Ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի սուրբ հիշատակը եւ ոգեկոչման արարողությունն ամեն տարի Շիրակի մարզի ազգաբնակչությունը նշում է Լոռու մարզի սահմանագլխին տեղադրված հուշահամալիրում, ուր նահատակվել են 10 հազարից ավելի տեղացի ազգաբնակչություն եւ գաղթական հայեր: 1920 թ.-ին թուրքական կանոնավոր զորքն անմարդկային կոտորած իրականացրեց Հզազի ձորում, կրկնելով 1915 թվականի բարբարոսությունը:
Այդ օրը հուշահամալիրին ծաղկեպսակներ դրեցին Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, կոլեկտիվներ, քաղաքացիներ, դպրոցականներ:
Առաջին անգամ Լոռու եւ Շիրակի մարզերի ներկայացուցիչները համատեղ հիշատակի տուրք մատուցեցին 86 տարի առաջ նահատակված մեր ազգակիցներին:
Նույն օրը Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում տեղի ունեցավ սգո եւ հիշատակման արարողություն, որը նույնպես մեր պատմության ողբալի էջերից մեկի արձագանքն էր: Ինչպես տեղեկացվել է «Ազգ»-ում, այդ գյուղի ջրհորներից մեկում գտնվել է 80 նահատակների կմախքներ:
1920 թվականի նոյեմբերին թուրքական զորքը զավթում է ներկայիս Հարթագյուղ, Լուսաղբյուր, Խնկոյան գյուղերը: Հարթագյուղի բնակչության մեծ մասին ասկյարները փակում են մառաններում, առաջարկում նրանց փրկագնվել իրենց մոտ պահված ոսկեղենով, բայց վերցնելով ավարը, կոտորում են բնակչությանը:
Ապրիլի 24-ին Հարթագյուղի Սուրբ Նարեկ եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողություն Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա տեր Վահան Աղազարյանի կողմից:
Աճյունները հավաքվել, տեղադրվել էին փայտե դագաղում, որն ամփոփվեց եկեղեցու խորանի մեջ բացված գերեզմանափոսում:
Այս արարողության նախաձեռնողներն էին Հարթագյուղ համայնքի ղեկավարը եւ դպրոցի տնօրենը:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