ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կսկիծի եւ ցավի օր է եւ միեւնույն ժամանակՙ ձգտումների օր, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանըՙ լրագրողների հետ զրույցում: «Պետք է, որ այդ ողբերգությունը, որը տեղի է ունեցել անցած դարասկզբին, ճանաչվի ոչ միայն եվրոպական երկրների, Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի կողմից, այլեւ հենց Թուրքիայի կողմից», ընդգծեց նա:
Վերջերս Ադրբեջանում հաճախ հնչողՙ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու կոչերի առնչությամբ Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ ամեն երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ինչ ճանապարհով է լուծելու իր խնդիրներըՙ պատերազմի՞, բանակցությունների՞, թե՞ այլ: «Այո, այդպիսի կարծիքներ կան, սակայն չեմ կարծում, որ այսօր Ադրբեջանն ընտրել է պատերազմի ճանապարհը: Որովհետեւ բացի այն, որ Ադրբեջանում միշտ խոսվում է հարցի խաղաղ կարգավորման մասին, կարծում եմ, որ նրանք գործնականորեն քայլեր են ձեռնարկում այդ հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ», հայտարարեց նախարարը:
Այն հարցին, թե որքանով կարելի է երաշխավորել հայերի հաղթանակը հնարավոր պատերազմում, նախարարը պատասխանեց, որ երբեք որեւէ մեկը չի կարող 100 տոկոսով երաշխավորել, որ ինքը կհաղթի պատերազմում. «Դրա համար էլ յուրաքանչյուր կողմ, անկախ իր ռազմական հզորությունից, միշտ էլ պարտավոր է ենթադրել, որ ինչ-որ չափով կարող է անհաջողության մատնվել»: Միաժամանակ Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ այսօր Հայաստանի զինված ուժերը ի վիճակի են պաշտպանելու երկրի անկախությունը, սահմանների անվտանգությունը եւ անձեռնմխելիությունը: «Ես լավատես եմ, եթե անհրաժեշտություն լինիՙ ապա մեր զինված ուժերը կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները», հայտարարեց նախարարը: