«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2001-04-17 | #71, 2001-04-18 | #72, 2001-04-19


«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Այս անունն է կրում օրերս առաջին համարը լույս ընծայած թարգմանական հանդեսը, որի հրատարակիչն է Հայաստանի գրողների միությունը: Ամսագրի գլխավոր խմբագիրն է Աշոտ Խաչատրյանը, որին օգնում է հինգ հոգուց բաղկացած խմբագրակազմը: Հանդեսը տպագրվում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հովանավորությամբ, հետեւաբար, առաջին համարի հենց սկզբում տպագրվել է ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Լեմոնի ողջույնի խոսքը:

Դրան հաջորդող խմբագրականում ասված է, որ յուրաքանչյուր քիչ թե շատ կիրթ մարդու համար բացառվում է թարգմանական պարբերականի անհրաժեշտությունը բացատրելը: Խմբագրականը ապշում է, թե «ինչո՞ւ (չհաշված մեկ-երկու կարճատեւ փորձերը) այդպիսի մի ամսագիր չի տպագրվել երբեք» ու գտնում, որ խորհրդային ժամանակաշրջանի «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագիրը, լինելով ռուսերեն ու վարչակարգի գաղափարախոսության պարտադրած սահմանափակումներին ենթակա, լիովին չէր կարող բավարարել հայ ընթերցողին (այստեղ հայտնենք, որ շնորհակալ գործ է կատարում նաեւ «Աստղիկ» թարգմանական ամսագիրը, որը Երեւանում լույս է տեսնում 1988 թ.-ից):

Հանդեսի առաջին համարում արտասահմանյան գրականության 17 հեղինակների գործեր են: Այստեղ են փարիզաբնակ արգենտինացի Խուլիո Կորտասարը, իռլանդացի Սեմյուել Բեքքեթը, ռուս Ալեքսանդր Պուշկինը, սերբ Միլորադ Պավիչը, Իոսիֆ Բրոդսկին, նաեւ ֆրանսիացի, բելգիացի, ամերիկացի ու այլ հեղինակներ, որոնց լուսանկարներն ու հակիրճ կենսագրականները տրվում են յուրաքանչյուր գործի սկզբում:

Ամսագրի բովանդակության առնչությամբ ունենք երկու նկատողություն: Առաջինըՙ ամերիկացի հեղինակները ինչո՞ւ են անջատվել մյուսներից. չէ՞ որ նրանք, մնալով ամերիկյան գրականության անբաժան մասը, պատկանում են նաեւ համամարդկային քաղաքակրթությանը: Երկրորդՙ հույս ունենք, որ հանդեսի հաջորդ համարներում տեղ կգտնեն նաեւ Ասիայի (17 հեղինակներից միայն մեկն է ասիացիՙ ճապոնացի Բյունոսկե Ակուտագավան), Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի հեղինակները, այլապես հանդեսը պարտավոր է իր անունը փոխելու «Արեւմտյան գրականության» կամ, ավելի ճիշտ, «Եվրա-ամերիկյան գրականության»:

«Մշակույթը, մասնավորապես գրականությունը, հաղորդակցության գերազանց միջոց է: Ազգությունների միջեւ մշակութային-կրթական փոխանակումները նպաստում են փոխադարձ հասկացողության, հանդուրժողության եւ բարեկամության հաստատմանը...»: Պրն Լեմոնի այս բնութագրմանը մենք կավելացնեինքՙ դրանք նպաստում են նաեւ տարբեր ժողովուրդների մշակութային փոխհարստացմանը, որն այսօր հարվածի տակ է դրվել հենց ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) մշակութային-քաղաքակրթական խելահեղ արշավի պատճառով: Չէ՞ որ ծիածանն իր գույներով է գեղեցիկ: Թող «Արտասահմանյան գրականություն» ամսագիրն էլ գեղեցկացնի մեր գորշ ներկան իր գրական բազմամշակութային գունագեղությամբ:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4