«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2001-04-18 | #72, 2001-04-19 | #73, 2001-04-20


ՀԱՆՐԱՀԱՎԱՔՙ ԸՆԴԴԵՄ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ

<20017302.jpg>

«Ամոթ Անդրանիկ Մարգարյանին», «Ամոթ ՀՀ կառավարությանը», «Ամոթ պատգամավորներին», «Իշխանությունը հակաժողովրդական է», «ՀՀ-ն ճիզվիտային կազմակերպությունների թելադրանքն է կատարում», «ԱՄՆ դեսպանությանը դուրս շպրտել հայրենիքից», նման եւ ավելի սուր որակումներով, կարգախոսներով, բացականչություններով, ելույթներով երեկ Ազատության հրապարակում ցույց էր կազմակերպվել ընդդեմ էլեկտրական բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման: 33 հայտնի եւ անհայտ հասարակական քաղաքական կազմակերպություններ, որոնք ներկայացնում են քաղաքական ներկապնակի ձախ կողմի գույները, ինչպես նաեւ շուրջ 10 հազար ցուցարարներ վերջին փորձերն են գործադրումՙ հավատալով, թե հնարավոր է, ուշ չէ կանխել «ազգակործան գործընթացը»ՙ ԲԷՑ-երի վաճառքը AES «Silk Road» ամերիկյան կազմակերպությանը, որը «հարեւան Վրաստանում ավերել է երկրի էներգահամակարգը»:

ԳիԱրՔՄի-ից Ա. Աղամալյանը նշեց, որ «գործարքն իրականացվում է միջազգային կազմակերպությունների թելադրանքով, սակագներն ավելի են բարձրացվելու, արտագաղթը մեծ ծավալների է հասնելու»: Ցույցը հավասարապես ուղղված էր ԲԷՑ-երի սեփականաշնորհման եւ ՀՀ կառավարության դեմ: Ելույթ ունեցան քաղաքական դաշտում ոչ անհայտ գործիչներ. Արշակ Սադոյանը (նախկին ԱԺՄ), կոմունիստ Խորեն Սարգսյանը, դեմոկրատ Արամ Սարգսյանը եւ այլն: «Հայկանդուխտից» Արմենուհի Ղազարյանը հիշեցրեց վարչապետիՙ ծառատունկի ընթացքում ասած խոսքերը. «Ամեն մարդ իր փոսն է փորում», ինչ է մնում ժողովրդի՞ն... Ժողովուրդն ասացՙ ճիշտ է, առա՚ջ: Ըստ տկն Ղազարյանի, «գնվել են պատգամավորները, կառավարության անդամները, Վարդան Խաչատրյանը»: Ելույթներում նշվեց, թե «Անդրանիկ Մարգարյանը մեր բոլոր վարչապետներից ամենատկարն է», «այս ազգադավ գործարքի պատճառով նրա անունը պետք է գրվի Գինեսի գրքում որպես հայ ժողովրդի թշնամու»: «Ժողովրդի կողմից ընտրված ԱԺ-ն համարվեց հակաժողովրդական, իսկ «Արմեն Խաչատրյանի անունը պետք է գրվի Կարմիր գրքում, որպեսզի սերունդներն իմանանՙ մարդկային ցեղի մեջ այսպիսի տեսակ էլ է եղել»:

Հաջորդ հանրահավաքը կկազմակերպվի վաղը, այս անգամ կառավարության շենքի դիմաց:

Ձախ ուժերը ինքնադրսեւորվելու առիթ են գտել:

Սեփ. լրատվ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4