<20017303.jpg>
«Ազգ»-ի հարցազրույցը Սիլվա Կապուտիկյանի հետ
- Հարգելի տիկին Կապուտիկյան, թույլ տվեք «Ազգ» օրաթերթի կողմից Ձեզ բարի գալուստ մաղթելՙ Ձեր հերթական ուղեւորությունիցՙ Հալեպից վերադառնալու առիթով, ուր Ձեզ Հալեպ էր հրավիրել այնտեղ գործող Թեքեյան մշակութային միությունը: Ընթերցողին փոխանցեք մեր թերթի միջոցով:
- Թեքեյան միությունն իր հրավերն իրականացրեց Երեւանում գործող «Մոմճյան» բարեգործական հիմնադրամի միջոցով ու վերջերս հիմնված «Միհրան եւ Անի Պլըքյան» հիմնադրամի հովանավորությամբ: Երիտասարդ մի զույգ, որին շտապում եմ հայտնել իմ շնորհակալությունները ո՚չ միայն ինձ հրավիրելու եւ ջերմորեն հյուրընկալելու համար, այլ նաեւ նրա համար, որ շարունակում են մեր ժողովրդի կյանքում այնքան մեծ դեր կատարած երեւույթիՙ բարեգործության հնամյա ավանդույթները: Երանի թե մեր տեղական նորահարուստները նույնպես դառնային այդ ավանդության ժառանգորդներ. Պետք է ասեմ, որ, ինչքան էլ հաճելի, այնուամենայնիվ, ես այդ հրավերն ընդունեցի դժվարությամբ: Նախ այն պատճառով, որ տարիքս իրեն զգացնել է տալիս եւ ապա, ամենագլխավորը, այն համոզումը, որ հիմա, այս բարդ ու ճգնաժամային ժամանակահատվածում մենքՙ ժողովրդի վստահությունն ու հավատն ինչ-որ չափով պահպանած մարդիկ, ավելի պետք ենք ժողովրդին: Սփյուռքի կյանքը, որքան էլ տարուբերվող, այնուամենայնիվ, հունի մեջ մտած ընթանում է իր, ճիշտ է, ոչ բնականոն, բայց սովոր կշռույթով, իսկ Հայաստանում եւ Ղարաբաղում. Բայց ավելի լավ է խոսենք ուղեւորության մասին:
- Այո: Ձեզ համար էլ ցանկալի կլինի առժամյա անջատվել հայաստանյան իրադարձություններից, մանավանդ որ վերջին 1-2 ամսում Ձեր հասարակական ակտիվությունը զարմացնելու չափ եռանդուն է դարձել. «Ուղիղ կապ»ՙ «Իրավունք» թերթում, նույն «Իրավունքում» եւ «Ուրարտու» շաբաթաթերթում հայերեն եւ ռուսերեն հրապարակված «Բաց նամակ հանրապետության նախագահին», «Ար» հեռուստակայանում ելույթըՙ «Ասպարեզ» ծրագրով.
- Ինչպես ասում ենՙ լավ կյանքից չէ, որ 80-ն անց բանաստեղծուհին ստիպված շարունակում է չլռել. Այս պահին էլ, դեռ Հալեպ «չմեկնած», ուզում եմ մի քանի խոսք ասել «Բաց նամակի» արձագանքների մասին: Եղան բոլորովին հակադարձ կարծիքներ: Ոմանք ասում էին շատ խիստ է գրված, ոմանք ընդհակառակը, դժգոհ էին, թե ինչո՞ւ չի պահանջվում նախագահի հրաժարականը: Դժգոհներից ամենաթունդը ինձ մեղադրում է «արջիծառայությանն, քոչարյանահաճության», դիրքորոշումներն ու սկզբունքներն արմատապես փոխելու, պահին հարմարվելու մեջ: Ես, իհարկե, արդարանալու կարիք չունեմ, որովհետեւ ոչ միայն ասողին լսող է պետք, այլ նաեւ լսողին հասկանալ է պետք. Ներկայացրած մեղադրանքների մեջ ինձ ամենից շատ վշտացրեց հետեւյալ աղավաղումը. «Խե՜ղճ հայ ժողովուրդ, երեկ Հրանտ Մաթեւոսյանն էր, այսօրՙ Սիլվա Կապուտիկյանը». Ինչ-ինչ, այսպիսի տխուր «հերթափոխության» չէի ուզենա արժանանալ. Իմիջիայլոց, Հալեպում նույնպես տեղյակ էին նամակի մասին: Ինձնից առաջ Հալեպ էր հասել «Իրավունքը», եւ մի երկու օր հետո նամակը արտատպվեց Բեյրութի «Զարթօնք» թերթում: Ճիշտը խոստովանած, դա ինձ առանձնապես չուրախացրեց: Լինում են պահեր, երբ ուզում ես «Սեւը ներս անել, սպիտակըՙ դուրս».
