1986 թ. ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերամուտին տեղի ունեցավ անցած դարի ամենաահավոր տեխնածին վթարներից մեկը:
Չեռնոբիլի ատոմական էլեկտրակայանի ռեակտորներից մեկն էլեկտրատեխնիկական բնույթի փորձարկման ժամանակ դուրս եկավ սպասարկող անձնակազմի հսկողությունից, ստացավ անկառավարելի վիճակ:
Ակնթարթների ընթացքում ջերմատվությունը բարձրացավ աներեւակայելի չափերով: Վառելիքի ջերմաստիճանը հասավ մինչեւ 2000-2500 աստիճան: Այնուհետեւ տեղի ունեցավ այն, ինչը մասնագետներն անվանում են ռեակտորի ջերմային պայթյունՙ իր սարսափելի հետեւանքներով:
Աշխարհը շփոթվեց: Ակնհայտ դարձավ, որ «խաղաղ» ատոմը նույնպես ընդունակ է ավերիչ դերակատարման:
Առաջ եկավ հարցերի մի ստվար շարան: Հրաժարվե՞լ, թե՞ հարազատ մնալ միջուկային էներգետիկայի զարգացման մինչ այդ կանխանշված ուղղությանը: Ինչպե՞ս վարվել գործող ատոմակայանների հետ, ապահովել բնակչության ճառագայթային անվտանգությունը, կազմակերպել խոշորամասշտաբ աղետներին դիմակայումը:
Ժամանակի ընթացքում նշված հարցերը գտան իրենց պատասխանները, ձեռնարկվեցին միջոցառումներ, ստեղծվեցին համապատասխան պետական կառույցներ: Հատկապես չեռնոբիլյան աղետի պատճառների բացահայտման նպատակով կատարվեցին երկարատեւ ու մանրազնին վերլուծություններ, քաղվեցին դասեր:
Աղետը տեղի էր ունեցել անձնակազմի կողմից շահագործման ու անվտանգության կանոնների իրար հաջորդող կոպիտ խախտումների պատճառով, ինչը հետեւանք էր ընդհանրապես չեռնոբիլյան ԱԷԿ-ում անվտանգության ցածր մակարդակի:
Չեռնոբիլի դասերն առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար, քանի որ ամբողջ տարածաշրջանում մենք միակ երկիրն ենք, որը կիրառում է էլեկտրականության արտադրման միջուկային տեխնոլոգիա:
Ցավոք, Չեռնոբիլի առաջին արձագանքը մեր հասարակության խուճապն էրՙ իր տխուր հետեւանքներով: Հայաստանցիներս գնացինք ամենապարզունակ ու դյուրին, սակայն ոչ հեռատես ճանապարհով: 1989 թ. փակեցինք Մեծամորի ատոմակայանըՙ զրկվելով ամենակայուն ու համեմատաբար էժան էներգիայի աղբյուրից: Եվ եթե այսօր, տարբեր շարժառիթներով, շահարկվում է վերահաս էներգետիկ ճգնաժամի «ձեռակերտ» լինելու հանգամանքը, համարձակություն ունենանք խոստովանելու, որ հայ հասարակությունն այստեղ անմասն չէ:
Կյանքը շատ դաժան, բայց եւ ուսանելի դաս տվեց: Մթից ու խավարից դուրս գալու համար գերագույն ճիգերով միայն հաջողվեց վերականգնել Մեծամորի ԱԷԿ-ի հզորության ընդամենը կեսը: Իրականացվել ու իրականացվում են կայանի անվտանգության ու հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված լուրջ միջոցառումներ:
Այդուհանդերձ ատոմակայանը մնում է ատոմակայանՙ բացառիկ ռիսկի օբյեկտ: Չեռնոբիլի դասերը պարտադրում են ատոմակայան ունեցող երկրներին ունենալ իմացության այլ մակարդակ ու պատասխանատվության այլ աստիճան:
Այո, շնորհիվ հմուտ ու արհեստավարժ մասնագետների, արդեն որերորդ տարին մենք ընդունակ եղանք սանձահարելու ատոմը, սեփական ուժերով յուրացնելու ու շահագործելու չափազանց բարդ համարվող բարձր կարգի ժամանակակից միջուկային տեխնոլոգիա, ինչը դեռեւս հասու չէ մեր հարեւաններին:
Առավել եւս տարակուսելի է, որ այդ նույն մասնագետները, կրելով ամենօրյա ահռելի պատասխանատվություն, ամիսներով չեն վարձատրվում: Նշվածն անկասկած դուրս է գալիս սոցիալական անարդարության շրջանակներից ու անմիջականորեն առնչվում է բնակչության անվտանգությանը բառիս բուն եւ ամենախիստ առումով:
Ցանկացած ատոմակայանի անվտանգությունը պայմանավորող գործոնների համալիրում աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը, նրա անվտանգ աշխատելու հմտությունն ու մոտիվացիան կարեւորագույններից են:
Հեռու եմ պատեհ թե անպատեհ պատրվակով կառավարության բանջարանոցը քար նետելու ցանկությունից: Բայց առիթը ծայրաստիճան բացառիկ է ու մտահոգիչ: Մենք իրավունք չունենք նույնիսկ կողմնակիորեն նպաստելու ատոմակայանի անվտանգության աստիճանի նվազեցմանը, եթե չասենք ավելին:
ՌԱՖԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