«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2001-04-21 | #75, 2001-04-24 | #76, 2001-04-26


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԵՎ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ ՈՒԽՏԻ ԳՆԱՑԻՆ ԴԵՐ ԶՈՐ

ՀԱԼԵՊ, 24 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 23-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ հայ ժողովրդի նահատակության անապատՙ Դեր Զոր միասնաբար ուխտի գնալու համար, ժամանեց Հալեպ: Հայոց ցեղասպանության 86-րդ տարելիցի օրը ուխտագնացությունը նվիրվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:

Գարեգին Բ կաթողիկոսին Հալեպում դիմավորեցին մեկ օր առաջ այստեղ ժամանած Արամ Ա կաթողիկոսը, բարձրաստիճան հոգեւորականներ:

Ամենայն հայոց հայրապետն ու Կիլիկիո կաթողիկոսը ժողովրդի թափորի ուղեկցությամբ, շարականների երգեցողության ներքո շարժվեցին դեպի սբ. Քառասնից Մանկանց մայր եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ կանոնական աղոթք: Ողջույնի խոսք ասաց Մեծի Տանն Կիլիկիո Բերիո թեմի առաջնորդ Սուրեն արք. Գաթարոյանը:

Ամենայն Հայոց Հայրապետի ներկայությունը Բերիո պատմական թեմում ողջունեց Արամ Ա կաթողիկոսը: Նա այնուհետեւ պատգամ ուղղեց ժողովուրդին, ասելով. «Ամենայն հայոց կաթողիկոս Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառին հետ միասնաբար ուխտի պիտի երթանք դեպի մեր ժողովրդի նվիրական սրբատեղինՙ Դեր Զոր, ուր իրենց հավատքին ու հայրենիքին համար նահատակվեցան մեկուկես միլիոն հայորդիներ: Այս պահը պատգամ ունեցող պահ է, որ մեր պատմության շրջագծեն անդինՙ դեպի հավիտենականություն կերթա ու մեր միասնականությունը կշեշտե: Այսօր ապրեցանք մեր պատմության բոլոր ճակատամարտներու ոգին ու մարտահրավերները: Մենք միասին պիտի քալենք, միասին պիտի մտածենք, միասին պիտի գործենք ու ծառայենք մեր ազգին ու հայրենիքին պայծառության ի խնդիր»:

Արամ Ա Վեհափառ հայրապետը նաեւ երախտագիտության խոսք ուղղեց Սիրիայի նախագահին ու ժողովրդին, որոնք Սիրիան վերածեցին մեր ժողովրդի վերընձյուղման օրրանի:

«Հոգիս հուզմունք էր ապրում, երբ ձեր շարքերի միջով անցնելիս հայացքս ձեր հայացքներին էր հանդիպում: Ձեր հայացքների մեջ կարոտ էի տեսնում: Կարոտ էրՙ ուղղված հայոց աշխարհին: Այդ կարոտը պարտադրվել է մեզ, ասաց Գարեգին Բ Ամենայն հայոց Վեհափառ Հայրապետը: Բայց Սուրիո բարեխնամ պետությունը 1915 թվականից հետո թույլ է տվել, որ այստեղ պատսպարվեն մեր ժողովրդի զավակները: Օրհնություններ եմ բերել Սբ Էջմիածնից, ողջույններՙ Սարդարապատից, ողջույններՙ Ծիծեռնակաբերդից, ողջույններՙ հայոց բանակից»:

Գարեգին Բ Վեհափառ հայրապետը Իջեցման Սեղանից վառված կանթեղը հանձնեց Բերիո առաջնորդ սրբազանին:

Այնուհետեւ, կանոնական աղոթքից հետո, եկեղեցու մեջ տեղի ունեցավ Աջհամբույր: Հավատացյալները մոտեցան վեհափառ հայրապետներինՙ ստանալու համար նրանց օրհնությունները:

Կեսօրից հետո վեհափառ հայրապետները իրենց պատվիրակության անդամներով մեկնեցին Դեր Զորՙ Նահատակաց հուշահամալիր: Մատուռի Նահատակաց սրահում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4