- Տիկին Սիլվա, Ձեր ասածից երեւում է, որ սփյուռքում աչալուրջ հետեւում են այստեղի անցուդարձին:
- Ոչ միայն հետեւում են, այլ խորապես ազդվում: Ցավալի է ամեն քայլի զգալ, որ մարդիկ տագնապած են հայրենիքի բախտով, ու երբ ելույթ էի ունենում, նրանք աչքերն ինձ հառածՙ սպասում էին, որ բարի մի լուր լսեն: Իսկեւիսկ ծանոթ երգի պեսՙ «Բարով եկար, սիրուն կռունկ, ի՞նչ լուր բերիր հայրենիքեն». Առանձնապես ազդված էին արտագաղթի իրողությամբ, ու երբ ելույթներիցս մեկում ասացի, թե ոչ մի նշանավոր արվեստագետ, ոչ մի նշանավոր գրող, ոչ մի նշանավոր գիտնական չի լքել Հայաստանը, դահլիճում ծափեր պոռթկացին. Տեսնելով այս հուսաբեկությունը, ակամա մեղավորության զգացում ես ունենում, որ հուսադրիչ քիչ բան ունես ասելու: Ահա թե ինչու ստիպված սանձում ես լեզուդՙ քեզ լսողներին առավել թեւաթափ չանելու համար:
- Տիկին Սիլվա, երեւում է, որ ոչ մի կերպ չեք կարողանում անջատվել Ձեզ հուզող հայաստանյան խնդիրներից.
- Ի՞նչ մեղքս թաքցնեմ, չեմ կարողանում: Իմ մեջ Հայաստանն ու սփյուռքը միախառնված են:
- Այնուամենայնիվ, փորձենք.
- Փորձենք. Հալեպ էր հրավիրված նաեւ ասմունքողուհի Սվետլանա Խանումյանը: Լավ ասմունքող լինելուց բացի, Սվետլանան լավ ճամփընկեր է, միշտ խնդումներես, զվարթ, պատրաստակամ: Հալեպյան գլխավոր երեկոյին բերած իր գեղեցիկ մասնակցությամբ ասմունքողուհին լիովին արդարացրեց իրեն հրավիրողների հույսերը:
- Իսկ շա՞տ եղան երեկոներն ու հանդիպումները:
- Թեքեյանցիները խոստացել էին ինձ քիչ ծանրաբեռնել եւ Հալեպից Երեւան հեռախոսով կրկնում էին «Մեկ հրապարակային երեկոՙ նվիրված ձեր գրական 65-ամյակին, մեկ ճաշկերույթ եւ այցելություն երեք ճեմարաններՙ բարեգործականի «Նաճարյան-Գյուլբենկյան», հնչակյանների «Կիլիկյան» եւ դաշնակցականների «Քարեն Եփփե»: Այսքանը միայն». Սակայն, չնայած այս խոստմանը, նախօրոք կազմած հայտագրին ավելացան Հալեպի մշակութային միությունների մտավորականության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումը «Թեքեյան» ակումբում, կաթոլիկ տիկինների մայրության տոնի առթիվ կազմակերպած ճաշկերույթը, այցելություններ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Սուրեն արք. Գաթարոյանին, Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արեգ Հովհաննիսյանին, ելույթ «Լուսավորիչ» երգչախմբի հոգեւոր համերգի ժամանակ, եւ որ ամենագլխավորն էՙ ուղեւորություն դեպի Դեր-Զոր.
