<20017202.jpg>
Արդյունաբերական ճարտարագետի մասնագիտությունըՙ իբրեւ Հայաստանի ապագա զարգացած տնտեսության անհրաժեշտ պայմաններից
Այս տարի նշվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրման 10 տարին: Այս առիթով մեր թերթի էջերում պարբերաբար կանդրադառնանք համալսարանի 10-ամյա ընթացքին եւ այդ ճանապարհին ձեռք բերած նվաճումներին:
Հայաստանի ամերիկյան համալսարանը գործում է 1991 թ. սեպտեմբերի 21-իցՙ գործարար ղեկավարման, սեյսմակայուն ճարտարագիտության եւ արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետներով: Հետագայում ծրագրերը դարձան ավելի բազմաբնույթՙ համալրվելով քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների, հանրային առողջապահության ու կառավարման, իրավագիտության եւ անգլերենի դասավանդումը որպես օտար լեզու ու նորաբացՙ ինֆորմացիոն եւ կապի տեխնոլոգիաների ծրագրերով: Ուսուցման այս ծրագրերի հիմքում ընկած է ազատ կրթության եւ ազատ մտքի մոտեցման սկզբունքը, որը հենվում է ճշմարտությունն անընդհատ զարգացման մեջ փնտրելու, որեւէ մեկ գաղափարի գերազանցությունը մյուսի նկատմամբ չընդունելու, մտածողության լայնախոհության վրա: Ծրագրերին համընթաց համալսարանում ստեղծվեցին ճարտարագիտական հետազոտությունների, գործարար կառավարման հետազոտման եւ զարգացման, հասարակական ուսումնասիրությունների, իրավագիտության, առողջապահական ծառայությունների հետազոտությունների կենտրոնները: ՀԱՀ-ում ուսման համար ստեղծված են նպաստավոր, հարմարավետ բոլոր պայմաններըՙ գրադարանային ժամանակակից բարձրակարգ սպասարկում, տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ:
ՀԱՀ-ը պատրաստում է բարձրակարգ մասնագետներ մեր երկրի համար. համալսարանն ավարտած 800 շրջանավարտների մոտ 80 տոկոսն աշխատում է հանրային եւ մասնավոր սեկտորի տարբեր կազմակերպություններում, 20 տոկոսը ցանկության դեպքում սովորում է արտասահմանումՙ մագիստրոսի կամ դոկտորի կոչման համարՙ Հայաստանում պարտադիր աշխատելու պայմանագրով:
1988 թ. երկրաշարժից հետո Հայաստանում սեյսմակայուն ճարտարագիտության գծով մասնագետների անհրաժեշտությամբ էր պայմանավորված ՀԱՀ-ի սեյսմակայուն ճարտարագիտության եւ արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետի բացումը: Արդյունաբերական ճարտարագիտության երկամյա, բազմաբնույթ ծրագիրը ուսանողներին հնարավորություն է տալիս զարգացնել եւ հարստացնել քանակական-վերլուծական կարողությունները, համակարգչային-համակարգային հմտությունները եւ կիրառական ղեկավարման գիտելիքները: Ֆակուլտետի ուսանողներին առաջարկվում է երկրորդ մասնագիտությունՙ գործարար ղեկավարում եւ ինֆորմացիոն ու ծրագրավորման տեխնոլոգիաներ:
Ֆակուլտետում դասավանդում են արտասահմանյան որակավորում ունեցող բարձրակարգ մասնագետներ, որոնք արտերկրի տարբեր համալսարանների աշխատանքային փորձ եւ հմտություններ ունեն, իսկ հիմնական դասախոսական կազմը հրավիրվում է ամերիկյան հանրահայտ համալսարաններից, որոնք անց են կացնում պարբերական դասընթացներ, ինչպես ճանաչված պրոֆեսորներ Դեն Թրիչը, Ռիչարդ Բերնարդը, Մարկ Կայզերը, Ռիչարդ Վուդսը, Ռաշպալ Ահլուվալիան, Պոլ Լյուն, Հունգ-Նյեն-Յանգը, Բարրի Լեւինը, Ջեյմս Ֆոլքը:
