«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2001-04-21 | #75, 2001-04-24 | #76, 2001-04-26


ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՎԵՑ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախաձեռնած «101 ուղի դեպի կայուն զարգացում» մրցույթի շրջանակներում մրցանակներ շնորհվեցին հայաստանյան լրատվամիջոցների վեց լրագրողների, որոնք 1992-2001 թթ. լուսաբանել են մարդկային կայուն զարգացման թեմաները: Խոսքը, մասնավորապես, 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում գումարված ՄԱԿ-ի համաշխարհային կոնֆերանսի հռչակած սկզբունքների մասին էՙ քաղաքակրթության նորովի զարգացում քաղաքական, սոցիալ-տնտեսական, բնապահպանական ոլորտների առավելագույն ներդաշնակումով:

Գլխավոր մրցանակը շնորհվեց Յուլյա Կուլեշովայինՙ «Դելովոյ էքսպրես» շաբաթաթերթում հրապարակումների համար, մյուս մրցանակները տրվեցին Նաիրա Մանուչարովայինՙ «Նովոյե վրեմյա», «Դամի ի գոսպոդա», Իդա Կարապետյանինՙ «Ուրարտու», «Էֆիր», Սուսաննա Պողոսյանինՙ հանրային ռադիոյի «Հայք» ծրագիր, Անահիտ Հովհաննիսյանինՙ նույն ռադիոյի «Սերունդ» ծրագիր, Մարգո Ղուկասյանինՙ «Գարուն», Արթուր Հովհաննիսյանինՙ «Հայոց աշխարհ», Արփեն Մովսիսյանինՙ հանրային հեռուստատեսության «Շրջադարձ» շարք, Ռաֆիկ Հովհաննիսյանինՙ «Ազգ»:

Մրցանակաբաշխության արարողությանը «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ լրագրողների ընտրության սկզբունք է եղել ոչ միայն կայուն զարգացման քաղաքական, սոցիալ-տնտեսական ու բնապահպանական հարցերի, այլ նաեւ այս ամենից անքակտելի հոգեւոր ոլորտի քննումը լրատվամիջոցներով: Այս սկզբունքը որոշել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ-ի, Հայաստանի ժուռնալիստների միության, վերոհիշյալ ասոցիացիայի ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Մրցանակները ստորագրել է նաեւ ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության, բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Այս մրցույթը կազմակերպվեց 2002-ին կայանալիք «Ռիո+10»ՙ ՄԱԿ-ի համաշխարհային գագաթաժողովի նախաշեմին, որ նպատակ ունի ամփոփել Ռիո դե Ժանեյրոյում նախանշածՙ մարդկության զարգացման նոր ուղու 10 տարին:

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4