Այցելությունը Դեր-Զոր մի իսկական ուխտագնացություն էր, որի հրահրած ապրումներն անհնար է տեղավորել լրագրային էջերում: Տասնամյակներ շարունակ Դեր-Զորը տարբեր էր գծված իմ պատկերացումներում. դեղին, անծայրածիր անապատ, արեւախանձ ավազներ, այս ու այն կողմ դեռ երեւացող մարդկային ոսկորներ. Այդպես չէր բոլորովին: Բարեկարգ քաղաք էր ու քաղաքի փողոցներից մեկումՙ Սրբոց նահատակաց եկեղեցին, մի ամբողջ համալիրՙ կառուցված 1990-91 թթ.ՙ հին Ս. Հռիփսիմե եկեղեցու տեղումՙ երեւանյան շրջանավարտ Սարգիս Պալմանուկյանի նախագծով, հայկական ճարտարապետության բոլոր բարեմասնությունների կիրառմամբ: Եկեղեցինՙ կերտված խնկագույն քարից, եռահարկ էր: Ներքնահարկի կենտրոնում ապակեպատ շրջանակի մեջ նահատակների նշխար-ոսկորներն էին, որոնց միջիցՙ ճեղքելով առաստաղի կլոր բացվածքը, դեպի երկրորդ հարկ էր բարձրանում զանգվածեղ, նույն քարով երեսպատված սյունըՙ խորհրդանշելով հայոց վերհառնումը մահվան ավազուտներից. Եկեղեցին շրջափակող պարիսպները հմտորեն մշակված էին հայկական խորաքանդակներով, իսկ կամարակապ մի խորշում զետեղված էր Հայաստանից բերված մի սքանչելի տուֆակերտ խաչքար:
Դեր-Զորից հետո, նորից կտրելով մեկժամյա ավտոճանապարհ, հասանք Մարգատե, մի նոր, անծանոթ անունՙ իմ իմացած Դեր-Զոր, Մեսքենե, Ռաս էլ Այն անունների կողքին. Պատմում էին հետեւյալ պատմությունը: Մի 10-12 տարի առաջ իննսունն անց ամերիկահայ մի մայրիկ, որի հորն ու մորը իր աչքի առաջ սպանել են աքսորի ճանապարհին, որը 7-8 տարեկանից հիշողության մեջ պահել ու խոր ծերություն է հասցրել Մարգատե անունը, իմանում է, որ այս կողմերում այդ անունով գյուղ կա: Գալիս է ամերիկահայ տարեց կինը, հասնում այդ գյուղը եւ փորել է տալիս գյուղամերձ ավազաբլուրըՙ ծնողների աճյունը գտնելու հույսով, եւ ահա մարդկանց աչքի առաջ բացվում է սարսռալի մի տեսարան: Բլուրն ամբողջովին շաղախված է մարդկային ոսկորներով, մանր, հազիվ մատնաչափ ու դրանից էլ փոքր ոսկորներով. Այդ վայրում նույնպես սիրիահայերը կառուցում են մատուռՙ նույն խնկագույն քարից, չորս անկյուններում դարձյալ ապակու տակ առնված ոսկոր-նշխարներ.
Անխոս համենում ենք չգիտես ո՞ւմ առջեւՙ այդ փոշեթաթախ մասունքների՞, աշխարհի այդ անհայտ ավազուտում հիրավի հող դարձած մարդկա՞նց, թե՞ մեր պատմության, մեր ճակատագրի առջեւ.