Որքանով է անհրաժեշտ արդյունաբերական ճարտարագետի մասնագիտությունն այսօր եւ որոնք են մեզանում բոլորովին նոր այս մասնագիտության բնորոշ առանձնահատկությունները: Այս մասին «Ազգին» հանգամանալի տեղեկություններ տվեց արդյունաբերական ճարտարագիտության ֆակուլտետի եւ ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտակ Համբարյանը:
- Արդյունաբերական ճարտարագիտությունը ներառում է տնտեսագիտության եւ արտադրական տեխնոլոգիաների կազմակերպման գիտությունը: Սա այն մասնագետն է, որ ժամանակակից արդյունաբերական հնարավորություններն անցկացնում է տնտեսագիտության պրիզմայով:
Հայաստանում մինչեւ անցած տարվա սկիզբն արդյունաբերությունը զարգանում էր դանդաղ տեմպերով: Այն սկսվեց սննդի արտադրությունից (կաթնամթերք, երշիկեղեն, մսեղեն, պահածոներ, հյութեր, հանքային ջրեր, կոնյակ եւ այլն)ՙ հենվելով տեղական շուկայի վրա: Անցած տարվա սկզբից սկսվեց զուտ արդյունաբերական տեխնոլոգիական արտադրությունը, եւ առաջիններից մեկը «Մշակ» ընկերությունն է, որը կարողացավ տեղական մեխանիկական գործիքների շուկային հավելել արտասահմանյան էլեկտրոնիկան, եւ իր արտադրանքը հաջողությամբ վաճառել թե՚ Ռուսաստանում, թե՚ Ուկրաինայում, թե՚ Պարսկաստանում: Մենք մշտապես կապ ենք պահպանում այդ ընկերության հետ եւ հետեւում ենք Հայաստանի արդյունաբերական զարգացումներին:
Այսօր մեր երկիրը գտնվում է տնտեսական զարգացման նոր փուլի շեմին. սկիզբը դեռ չի կայացել, բայց բոլոր նախադրյալները կան: (ալյումինի, լամպերի, հաստոցաշինական գործարանները, «Նաիրիտը», «Մշակ», «Սոլարեն» ընկերությունները եւ այլն): Մեր ուսումնական ծրագիրն արդյունաբերական հաստատությունների հետ պրակտիկ շփումներ է պարտադրում, եւ մեր ուսանողները սերտորեն առնչվում են այս գործարանների հետ, որոնց նախագծերը շատ օգտակար են լինում բազմաթիվ դեպքերում:
Հայաստանի արդյունաբերության զարգացմանը խոչընդոտող օբյեկտիվ պատճառներից բացի (էներգետիկ ճգնաժամի ֆակտորը այլեւս չի գործում, չնայած տրանսպորտային բարդություններ դեռ կան) զգացվում է բարձրորակ կադրերի պակաս: Այսօր գործող տարբեր բիզնեսների հետ Հայաստանին անհրաժեշտ է տեխնոլոգիական արտադրություն, որում արդյունաբերական ճարտարագետ մասնագետը կարեւոր դեր ունի: Արդյունաբերական ճարտարագետն ունի երեք հիմնական ֆունկցիաՙ կազմակերպել տնտեսական շահավետ ձեւով մրցունակ արտադրություն, ապահովել որակ եւ որոշել արտադրության ընդհանուր պրոցեսն արգելակող տեղամասը, գծային ծրագրավորման մեթոդներով օպտիմիզացնել ե՚ւ տեսականին, ե՚ւ պրոցեսըՙ նվազագույնի հասցնելով թե՚ ժամանակային, թե՚ նյութական կորուստները: Նրանք ընդունակ են կազմակերպել արտադրությունը, ապահովել բարձրորակ սպասարկումը, ներդրումների ճիշտ կատարումը: Մեր շրջանավարտները կարող են աշխատել արտադրություններում, սերվիսներում, բանկային համակարգում:
- Տեխնիկական ի՞նչ նոր հնարավորություններից կարող են օգտվել ձեր ուսանողները:
