Բաժանորդների կուտակված պարտքերի պատճառով Շիրակի գազիֆիկացման եւ գազամատակարարման ձեռնարկությունը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերի բնակչությանը: Տեղեկացվել է, որ կապույտ վառելիքի մատակարարումը կվերականգնվի այն թաղամասերում, որտեղ կմարվի մարտ ամսվա պարտքն ամբողջությամբ, գումարած նախորդ ամիսների պարտքի առնվազն 15 տոկոսը: Հակառակ դեպքում գազագործները սպառնում են կատարել մեծ պարտք ունեցող սպառողների գծի անհատական անջատումներ զոդման միջոցով:
Միայն մինչեւ ապրիլի 1-ը քաղաքի ազգաբնակչության պարտքը կազմում է 452 մլն դրամ, որից 47,5 միլիոնը գոյացել է մարտ ամսին: Իսկ քանի որ առավել բարեխիղճ վճարողներն էլի թոշակառուներն ու նպաստառուներն են, այժմ ձեռնարկությանը մնում է անհամբերությամբ սպասել թոշակների ու նպաստների հերթական վճարմանը: Կամ գուցեՙ անցյալ տարվանից բնակչությանը պետության պարտք մնացած երկու ամսվա աղքատության նպաստի՞ն...