- Տիկին Սիլվա, արդյոք առիթ եղա՞վ շփվելու արաբ բնակչության հետ:
- Շատ քիչ, դիվանագետների լեզվով ասածՙ միայն դիտորդի կարգավիճակով: Այս անգամ կարծես ավելի լավ զգացի Հալեպը, նրա հնամենիությունը, ինքնատիպությունը: Արեւմտյան հողմերը քիչ են դիպել նրան: Ընդհակառակըՙ գնալով թանձրանում է արաբականը, ազգային կոլորիտը, ոգին: Նեղ փողոցներում մայթերն ու փողոցամեջը, խանութներն ու արհեստանոցները, մրգեղենն ու հագուստները, մարդիկ ու ավտոմեքենաները խառնված են իրար: Սպիտակ երկար շապիկներով ու Յասեր Արաֆաթի պես յայլուղավոր տղամարդիկՙ մինչեւ կրունկները հասնող վերարկուներով, դեմքներըՙ սեւ շղարշով ծածկած կանայք, համեմատաբար նորատիպ հագուստներով երեխաներ: Խանութների ու արհեստանոցների ճակատին շարան-շարան ձգվում են ցուցանակներն ու, թվում է, արաբական թռչնագրերը թեւիկները բացած թռչկոտում են գլխավերեւդ: Ամենուրՙ հրապարակներում, փողոցներում, ճանապարհների եզրերին Սիրիայի Արաբական Հանրապետության հանգուցյալ նախագահ Հաֆեզ ալ Ասադի եւ նրա որդուՙ այժմյան նախագահ Բաշար ալ Ասադի մեծադիր դիմանկարներն են ու նրանց ասույթները: Ուղեկիցներիս խնդրում էի թարգմանել. դրանք բոլորը արաբ ազգի, հայրենիքի, ազգային ոգին պահպանելու, երկիրն օտարներից պաշտպանելու գաղափարներն էին արծարծում: Անցնում էի փողոցներով ու թաքուն մտքեր էին խլրտում ներսումս: Գուցե մե՞նք էլ, իհարկե, ոչ Սիրիայի պես կիպ ու ամրակուռ, բայց մի քիչ փակեինք Պետրոս Մեծի ասածՙ Եվրոպայի վրա բացած մեր լուսամուտները: Ախր, մենք դրանք այնքան լայն ենք բացել, որ մեր տուֆակերտ պատերին տեղ չի մնում.
- Դուք դա լո՞ւրջ եք ասում:
- Ճիշտն ասած, ինքս էլ չգիտեմՙ լուրջ եմ ասում, թե ոչ լուրջ: Գիտեմ միայն մի բան. Արեւմուտքի, ավելի ճիշտՙ Ամերիկայի քաղաքական, տնտեսական ու մշակութային գրոհի դեմ մենք տեղի ենք տալիս. Լավ, չբացենք այս ցավոտ թեման ու մի վերջին անգամ վերադառնանք Հալեպ: Վերադառնանք հանդիպելու Կրթասիրաց միության ընդարձակ սրահում հավաքված հոծ բազմությանը, որ եկել էր մեծարելու հայրենի բանաստեղծուհունՙ գրական գործունեության 65-ամյակի առթիվ: Վերադառնանքՙ հիացումի խոսք ասելու հալեպահայ մեր արյունակիցներին, որոնք, չնայած այլեւայլ խոչընդոտներին, պահում են իրենց ազգային կենսունակությունը, իրենց եկեղեցին, իրենց վարժարանները, մշակութային, բարեգործական ու մարզական միությունները, իրենց սերն ու հավատը մայր Հայաստանի հանդեպ: Վերադառնանքՙ շնորհակալություն հայտնելու Թեքեյան մշակութային միության ջերմեռանդ գործիչներ Գրիգոր Ադանալյանին, Սարգիս Ֆաբրիկաչյանին, Սալբի Գասպարյանին եւ, մանավանդ, Ռամկավար Ազատական կուսակցության վաստակաշատ ղեկավար, մեծարգո Հայկաշեն Ուզունյանին, որի շնորհավորական ուղերձըՙ ընթերցված մեծարման երեկոյին, ուղեկցված էր հոբելյարին «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակին արժանացնելու անակնկալով: Ու, վերջապես, վերադառնանք Բարեգործական ընդհանուր միության սրահՙ ներկա լինելու Հայաստանից ժամանած տաղանդավոր երեխաների համերգին, երբ մանուկ ու պատանի երգիչներն ու նվագողներն իրենց հրաշալի կատարումներով, իրենց հպարտ կեցվածքով, իրենց զվարթ կենսասիրությամբ ցնծությամբ լցրեցին հանդիսականների սրտերը եւ հոգիներում նորոգեցին այն զգացումը, որ Հայաստանի փոքրիկ պատվիրակները միայն լավ երգող, լավ նվագող երեխաներ չեն, այլ խորհրդանիշն են այն հավերժական իրողության, ըստ որի, ամեն անգամ, երբ թվում է, թե հիմնովին ճյուղատված է մեր կենաց ծառը, նորից ու նորից արեւերես են ելնում դալար ծիլերըՙ հավաստելու արմատների անխափանելի կենդանությունը:
Երջանիկ կլինեի, եթե իմ այս ուղեւորությունն էլ ծառայեր այդ նույն հոգենորոգումին: