«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2001-04-18 | #72, 2001-04-19 | #73, 2001-04-20


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՉԻ ՎԵՐԱԲԵՐԵԼՈՒ

Խորհրդարանական ուժերի ղեկավարները հանդիպեցին նախագահին

Քի Վեսթ մեկնելուց առաջ քաղաքական ուժերի եւ նախագահի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել բանակցություններից վերադառնալուց հետո դարձյալ հանդիպել: Խնդիրը կարեւորվում էր նրանով, որ ինֆորմացիայի բացակայության պատճառով քաղաքական ուժերը չէին կարողանում որեւէ մեկնաբանություն ու դիրքորոշում հայտնել բանակցային գործընթացի վերաբերյալ: Երեկ մոտ երկու ժամ տեւած հանդիպումից հետո նախագահի նստավայրից դուրս եկող խորհրդարանական խումբ-խմբակցությունների ղեկավարների կցկտուր խոսքերից պարզ դարձավ, որ գոնե մոտ ապագայում հարցը հասարակական քննարկման առարկա չի դառնա: Սակայն պետք է նշենք, որ չնայած ակնհայտ գաղտնապահությանը, հանդիպման մասնակիցների տրամադրությունն ընկած չէր: Ավելին, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի խոսքերովՙ «գլոբալ իմաստով մենք մտահոգվելու բան չունենք», ըստ կուսակցության ղեկավարի, նախագահի հետ հանդիպման ընթացքում պարզ է դարձել, որ եռանախագահողները բավականին պատրաստ են եղել բանակցություններին, որոնց մասնակցել են նաեւ փորձագետներ, ընթացել է աշխույժ բանակցային գործընթաց: Եվ Արթուր Բաղդասարյանը, եւ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հավատացնում են, որ Հայաստանի սահմաններին ղարաբաղյան կարգավորման խնդիրն ուղղակիորեն չի վերաբերելու: «Միասնության» ղեկավարը տեղեկացրեց, թե իրենց հարցադրումները հանրապետության նախագահին հետագա քննարկումների տեխնոլոգիայի մասին էին եւ «նորից այն համոզմունքը կար, որ բանակցություններում առաջընթաց կա»:

Հետաքրքիր էր Սահակյանի այն միտքը, թե հունիսին Ժնեւում ոչ թե ստորագրվելու է եռանախագահողների ներկայացնելիք չորրորդ տարբերակ-առաջարկը, այլ ուղղակի այն քննարկվելու է: Այս տեսակետից ղարաբաղյան խնդրի կարգավորման կոնկրետ ժամանակացույց չի հստակեցվում: Ըստ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի, հնարավոր է, որ այս տարվա ընթացքում հարցը վերջնական լուծում ստանա: Դա կախված կլինի միայն բանակցային հետագա գործընթացից եւ ժնեւյան ծրագրից, որի մասին նախագահը խորհրդարանականներին ոչինչ չի ասել: Չի քննարկվել նաեւ բավականին կարեւոր այն հարցը, թե արդյոք Ժնեւում կամ որեւէ փուլում Ղարաբաղը կդառնա՞ բանակցային կողմ:

Հանրապետության նախագահը հայտնել է նաեւ, որ ռուսական կողմը երբեւէ չի դադարեցրել իր ակտիվ գործունեությունը Մինսկի հանձնաժողովի շրջանակներում: Այդ են վկայել Քի Վեսթում Մոսկվայի եռանդուն աշխատանքները:

Ինչպես կարելի է նկատել, հասարակության համար եղած տեղեկատվությանը ոչինչ առարկայական չի ավելացել: Այդպես էլ պարզ չդարձավ, թե որքանո՞վ է ներկա բանակցային գործընթացը համընկնում Հայաստանի առաջադրած երեք առաջնային սկզբունքներիՙ Ղարաբաղի կարգավիճակի, ժողովրդի անվտանգության երաշխիքների եւ հաղորդակցության միջոցների անխափանելիության շրջանակներին: Պարզ չէ նաեւ, թե ինչ չափով են կողմերի վրա ճնշումներ եղել եւ կամ հատկապես ինչ աստիճանով է արտահայտվելու Իրանի ներքաշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4