- Արդյունաբերական հիմնարկներում այսօր ամենամեծ հնարավորություններին տիրապետում են այսպես կոչված CAD-CAM համակարգերը, այսինքնՙ կոմպյուտերային նախագծումը եւ կոմպյուտերացված արտադրությունը: Սա ամենաբարձրակարգ ռոբոտիզացված արտադրությունն է, որը թույլ է տալիս նախապես օպտիմիզացրած եւ հաշվարկված, համակարգչի միջոցով կատարված նախագծերը միանգամից ուղարկել արտադրական միջավայր, որտեղ համակարգչային ղեկավարմամբ կարող են միանգամից արտադրանք տալ: Մենք ունենք CAD-CAM համակարգի համակարգչային մեկ լաբորատորիա: Համակարգչին կցված թվային կառավարումով հաստոցը տալիս է համապատասխան արտադրանքը: Ունենք նաեւ համակարգչային մեր հատուկ լաբորատորիան, հետազոտական կենտրոնի կոմպյուտերացված բազմաթիվ սենյակներ, որոնք օգտագործվում են ոչ միայն հետազոտական աշխատանքների, այլ նաեւ դասընթացների ժամանակ:
- Ձեր ֆակուլտետի ուսանողները հնարավորություն են ստացել տիրապետելու մի նոր մասնագիտության, ի՞նչ կասեք այս մասին:
- Բացի հիմնական մասնագիտությունից, մեր ուսանողները ունեն հնարավորություն մասնագիտանալու ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Այսօրվա արդյունաբերությունը կապված է տեխնոլոգիաների հետ, որոնց բացակայությամբ հնարավոր չէ ո՚չ պատվերների կատարումը, ո՚չ տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացումը, ո՚չ սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը: Այս մասնագիտությամբ ուսանողը հնարավորություն է ստանում ծառայելու որպես ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառություններն ընդարձակող եւ արտադրական պրոցեսներում ներդնող:
- Այս ամենով հանդերձ հնարավո՞ր է, որ ձեր շրջանավարտներն ունենան աշխատանքային պրոբլեմներ:
- Հիմնականումՙ ոչ: Նրանք աշխատում են ամենատարբեր խոշոր հիմնարկներումՙ բարձր աշխատավարձերով («Կոկա-կոլայում», կոնյակի գործարանում, «Մշակում», «Մարսում», «Տրանզիստորում», HSBC բանկում, «Սումիտոմո» ներկայացուցչությունում, «Էփիջիլապս», «Բրայանս» ծրագրավորման ընկերություններում):
Համալսարանում գործող շրջանավարտների կենտրոնն ուսումնասիրում է դրսի աշխատատեղերի պահանջները եւ տրամադրում մեր շրջանավարտներին:
Ընդհանրացնելով կարելի է ասել, որ ժամանակակից տնտեսությունները զարգացած երկրներումՙ լավ կառավարվող, կոմպյուտերիզացված, շատ դեպքերում գլոբալ ինտերնետ ցանցի անմիջական օգտագործումով, հիմնվում են բարձր տեխնոլոգիական արտադրությունների վրա: Սա թույլ է տալիս արագորեն որոշել շուկայական պատվերների սպեկտորը, կազմակերպել նրանց իրագործումը եւ առաքումը մրցունակ կերպով: Ցանկացած տնտեսության զարգացման տարբեր աստիճաններում միայն բուն տեխնոլոգիական պրոցեսներին տիրապետող եւ արտադրությունը տնտեսագիտական տեսանկյունից գնահատող մասնագետը կարող է ապահովել արտադրանքի որակ համաշխարհային մակարդակով: Նման մասնագետները գոյություն ունեն ժամանակակից ցանկացած արտադրական եւ սպասարկման ոլորտներում:
Հայաստանի ամերիկյան համալսարանի արդյունաբերական ճարտարագիտության եւ համակարգերի կառավարման շրջանավ արտներն են, որ կրելու են Հայաստանում նոր սկսվող արդյունաբերական զարթոնքի դժվարին եւ շնորհակալ գործընթացների հիմնական պատասխանատվությունը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