«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2001-04-18 | #72, 2001-04-19 | #73, 2001-04-20


ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԵՆ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՐՑՈՒՄ

1915-ի ցեղասպանության 86-րդ տարելիցի նախաշեմին

ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան Ռամկավար ազատական կուսակցությունն ավանդաբար անդրադառնում էՙ ամենամյա միջոցառումներ կազմակերպելով: Այս տարին եւս բացառություն չէր. օրերս Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Մեծ եղեռնի 86-ամյակին նվիրված երեկո:

Երեկոյի բացման խոսքը ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանինն էր: Հայոց ցեղասպանության հարցում կուսակցության դիրքորոշումն ու քաղաքականությունը մանրամասնելովՙ նա նշեց, որ «ՌԱԿ-ն իր հիմնադրման առաջին իսկ օրվանից մինչ այժմ հավատարիմ է Հայ դատինՙ այդ խնդիրը դասելով կարեւորագույնների շարքին»: Կուսակցության արտերկրի ներկայացուցիչներն իրենց ուժերի ներածին չափով նպաստում են հարցի ավելի ու ավելի հրապարակայնացմանըՙ քարոզչական ու լոբիստական գործունեություն ծավալելով: Հավաստիացնելով, թե կուսակցությունն այսուհետ էլ հետեւողական է լինելու ցեղասպանության խնդրի առնչությամբՙ Ռուբեն Միրզախանյանը հավելեց, որ ՌԱԿ-ի նախաձեռնություններն ու գործողությունները վերոհիշյալ հարցում առավել ծավալուն, նպատակային բնույթ կկրեն, քանզի Աթենքում օրերս կայացած 22-րդ ընդհանուր պատգամավորական ժողովում Ռամկավար ազատական կուսակցությունը հարթել է անցյալում գոյություն ունեցող բոլոր ներքին տարաձայնությունները: Պատգամավորական ժողովը որակելով որպես միավորիչՙ ՀՌԱԿ ատենապետը նշեց, որ այդ ձեռքբերումը դրական մեծ անդրադարձ կունենա կուսակցության հետագա գործունեության վրա:

Այնուհետեւ ներկաներին օրհնության խոսք ուղղեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպս. Կճոյանը:

Օրվա բանախոսի դերը վստահված էր ՌԱԿ փոխատենապետ, Երեւանի պետհամալսարանի պատվավոր դոկտոր Երվանդ Ազատյանին: Վերջինս իր զեկույցում պատմական ընդարձակ մի անդրադարձ կատարեց ոչ միայն դարասկզբի մեծ ոճրին, այլեւ այդ ոճիրը գնահատեց որպես տրամաբանական ու գուշակելի մի հանգուցալուծում, որ պիտի հաջորդեր 19-րդ դարի վերջին թուրքերի իրականացրած հայկական մեծ ու փոքր ջարդերին: Թուրքիան պիտի լուծեր հայկական հարցը, եւ այսօրվա տեսանկյունիցՙ շուրջ 9 տասնամյակի հնությամբ, ավելի քան ակնհայտ է, որ Թուրքիան այլ «ելք» չուներ, քան մարդկության պատմության մեջ չտեսնված մի ոճիր իրականացնելը: Բանախոսն իր ելույթում հիշատակեց եւս մի հարց. ի վերջո, որքա՞ն է եղել Արեւմտյան Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների ընդհանուր թիվը 1915-ի ջարդերի նախօրեին: Այս կապակցությամբ Երվանդ Ազատյանը վկայակոչեց Պոլսի պատրիարքարանի (քանզի մարդահամարներ չէին անցկացվում), այդ ժամանակահատվածում հրապարակած մի տվյալ, որի համաձայն հայերի թիվը Թուրքիայում կազմել է 2,5 մլն: Այս թիվն էլ, սակայն, կարելի է վիճարկել մեկ այլ տվյալով, որ արտահայտվել է Լոզանի դաշնագրի կնքման նախաշեմին. հայերի թիվն Արեւմտյան Հայաստանում կազմել է 3 մլն: Ինչեւէ, սա որեւէ կերպ չի փոխում 1,5 մլն զոհի առկայության փաստը: «Սակայն չմոռանանք, որ այդ ժամանակաշրջանում հայերը նաեւ կռիվներ են մղելՙ անհավատալի, անհավասար ուժերով, ինքնապաշտպանական հերոսամարտեր», նշեց բանախոսը: Ապա նա խոսեց մերօրյա իրականությունիցՙ արձանագրելով, որ ներկայումս Հայ դատը գտնվում է մի փուլում, երբ առաջնային կարեւորություն են ձեռք բերել գիտական ուսումնասիրություններն ու քարոզչական աշխատանքը: Այս առումով չափազանց ակտիվորեն են գործում ամերիկաբնակ թուրքերը, որոնք ամերիկյան մամուլը պարբերաբար «հեղեղում» են 1915-ի պատմական իրադարձությունները խեղաթյուրող հրապարակումներով ու վերլուծություններով: Դետրոյթաբնակ Երվանդ Ազատյանը, լավատեղյակ լինելով իրավիճակին, այնուհետեւ հավելեց նաեւ, որ հրապարակումների ձեւով արտահայտվող այդ քարոզչությանը վերջերս սկսել է արժանի հակահարված տալ հայկական կողմը: Բանախոսն այնուհետեւ անդրադարձավ ԱՄՆ նախագահ Բուշի նախընտրական խոստումներինՙ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ. խոստումներ, որոնք այդպես էլ անկատար մնացին: Փոխարենը քաղաքակիրթ երկրներՙ հանձին Եվրոպայի, յուրատեսակ արշավ են սկսել Թուրքիայի դեմՙ Եվրամիությանը «մոտ չթողնելու». այդ պատճառով է նաեւ, որ եվրոպական մի քանի երկրների կողմից հայերի ցեղասպանության ճանաչման հարցը վերջին շրջանում նկատելի առաջընթաց է ապրել: Միաժամանակ ոմանք անընդհատ արծարծում են այն միտքը, որ հայերը, 1915-ի ցեղասպանության համընդհանուր ճանաչման դեպքում, Թուրքիային չպիտի ներկայացնեն հողային կամ նյութական փոխհատուցման որեւէ պահանջ, ինչին բանախոսը կտրականապես դեմ արտահայտվեց: Երվանդ Ազատյանի անխախտ համոզմամբՙ այդուհանդերձ պետք է չդադարեցնել քարոզչական աշխատանքը. «Հատկապես հիմա, երբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, նախագահ Քոչարյանի դիրքորոշման շնորհիվ, հստակ ուղի է որդեգրելՙ հայերի ցեղասպանության ճանաչմանը հասնելը դարձնելով թիվ 1 հարց», եզրափակեց բանախոսը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4