«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2001-04-18 | #72, 2001-04-19 | #73, 2001-04-20


ԽՈՇՈՐ ԵՎ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԼԻՆԵՆ

Ինչո՞ւ են հաշվետու թողարկողները խուսափում գրանցվելուց

Դեռեւս վաղ է խոսել «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքի ազդեցության իրական արդյունքներից, սակայն ակնհայտ է, որ դրա դրույթներն աստիճանաբար սկսում են կենսագործվել: Եվ պետք է նշել, որ այդ գործընթացը հարթ եւ առանց դիմադրությունների չի ընթանում: Ճիշտ է, չի կարելի համեմատել խորհրդարանում օրենքի ընդունման երկարատեւ եւ բազմաչարչար գործընթացի հետ, այնուամենայնիվ, լուրջ խնդիրներ այժմ առաջանում են: Այս պահին դրանք ծագել են կապված տնտեսվարող սուբյեկտների (որոնք բավարարում են օրենքի պահանջներին եւ համարվում են հաշվետու թողարկողներ)ՙ արժեթղթերի պետական հանձնաժողովում կամ Հայաստանի ֆոնդային բորսայում գրանցման հետ: Գրանցման նպատակն ընկերությունները հասարակության համար թափանցիկ եւ ներդնողների համար վստահելի դարձնելն է: Ի՞նչ տեղեկություններ պետք է հրապարակի տնտեսվարող սուբյեկտը գրանցվելիս եւ ինչո՞ւ է դժկամությամբ գնում այդ քայլին: Այս հարցերի շուրջ զրուցեցինք ՀՀ արժեթղթերի պետական հանձնաժողովի անդամ Արծվի Մինասյանի հետ:

Գրանցման ժամանակ հրապարակվող տեղեկությունները կարելի է բաժանել մի քանի բաժինների: Թերեւս ամենակարեւորը ընկերության սեփականատերերին վերաբերող տվյալներն են: Ըստ օրենքի, պետք է հայտնի լինեն ընկերության խոշոր (20 տոկոս եւ ավելի բաժնետոմսեր ունեցող) եւ նշանակալի (10 տոկոս եւ ավելի) բաժնետերերը, թե նրանք ի՞նչ մասնակցություն ունեն այլ ընկերություններում, ունենալու դեպքում ինչպես է բիզնեսն այդ ընկերություններում: Հաջորդը ընկերության կառավարման մասին տեղեկություններն են: Պետք է ներկայացվի, թե ովքեր են ղեկավարում ընկերությունը, ինչպիսի փորձ եւ անցած ուղի ունեն նրանք: Օրինակ, եղե՞լ են դեպքեր, երբ նրանք ղեկավարել են այլ հիմնարկ, որը լուծարվել կամ սնանկացել է: Գրանցվելիս տնտեսվարող սուբյեկտը պետք է տեղեկություններ ներկայացնի նաեւ ընկերության ակտիվների եւ դրանց արդյունավետության, իր նկատմամբ դատական կամ պետական այլ մարմինների հարուցած կամ իրականացրած վարույթների մասին: Ապագա ներդնողը պետք է տեղյակ լինի, թե ինչ տնտեսական կամ քաղաքացիական-իրավական պատասխանատվության է ենթարկվել տվյալ ընկերությունը, որպեսզի գնահատի, թե ինչ վնասներ ինքը կարող է ունենալ: Արժեթղթերի քանակին եւ ներդնողների իրավունքներին առնչվող տվյալները թույլ կտան վերջիններիս նախապես տեղեկանալ, թե ինչ իրավունքներ են նրանք ձեռք բերում, ինչպիսի մեխանիզմներով են դրանք պաշտպանվում:

Բնական է, որ վերոնշյալ տեղեկությունների ամբողջությունը ներկայացնելու օրենքի պահանջը, մեղմ ասած, ոգեւորությամբ չի ընդունվում հաշվետու թողարկող համարվող մեր տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների կամ սեփականատերերի կողմից: Նրանք սովոր են այն մտայնությանը, որ ընկերությունը միայն իրենցն է, իսկ փոքր բաժնետերերը միայն ոտքի տակ են ընկնում եւ խանգարում, հետեւաբար նրանցից ամեն կերպ հարկ է ազատվել: Այդ պատճառով նրանք չեն ցանկանում ներկայացնել ընկերության ակտիվների եւ պարտավորությունների իրական պատկերը, քանզի փոքր բաժնետերերը հնարավորություն են ստանում ընդհուպ դատական կարգով պաշտպանելու իրենց իրավունքները: Սա, թերեւս, գրանցման ցանկություն չունենալու հիմնական պատճառն է, որից բացի Արծվի Մինասյանը նշեց մեկ այլ պատճառ: Դա փաստաթղթերը ներկայացնելու ձեւը չիմանալն է, ինչի ուղղությամբ պետական հանձնաժողովը թողարկողների համար անց է կացրել սեմինարներ եւ այլ միջոցառումներ: Այնուամենայնիվ հարց է առաջանում, թե ի՞նչ պատասխանատվություն պետք է կրեն այն ընկերությունները, որոնք չեն ցանկանա գրանցվել: Այս դեպքում, ինչպես հայտնեց արժեթղթերի պետական հանձնաժողովի ներկայացուցիչը, հանձնաժողովը նախ լսումներ կկազմակերպի չգրանցման պատճառի շուրջ եւ հնարավորություն ու ժամանակ կտրամադրի այդ խախտումը վերացնելու համար: Եթե այդ կարգադրությունն էլ չկատարվի, նախ լուրջ տուգանքներ կնշանակվեն (մինչեւ 2 մլն դրամ), այնուհետեւ շարունակելու դեպքում տվյալ ընկերությունը դատական պատասխանատվության կկանչվի:

Արծվի Մինասյանը տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ նախատեսված է գրանցել մոտ 500 ընկերություն: Դրանք կլինեն այն ընկերությունները, որոնք անկախ կազմակերպական-իրավական տեսակից կունենան բաժնետոմսեր կամ պարտատոմսեր եւ 50-ից ավելի սեփականատեր: Բնականաբար, այդ ընկերությունների գերակշիռ մասը բաց բաժնետիրական ընկերություններ են: Համաձայն սահմանված ժամանակացույցի, նախ կգրանցվեն 50 մլն դրամ եւ ավելի, այնուհետեւ 25 մլն դրամ եւ ավելի, ապա 5 մլն դրամ եւ ավելի ակտիվներ ունեցող ընկերությունները: Հանձնաժողովի նպատակը վերջիններիս օրենսդրական դաշտ բերելն է եւ ներդրումներ ներգրավելու հնարավորություններ ստեղծելը: Այս գործընթացը խրախուսելու նպատակով որոշվել է այս տարի անցկացնել մրցույթ եւ ընտրել 5 օրինակելի թողարկողներին, որոնց ներկայացված տեղեկությունների փաթեթը կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Այդ ընկերություններն արժեթղթեր կթողարկեն ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս վաճառելու եւ մեծ կապիտալ ներդրումներ ներգրավելու համար:

Սակայն մինչ այդ մեզ հետաքրքրում էր եւս մեկ տեխնիկական բնույթի հարցՙ իսկ ինչպե՞ս եւ որտե՞ղ է բաժնետերը ծանոթանալու ընկերությանը վերաբերող տեղեկություններին: Մեր զրուցակիցը նշեց, որ հանձնաժողովը կստեղծի գրադարանի նման մի կառույց, որտեղ շահագրգիռ անձին կտրամադրվեն այդ տեղեկությունները: Ճիշտ է, սկզբնական շրջանում բաժնետերը պետք է վճարի իրեն անհրաժեշտ փաստաթղթերի պատճենահանման համար, բայց հետագայում հնարավորություններ կստեղծվեն տեղեկությունների անվճար տրամադրման համար:

Այսպիսով, կարող ենք արձանագրել այն գլխավոր փաստը, որ սկսում է առարկայանալ այս ոլորտում: Դա «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքով սահմանված մեխանիզմների ստեղծումն է, որտեղ այս կամ այն անձի սուբյեկտիվ գործոնը դեր չի կարող խաղալ: Իսկ այդ մեխանիզմների ստեղծումը լավագույն երաշխիքներից մեկն է քաղաքակիրթ շուկայական տնտեսության կայացման ճանապարհին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4