Ն. Հունանյանը պատմեց Թուրքիա կատարած այցելության մասին
«Հոկտեմբերի 27»-ի քրեական գործով երեկվա դատական նիստում ամբաստանյալ Ն. Հունանյանը ներկայացրեց Թուրքիա կատարած իրենց այցելությունըՙ հեռուստակամուրջ կազմակերպելու նպատակով: Ամբաստանյալը հայտնեց, որ այդ միտքը հղացել է ՀԱՀ-ի եթերով հեռարձակված «Ազատ բեմ» հաղորդաշարի ժամանակ, զանգահարել է Մոսկվայի թուրքական դեսպանատուն եւ հայտնել ծրագրի մասին: Այնուհետեւ ներկայացրել է մեկնողների անվանացանկը եւ հեռուստակամրջի ծրագիրը, որից հետո թուրքական կառավարությունը հրավեր է ուղարկել:
Ն. Հունանյանը նշեց, որ Թուրքիա կատարած ուղեւորությունը մինչեւ Տրապիզոն եղել է իրենց դրամական միջոցներով: Գործընկերոջՙ Հովակ Հովակիմյանի մեքենայով հասել են Բաթում, այնտեղից էլՙ Տրապիզոն: Գնալուց առաջ ՀԱՀ-ի ղեկավարության պահանջով հանդիպել է ԱԱՆ-ի աշխատակից Կարեն Պարունակյանի հետ, որն ավելորդ է համարել իր հետ լրացուցիչ բացատրական աշխատանք տանելը: Ամբաստանյալի ասելով, Կ. Պարունակյանն իրեն ուղղակիորեն ասել է. «Քանի որ դու ես ղեկավարում խումբը, բացատրական աշխատանքներ տանելն ավելորդություն է, քո նկատմամբ որեւէ երկմտանք չկա»:
Անդրադառնալով այցի առիթով քրեական գործում արված «աննախադեպ ընդունելություն» ձեւակերպմանը, Ն. Հունանյանի բացատրությամբ պատճառն այն էր, որ Հայաստանի պետական հեռուստատեսության մակարդակով առաջին անգամ էր կապեր հաստատելու առաջարկ արվում:
Հայտնեց, որ թուրքական սահմանին իրենց դիմավորել է Թուրքիայի մամուլի վարչության Տրապիզոնի նահանգի ղեկավարըՙ Չաղլայան անունով: Տրապիզոնում մի օր են մնացել, իջեւանել են հինգաստղանի հյուրանոցում, այցելել են տեղի խմբագրությունները, Թուրքիայի մամուլի վարչության հետ քննարկել է հեռուստակամրջի հարցը:
Ամբաստանյալի ասելով, իրենց կողմից նախապես առաջադրված հանդիպումներըՙ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարության հետ, տեղ հասնելուն պես փոփոխության են ենթարկվել: «Նախատեսված էր հանդիպում Թուրքիայի նախագահ Ս. Դեմիրելի հետ, բայց մեզ ասացին, որ նախագահը զբաղված է, չի կարող ընդունել, բայց ամենափոքրիկ հնարավորության դեպքում կընդունի», չկայացած հանդիպման մասին հայտնեց Ն. Հունանյանը: Առաջին պաշտոնական հանդիպումը եղել է Թուրքիայի պետական հեռուստատեսության գլխավոր տնօրենի հետ, որի հետ քննարկել են հեռուստակամուրջ կազմակերպելու հարցը: Նույն օրը հանդիպել է նաեւ «Անատոլու» լրատվական գործակալության գլխավոր տնօրենի հետ եւ ընդհանուր զրույց ունեցել:
Ըստ ամբաստանյալի, պաշտոնական հանդիպումները պետք է տեղի ունենային Ստամբուլում, սակայն մինչեւ Ստամբուլ հասնելը խմբին արեւելյան հյուրընկալություն են ցույց տվելՙ նախապատրաստելով ստամբուլյան հանդիպումներին: Այդ ամենը սկսվել է Անկարայի ռեստորաններից մեկում ոչ պաշտոնական մի ճաշկերույթով, որն ամբաստանյալի ստացած տպավորությամբՙ «սարսափելի թանկ տեղ էր»: Հրավերը եղել է Թուրքիայի մամուլի վարչության պետինը, որին մասնակցել է արտգործնախարարության ներկայացուցիչը. «Թուրքիայում բավականին հայտնի եւ ազդեցիկ անձնավորություն է»: Հավաքից ստացած տպավորությունն այն է եղել, որ ոչ պաշտոնական զրույցի միջոցով փորձեն կռահել իրենց այցելության հիմնական եւ հետին նպատակները, որի հիման վրա պետք է որոշեինՙ ում հետ հանդիպում կազմակերպել: Դրանից հետո պաշտոնյաների հետ հանդիպման ցանկից հանվել են Էջեւիթի, Թուրքիայի արտգործնախարարի եւ այլոց հետ սպասվելիք հանդիպումները:
Հանդիպումներն, ըստ էության, տեղի են ունեցել երկրորդական պաշտոնյաների եւ հարցին ուղղակիորեն չառնչվող մեկ-երկու նախարարների հետՙ Թուրքիայի մշակույթի, տուրիզմի նախարարների, Հարավարեւելյան Անատոլիայի զարգացման գրասենյակի փոխտնօրենի հետ եւ այլն: Անկարայում չեն խուսափել այցելել Աթաթուրքի գերեզմանին, այնուհետեւ մեկնել Անթալիաՙ զբոսաշրջության նպատակով, որտեղ ապրել են չորսաստղանի հյուրանոցում: Երկու օր մնալուց հետո մեկնել են Ստամբուլՙ պաշտոնական հանդիպումներն ավարտին հասցնելու: Հանդիպել են Սեւծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարի, Ստամբուլի մամուլի վարչության պետի, Թուրք-հայկական գործարար կոմիտեի ներկայացուցիչների հետ: Եղել են նաեւ «Միլիեթի», «Մարմարայի» եւ «Ժամանակի» խմբագրություններում: Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոսի հետ ունեցած հանդիպումով վերջակետ են դրել Թուրքիա կատարած այցելությանը:
Վերը շարադրվածն ամբաստանյալը ներկայացնում էր երբեմն ավելորդության հասնող մանրամասներովՙ տեղ-տեղ կորցնելով չափավորությունը: Նկատի ունենալով ոչ միայն նախաքննական մարմնի, այլեւ դատավարության որոշ մասնակիցների հույժ հետաքրքրությունը թեմայի նկատմամբ, որոշ հարցեր ծաղրանքով էր ներկայացնում: Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանն ամբաստանյալի վարմունքը որակեց դատարանի նկատմամբ անհարգալից եւ դատավորին կոչ արեց թույլ չտալ այդ: Դատավորը հանգիստ պատասխանեց, որ դատարանն իր դիրքում է, եւ ամբաստանյալի ցուցմունքներ տալու նման ոճը թելադրված է դատավարության մասնակիցների հետաքրքրությամբ եւ «ճշտումներ» անելու միջամտություններովՙ Ա. Սարգսյանին հասկացնելով, որ դա նաեւ իր «ճշտումների քաղաքականության» արդյունքն է:
Դատաքննությունը կշարունակվի ապրիլի 27-ին:
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