Նա հերքում է ՀՅԴ-ի կողմից իրեն ներկայացված մեղադրանքները
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը չդրժեց իր խոստումը եւ «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործով ապրիլի 19-ի դատական նիստում սկսեց ցուցմունքներ տալ ամենայն մանրամասնությամբ:
1965 թ. ծնված Նաիրի Հունանյանը հայտնեց, որ մինչեւ պատանեկությունն ապրել է Երեւան քաղաքի Վարդաշեն թաղամասում: Զբաղվել է բազմաթիվ մարզաձեւերով, պիոներ պալատում բազմաթիվ խմբակներ է հաճախել, ընթերցել է իրենց անձնական գրադարանի շուրջ 4000 կտոր գրքերը, դպրոցում կարգապահ է եղել: 1984 թ. ընդունվել է ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետը:
«Իմ ծնողների փոխհարաբերությունները բարդ ու հակասական են եղել, եւ ես կողմ եմ եղել, որ նրանք ամուսնալուծվեն: Այդ ժամանակ 22 տարեկան եմ եղել, արդեն դաստիարակված ու ձեւավորված», հայտնեց ամբաստանյալը: Նշեց, որ քրեական գործի նյութերում չի հանդիպել մի փաստի, որը հիմք տար մեղադրականում գրելու հետեւյալ միտքըՙ «Ընտանեկան կյանքի խեղումները ճիշտ չեն անդրադարձել Հունանյան եղբայրների դաստիարակության վրա»:
Ուսանողական տարիներին, ըստ ամբաստանյալի ցուցմունքների, ավելի շատ կազմակերպչական գործունեությամբ է զբաղվել եւ աչքի է ընկել իր ակտիվությամբ: 87-ին մասնակցել է գոյապահպանական շարժման ցույցերին, այնուհետեւՙ հանուն Արցախի շարժմանը, որին մասնակցել է նաեւ եղբայրըՙ Կարեն Հունանյանը: Այնուհետեւ համախմբել է ուսանողական շարժումը, Ազատության հրապարակի նստացույցի կազմակերպիչներից մեկն է եղել: Նշեց, որ Հայաստանի տարբեր կուսակցությունների եւ քաղաքական կյանքի դերակատարների հետ իր շփումները սկսվել են այդ շրջանիցՙ «Ղարաբաղ» կոմիտե, Իգոր Մուրադյան եւ այլք:
88-ին Տիգրան Նաղդալյանի, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Մանուկյանի, Վանո Սիրադեղյանի, Բաբկեն Արարքցյանի հետ առաջին անգամ Արցախ է գնացել, զբաղվել է տեղի կոմերիտմիությանը Հայաստանի ուսանողական շարժման մեջ ներգրավելով, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջին անգամ այնտեղ է հանդիպել: Այդ շրջանում է սկսվել ծանոթությունը նաեւ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հետ, 90 թ. հունվարի 5-ին ընդունվել է ՀՅԴ շարքերը, որի մասին ասաց. «Կուսակցությունը միջոց է եղել իմ նպատակներն իրագործելու համար»: Կուսակցության առաջին անդամագրվածներից մեկը լինելով, պատասխանատու է եղել կուսակցության գրադարանի եւ փաստաթղթերի ձեւակերպման համար: Զուգահեռաբար եղել է ՀՄԸՄ-ի վարչության ատենապետը:
Ամբաստանյալի ասելով, այս շրջանը իր քաղաքական ակտիվ գործունեության շրջանն է եղել, իբրեւ սկաուտ մի խմբով մասնակցել է Լոս Անջելեսի Նավասարդյան խաղերին, որոնց,ի թիվս այլոց, մասնակցել է նաեւ եղբայրըՙ Կարեն Հունանյանը, իբրեւ ՀՄԸՄ-ի խմբապետներից մեկը: Այստեղից ինքն ու Բագրատ Եսայանըՙ ՀՄԸՄ-ի ներկայիս ատենապետը, մեկնել են Աթենքՙ կազմակերպության բանակումին մասնակցելու համար: Այնուհետեւ 89 թ.-ին, «Ղարաբաղ» կոմիտեի բանտից ազատվելուց հետո, նրանց հետ քննարկել են ղարաբաղյան շարժման հարցը, բայց երբ նրանց կուսակցություն ստեղծելու մտադրությունն ի հայտ է եկելՙ մի կողմ են քաշվել: «ՀՅԴ-ի համագումարում հայտարարեցինք, որ ՀՀՇ-ի հետ ոչ մի կապ չունենք եւ դադարեցրինք գործնական շփումները», ասաց ամբաստանյալը:
Ն. Հունանյանը նշեց, որ լրագրողական աշխատանքը սկսել է ՀՅԴ-ի տեղեկատու կենտրոնում: 1991 թ. մարտին երկրորդ անգամ է եղել Աթենքումՙ ՀՄԸՄ-ի համագումարին մասնակցելու նպատակով եւ այդ օրերին առավել սերտ շփվելով ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի հետ, նրան ներկայացրել է ՀՅԴ-ի ներսում տիրող անառողջ մթնոլորտըՙ խմբակային շահերը, բախումները, ՀՅԴ ԳԽ խմբակցության եւ ԿԿ-ի ամենօրյա հակասություններն ու բախումները: Նրա ասելովՙ դա պատճառ դարձավ իր կուսակցական գործունեությունը 6 ամսով կանխակայելու եւ սկաուտական երեւանյան մասնաճյուղը լուծարելու համար այն ժամանակ, երբ ՀՄԸՄ-ի վարչության անդամ Էդվարդ Գրիգորյանը եւ սկաուտների խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը Շվեյցարիայում բանակցում էին Սկաուտների համաշխարհային լիգային անդամագրվելու համար: Կախակայման որոշումն ամբաստանյալն ապօրինի է համարում, որովհետեւ, իր ասելով, կանոնադրական խախտումով է ընդունվել: Նա դիտավորություն է տեսնում իրեն գողությանՙ 200 ԱՄՆ դոլար, մեջ մեղադրելու հարցում այդ պահին, քանի որ գումարը տալուց երկու տարի հետո են այդ մասին խոսել, բացի այդ նշեց, որ ԱՄՆ-ում 13 հոգով սնվել են ռեստորանում եւ 50 դոլար էլ ուրիշն է ավելացրել:
Ամբաստանյալն անդրադարձավ նաեւ դաշնակցականների երկրորդ մեղադրանք-վկայությանը, ըստ որի նրան կուսակցությունից հեռացրել են թուրքական գործակալությունների հետ կապեր ունենալու համար: Այս մեղադրանքն ամբաստանյալը հերքեց, ասելով, որ ինքը գրանցել էր «Հորիզոն» լրատվական գործակալությունը, որի աշխատակից Տիգրան Նազարյանը կապ է հաստատել «Հյուրիեթի» մոսկովյան գրասենյակի հետ: Գործակալությունն աշխատել է 2 ամիս եւ գործունեությունը դադարեցվել է էներգետիկ ճգնաժամի պատճառով: Վերադառնալով կուսակցությունից իր հեռացման պատճառներին, նա նշեց, որ ՀՅԴ անդամների ներկայացրած պատճառաբանությունները չեն հաստատվում քր. գործում տեղ գտած շրջաբերականով եւ հեռացման որոշումով, սակայն չհայտնեց, թե ինչ էր գրված այնտեղ իրականում:
Ամբաստանյալն իր ցուցմունքները կշարունակի երկուշաբթի օրը: Նա արդեն դատապաշտպան ունի. ՀՀ փաստաբանների միության անդամ Արտավազդ Կարապետյանը հրավիրվել էր դատարանի կողմիցՙ պետպաշտպանության կարգով: Ամբաստանյալին ուսումնասիրելու նպատակով գործում ընդգրկվել է երկրորդ հոգեբանըՙ Ռուբեն Աղուզումցյանը, դարձյալ ԵՊՀ-ի հոգեբանության ամբիոնից: