«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2001-04-18 | #72, 2001-04-19 | #73, 2001-04-20


ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

Արսեն Առաքելյանի «Սովորական բնազդ» ֆիլմը

Տարիներ առաջ Մհեր Մկրտչյանը մի բան ասաց. «Ի՞նչ ենք կորցրել... Սերն ենք կորցրել»:

Այսպես է. իրար սիրող, միմյանցով սքանչացողներս կամաց-կամաց սովորեցինք իրար ատել ու չսիրել ոչինչ: Ահազանգ խփողները եղել են, կան ու կլինեն: Նրանցից մեկն էլ երիտասարդ ռեժիսոր Արսեն Առաքելյանն է, որի նորՙ «Սովորական բնազդ» ֆիլմի պրեմիերան կայացավ կինոյի տանը: Մի նուրբ նովել է ստեղծել երիտասարդ սցենարիստը, Օ՜ Հենրիի նովելների հանգույն մի գործ. միայնակ մնացած ծեր ուսուցիչը ճագար է տուն բերում, որովհետեւ... Որովհետեւ աշխարհիս մեծագույն դժբախտությունը միայնությունն է: Ծեր մարդն իրե՞ն է փրկում, ճագարի՞ն, մեզ բոլորի՞ս է զգուշացնում: Ամեն դեպքում մարդկային առաքինություններից թեւաթափվող մեր դաժան ժամանակներում մի մարդ ու մի ճագար փրկվում են: Թեեւ իր հիշողության մեջ մնացել է մոր խոսքը. «Տանը ճագար չեն պահում»: Բայց եթե տանը որդին չի պահվում, բայց եթե որդին իր կնոջ եւ երեխաների հետ միայնակ մնացած հորը հիշում են միայն նրա ծննդյան օրը եւ այդ օրը նշում են ժամանակակից ձեւով, այսինքն անգլերենով ու տորթի վրա վառվող մեկ-երկու մոմով, ապա նախկին մանկավարժ ընկեր Մանուկյանն ինքն իրեն մխիթարում է իր գտած-գնած-բերած ճագարով: Սակայն որդին ու որդու ընտանիքն իրենց բերած մի փոքրիկ տորթը եւ պստիկ-բարակ մեկ-երկու մոմը քիչ են համարում ու հոր տոնական սեղանը ավելի ճոխ դարձնելու համար որոշում են... մորթել հոր ճագարը եւ տապակել: Այսպիսի գեշ ուտել հազար տարի չէինք տեսել, այսպիսի դաժան տարեդարձ հարյուր հազար տարի չէր եղել: Այս ի՞նչ ենք դարձել... Ու ցավից նախկին մանկավարժը լոկ իր բռունցքն է սեղմում: Նույնիսկ այսպիսի դաժան հարված ստանալով, մարդը չի կարող, չի ուզում ճչալ, որեւէ չար խոսք ասել որդուն, հարսին, թոռներին: Չի կարող, որովհետեւ սիրում է նրանց, որովհետեւ իր սերն անձնազոհություն է, որովհետեւ ինքն առանց սիրո չի կարող ապրել...

Ժամանակի իմաստով փոքր այս գործում Գուժ Մանուկյանը մի հզոր կերպար է ստեղծել: Նրա հետ, նրա կողքին հոյակապ արտիստների մի շքախումբ կա. Կարպիս Շամլյան, Հայկուհի Խուդավերդյան, Նաիրա Շահիրյան, Հովհաննես Բաբախանյան, Մարի Մսրյան-Բաբախանյան... Արսեն Առաքելյանի ու Գուժ Մանուկյանի կողքին մեր հայ կինոյի լավագույն օպերատորներից մեկն էՙ Ռոբերտ Բալասանյանը (ԿՈԴ-ը): Հնչյունային օպերատոր Համլետ Հակոբյանն այնպիսի հմտությամբ ու չափի զգացումով է օգտագործել Ավետ Տերտերյանի սարսռեցնող երաժշտությունը, որ կարելի է զարմանալ...

Ու այս ամենն արվել է առանց վարձատրության, առանց ակնկալիքի: Եվ հրաշալի մի կինոնովել է ստեղծվել, որովհետեւ արվել է սիրով:

Մեր մեջ կրկին արթնացել է եթե ոչ սերը, ապա գոնե հիշողությունը սիրո մասին:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4