզմին: Այդ իրավիճակում հայաստանյան համապատասխան ենթակառուցվածքները պետք է կարողանան իրականացնել ճիշտ մարկետինգ ու մենեջմենթ, ու իրենց գործունեությունը դարձնեն համարժեք առկա պահանջներին, այլապես կկորցնենք պոտենցիալ շուկաներն ու հնարավորությունները:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4