<20017301.jpg>
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գործարարների կողմից Հայաստանից որպես «կենդանի ապրանք» այլ երկրներ տարվող առաջին հնագույն մասնագիտության ներկայացուցիչ կանանց թիվը հաշվվում է հազարներով: Հիմնականում կանանց տանում են Արեւելքՙ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները: Եվրոպական ուղղությամբ հոսքը գրեթե երեք անգամ փոքր է: Նման մատակարարումների որոշ մեխանիզմներ են բացահայտվել Միգրացիայի միջազգային վարչության ուսումնասիրությունների շնորհիվ:
Սակայն, ինչպես նշեց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը, դժվար է որոշել կանանց առեւտրի իրական մասշտաբները, քանի որ այդ բիզնեսը բացարձակապես անլեգալ է:
Այդ բիզնեսով զբաղված կանանց նշանակալի մասը գյուղաբնակներ են, հաճախՙ շատ երիտասարդ: Երեւանում նրանք հայտնվում են այն ֆիրմաների տեսադաշտում, որոնք «կենդանի ապրանքի» արտահանությամբ են զբաղվում լեգալ բիզնեսի ցուցանակի տակ, մասնավորապեսՙ տուրիստական կամ երկրից դուրս աշխատանքի տեղավորման: Կանանցից ոչ մեկը չի պատկերացնում, թե ինչ է սպասում իրեն: Փորձագետներն այս եզրակացությանն են հանգել շատ հարցվածների հետ զրուցելուց հետո: Օտար երկիր ժամանելուց հետո նրանցից, որպես կանոն, վերցնում են անձնագիրն ու փողը: Հաճախ լինում են դեպքեր, երբ նրանց բառացիորեն վաճառում են ստրկության: Երբեմն նրանք անհետ կորում են, եւ միայն վերադարձածների պատմածներով կարելի է պատկերացնել, թե ինչ է պատահել նրանց հետ, ովքեր չեն վերադարձել: Նրանց մեջ քիչ չեն անչափահասները: Կանանց որոշ մասը վերադառնում է փողով եւ պատմում, թե որքան հեշտ կարելի է այդ փողերն աշխատել: Հավատալով, նորանոր զոհեր են ճանապարհվում «փող աշխատելու»: Իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր վերադառնում են ծանր հիշողություններով, ապա հաճախ նրանք վախենում են ասել, թե ինչ է կատարվել իրենց հետՙ չվստահելով ոչ մեկի:
Թե այդ բիզնեսով հատկապես որ ֆիրմաներն են զբաղվումՙ շատ դժվար է իմանալ. ինչպես եւ ամենուր, այդ բիզնեսը կարող է գոյություն ունենալ միայն որոշակի կառույցների հովանավորության ներքո: Իսկ կանայք իրենք չեն գովազդում իրենց զբաղմունքը:
Սոցիոլոգներն ուշադրություն են հրավիրում լրատվամիջոցներում այդ թեմայի փակ լինելու վրա, ինչը նպաստում է նման ֆիրմաների անլեգալ գործունեությանը եւ նոր զոհերի հայտնվելուն: Խնդիրը կա, եւ այդ մասին պետք է բարձրաձայնել, կարծում է Գեւորգ Պողոսյանը: «Թեկուզեւ մեկ կնոջ փրկությունը, եթե նա վարանի եւ չմեկնի, արդեն կարելի է նվաճում համարել», հայտարարեց նա: