«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2001-04-18 | #72, 2001-04-19 | #73, 2001-04-20


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կառավարության երեկվա նիստը վարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բնականաբար, լրագրողները նրան ուղղեցին բազմաթիվ եւ բազմաբնույթ հարցեր: Առաջին հարցը վերաբերում էր Հայաստանի տնտեսական զարգացման եռամսյակային ցուցանիշներին, որոնց Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր կառավարության նիստում:

- Արտահանման ծավալների աճը պահպանվել է: Ունենք 25 տոկոսից ավելի աճ: Արդյունաբերության մեջ ունենք 20 տոկոսից ավելի տնտեսական աճ: Այս ամենը հուսադրող է, եթե կարողանանք ակտիվ եւ հետեւողական աշխատանքը շարունակել ամբողջ տարվա ընթացքում:

- Քի Վեսթի բանակցությունների մասին ե՞րբ տեղեկատվություն կլինի ասպարեզում:

- Ավելին, քան ասվել է, ես չեմ կարող եւ իրավունք չունեմ ասելու:

- Հնարավո՞ր է փոփոխություն «Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման մասին» օրենքում:

- Սկզբունքային փոփոխության հնարավորություն ես այսօր չեմ տեսնում: Մեր խորհրդատու ընկերությունները, որոնք եւս ընտրված են մրցույթով եւ միջազգային համբավ ունեն, խորհուրդ չեն տալիս մեզ այդ փոփոխությունները կատարել: Խորհրդատվական ընկերությունը մեզ հետ պատասխանատու է գործարքի որակի համար:

- Ի՞նչ կարծիքի եք խորհրդարանական հնարավոր վերադասավորումների մասին:

- Ընդհանրապես կայունության կողմնակից եմ: Քաղաքական կայունության արդյունքները երեւում են տնտեսական դաշտում: Երեւի ժամանակն է, որ մեր ժողովուրդը գիտակցի, որ ապակայունացման կոչերով հանդես եկող մարդիկ կամ կազմակերպությունները խփում են մեր յուրաքանչյուր քաղաքացու գրպանին:

Եվ դա միայն Հայաստանում չէ: Տեսեք, թե Թուրքիայում ինչ կատարվեցՙ երկու պաշտոնյաների վեճը երկրի տնտեսությունն ինչ վիճակի բերեց: Մեզ մոտ քաղաքական անկայունությունը նշանակում է թոշակների ուշացում, բիզնեսումՙ գործարքների սառեցում:

- Ինչպե՞ս են ընթանում նյույորքյան ֆորումի նախապատրաստական աշխատանքները:

- Այսպիսի մեծ նախապատրաստական ծավալ ունեցող միջոցառում եւ այսպիսի համագործակցություն միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ չենք ունեցել: Համենայն դեպս, մեր գործընկերները գոհ են ընթացքից: Ես էլ եմ դրական համարում:

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող օրենսդրական որոշ փաստաթղթեր չեն ընդունվում խորհրդարանում:

- Պատգամավորական շրջանակներում գործում են անձնական շահերը: Հասարակությունը եւ մամուլն այստեղ իրենց խոսքը եւս պետք է ասեն: Պետությունը չի կարող թույլ տալ, որ անձնական շահերը գերադասվեն ընդհանուր շահերից:

- Կարծիք կա, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի նախագծում նախագահի լիազորություններն ուռճացված են:

- Համենայն դեպս, նախագծի վերջին տարբերակում ես նման բան չեմ տեսնում: Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը: Բայց որ քաղաքացիական ծառայությունը պետք է կարգավորվի, որեւէ կասկած չունեմ: Օրենքի բացակայությունը համարում եմ կոռուպցիայի առկայության ամենամեծ պատճառներից մեկը:

- Լինսի հիմնադրամի ծրագրերի մասին ի՞նչ կասեիք:

- Կցանկանայի շատ ավելի արագ ընթացք ունենայինք: Ավելի շատ ժամանակ կորցնում ենք իրավաբանական ձեւակերպումների վրա: ԱՄՆ-ում այս ավանդական մոտեցումն է. ավելի շատ ժամանակ կորցնենք ճիշտ ձեւակերպումների վրաՙ հետո ավելի քիչ գլխացավանք ունենալու համար: Ուղղակի մենք շատ ենք շտապում, ցանկանում, որ գործընթացն արագ լինի:

- Առաջիկայում կառավարության կազմում փոփոխություններ լինելո՞ւ են:

- Փոփոխություններ կատարելու հատուկ նպատակ չեմ տեսնում: Ընդհանուր վիճակը կայուն եմ համարում, դրական զարգացումներ կան, իսկ եթե ընթացքում առիթ տան, կլինեն նաեւ փոփոխություններ:

- Ղարաբաղի իշխանություններն ինչպե՞ս են գնահատում Քի Վեսթի բանակցությունները:

- Կարծում եմ, դրական են վերաբերվում: Համենայն դեպս, մեծ հակասություններ չկան:

- Ե՞րբ կներգրավվի ղարաբաղյան կողմն այդ բանակցություններին:

- Դժվարանում եմ գնահատել, թե երբ կարող է լինել:

- Ինչպե՞ս եք գնահատում Իրանի մասնակցության հարցը, որը արծարծվեց Քի Վեսթում:

- Խոսքը բանակցային ֆորմատի փոփոխության մասին չէ: Ես համարում եմ, որ այն այժմ ամենահարմարն է: Այստեղ հարցը Իրանին գործընթացին տեղյակ պահելու մասին է: Սա հայկական կողմի ջանքերի արդյունք է ինչ-որ տեղ:

- Ադրբեջանում հնչող գնահատականներին ինչպե՞ս եք վերաբերվում:

- Գնահատականները տարբեր են: Դա հասկանալի է: Բացատրություն չունեմ: Երեւի պետք է հարցնել ադրբեջանական կողմին:

- Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ասելիք ունե՞ք:

- Ծանր թեմա է: Այստեղ ասելիքներ կան, բայց ես մի քիչ կհամբերեմ եւ ասելիքս շատ լուրջ կասեմ:

- Հայաստանի համար գլխավոր հարցը Ղարաբաղի՞ խնդիրն է:

- Ղարաբաղի հարցը եւ տնտեսական զարգացումը: Մեկը մյուսի հետ շատ սերտ կապակցված են: Ղարաբաղի հարցի լուծումն անկասկած լուրջ խթան կլինի Հայաստանի տնտեսական զարգացման համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4