«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2001-04-18 | #72, 2001-04-19 | #73, 2001-04-20


«ԻՏԵՌԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԳԱԶԻ ԳԻՆՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԲԱՐՁՐԱՑՆԻ

«Իտեռա» ընկերությունն Ադրբեջանին տրվող գազի գինը 48 ԱՄՆ դոլարից բարձրացրել է 52-ի (1000 խմ): Ընկերության մամլո ծառայության ղեկավար Նիկոլայ Սեմյոնենկոն «Մեդիապրես» գործակալությանն ասել է, թե «Իտեռան» Թուրքմենստանից նախկին 40 դոլարի փոխարեն 1000 խմ-ը գնում է 42 դոլարով, բացի այդ «Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Ռուսաստանը տարանցիկ վճարումները բարձրացրել են»:

«Մինչեւ տարեվերջ «Իտեռան» Ադրբեջանին կմատակարարի 3,6 մլրդ խմ գազ: Այսօր մենք պատրաստ ենք Ադրբեջանին վաճառել այնքան գազ, որքան պահանջվում է: Առավել եւս, որ Ադրբեջանը, ի տարբերություն այլ գազ ներմուծող երկրների, վճարումները կատարում է շատ պարտաճանաչ ձեւով», ասել է Սեմյոնենկոն:

Հայաստանի պարտքը «Իտեռային» 2001 թ. ապրիլի 11-ի դրությամբ կազմում է 19.95 մլն դոլար, որից 7,2 մլն-ըՙ մինչեւ 2000 թ. մատակարարված գազի պարտքն է, 2,25 մլն-ըՙ «Իտեռա» ընկերության «Հայռուսգազարդի» հիմնադիր կապիտալում Հայաստանի փոխարեն ներդրած գումարն է, 1,7 մլն-ըՙ 2001 թ. հունվարին մատակարարված գազի դիմաց պարտքն է: Բացի այդ, 1999-2001 թթ. կուտակվել է 9 մլն դոլարի ապրանքային պարտք: Հայաստանը «Իտեռային» վճարում է 50 տոկոսը տարադրամով, 50 տոկոսըՙ ապրանքների տեսքով:

Հիշեցնենք, որ «Իտեռան» հայ-վրացական սահմանագլխին Հայաստանին գազը վաճառում է 1000 խմ 53 դոլարով (ռուս-վրացական սահմանագլխին արժե 46 դոլար, այսինքնՙ 7 դոլարը վճարվում է որպես տարանցիկ երկրի հարկ Վրաստանին):

«Հայռուսգազարդի» հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Սուրեն Վարդեւանյանը «Ազգին» տեղեկացրեց, որ Հայաստանին մատակարարվող գազի գների բարձրացման մասին առայժմ խոսք լինել չի կարող:

Ավելացնենք, որ «Իտեռան» Վրաստանին գազ է վաճառում 1000 խմ 48 ԱՄՆ դոլարով:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4