Հայ երաժիշտների զավակ, կոմպոզիտոր Էժենի Ալեսյանի ձայնասկավառակի լույսընծայման առթիվ Փարիզի Դեբյուսի-Ռավել սրահում կայացավ դաշնամուրային համերգ: Քննադատներից շատերի կարծիքով, Ալեսյանի գործերը չեն պատկանում որեւէ ուղղության եւ անդասելի են: Նա ինքն ասում է. «Կոմպոզիտոր ոչ թե դառնում են, այլ ծնվում»:
Նորՙ «Ախթամար» ձայնասկավառակն ամփոփում է նրա կամերային գործերըՙ փայլուն դաշնակահար Արմեն Բաբախանյանի կատարմամբ, որը միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր է եւ հանդես է գալիս հեղինակավոր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Գերազանց տեխնիկայից բացի, նա հիացնում է նվագի խոր անմիջականությամբ եւ գործերի ոչ կոնֆորմիստական կատարմամբ: Ալեսյանը եւս դեմ է կոնֆորմիզմինՙ հարմարվողականությանը:
Համերգի առաջին երեք մասերն ընդգրկում էին Մոցարտի, Պրոկոֆեւի, Մուսորգսկու մի շարք գործեր: Հանդիսականներին հմայեց մանավանդ Պրոկոֆեւի «Սարկազմների» կատարումը: Ծրագրի վերջին երկու մասերը կազմված էին Ալեսյանի ստեղծագործություններից: 1980 թ. գրված «Ազատ ընթացք» ֆանտազիա ստեղծվել է ֆրանսիական ռադիոնի խնդրանքով: Համերգն ավարտվեց 4 ձեռքի համար գրված «Մյուզիգրաֆի» հուզիչ շարքով, որն ստեղծվել է 1992 թ. Ալեսյանի Հայաստան կատարած առաջին այցից հետո: Կատարման ընթացքում կոմպոզիտորը դաշնամուրի առջեւ նստեց Արմեն Բաբախանյանի կողքին: Ստեղծագործության 6 պատառիկները Հայաստանի տարբեր վայրերում զբոսնելու պատրանք էին ստեղծում: Հանդիսականները քանիցս բեմ կանչեցին կատարողներին:
Ալեսյանը նշում է, որ ազգային ծագումն զգացվում է իր ստեղծագործություններում, բայց ազդեցությունը ենթագիտակցական է: «Ես անկարող եմ վերլուծել իմ գրածները: Դա ուրիշների գործն է», ասում է նա: Կոմպոզիտորը 200 սան ունեցող մի կոնսերվատորիայի տնօրենն է, երաժշտական միություններից մեկի նախագահը: Նա սիրում է մանկավարժությունը, բայց նաեւ համերգներ է տալիս: Ներկայումս նա ավարտում է աշխատանքը «Ամազոն» կամերային օպերայի վրաՙ ըստ Ժան Ժակ Վարուժանի խոսքերի: Օպերան կբեմադրվի 2002 թ. Կուրբվուայի «Կարպո» դահլիճում, ապա կներկայացվի ամբողջ Ֆրանսիայում: Ալեսյանը նաեւ մտադիր է ավարտին հասցնել Շեքսպիրին նվիրված իր ստեղծագործությունների շարքը:
ԱՐՄԻՆԵ ԱԶԻԶՅԱՆ-ԷԼԲԱԿՅԱՆ, Փարիզ