«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2001-04-21 | #75, 2001-04-24 | #76, 2001-04-26


ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ ԱՅՑԵԼԵՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ

<20017603.jpg>

Ինչպես նշվել էր ապրիլի 24-ի մեր խմբագրականում, այս տարվա Ապրիլի 24-ը նման չէր նախորդ տարիներին: Ոչ միայն բովանդակային առումով, այլեւ մասնակցողների թվով, մասնակիցների աշխուժությամբ: Ի տարբերություն նախորդ տարիների, այս Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացողների թիվն առնվազն կրկնապատկված էր:

Երեքշաբթի առավոտյան առաջին ժամերին սկսած մարդկանց հոսքը շարունակվեց մինչեւ գիշերվա ժամը 11-ը: Հատկապես աչքի էր զարնում երիտասարդների ու պատանիների երթը: Իսկ ալեհեր պապիկներն ու տատիկները եկել էին իրենց թոռնիկների հետ, նրանց թաթիկներից բռնած, անշուշտ, իրենց զգացումներն ու ցավը նրանց փոխանցելու ձգտումով:

Մեծ եղեռնի 86-րդ սգատոնին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել է մոտ կես միլիոն մարդ, ասել է Արմենպրեսի թղթակցին ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն, դոկտ. Լավրենտի Բարսեղյանը, որի վկայությամբ այդ օրը թանգարանի այցելուների թիվը հասել է մոտ 200 հազարի, այդպիսի ցուցանիշ չի գրանցվել նախորդ տարիների ընթացքում: «Հատկանշական է, որ, ասել է Լ. Բարսեղյանը, այցելուները հիմնականում երիտասարդներ էին, դպրոցահասակ երեխաներ, ինչը վկայում է, որ Հայոց ցեղասպանության պայքարը «սերնդափոխություն» է ապրել:

Դեպի հուշահամալիր ուխտագնացության պաշտոնական մասն սկսվեց հանրապետության պետական ղեկավարությանՙ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի այցով, որոնց ընկերանում էր եկեղեցական պատվիրակությունըՙ գլխավորությամբ Շահե արք. Աճեմյանի (Վեհափառ հայրապետը նույն պահին մեկ այլ պատվիրակությամբ ուխտագնացություն էր կատարում դեպի Դեր Զոր): Եկեղեցական հոգեհանգստյան կարճ արարողությունից հետո Հավերժական կրակի շուրջ հարգանքի տուրք մատուցեցին նաեւ օտարերկրյա դեսպաններն ու ներկայացուցիչները, որին հետեւեցին զինվորական ստորաբաժանումների, քաղաքական կուսակցությունների, տարբեր կազմակերպությունների եւ հիմնարկների խմբային այցերը հուշահամալիր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4