Սոցիալական առկա պայմաններում, երբ բնակչության զգալի մասի համար խիստ սահմանափակ են ֆինանսական միջոցների տնօրինման հնարավորությունները, եւ ոչ բոլորին է մատչելի ամեն օր թերթեր գնել, թերեւս ավելի է կարեւորվում մամուլի գրադարանային ընթերցասրահների գոյությունը:
Գրադարանների մամուլի սրահներում պարբերաբար մի քանի շաբաթ անցկացնելովՙ կարելի է ուրվագծել մեր հասարակության ընթերցասեր զանգվածի մոտավոր պատկերը, մասնավորապես տարիքային առումով:
Օրինակ, Ազգային գրադարանի աշխատակիցների հավաստմամբ (ինչպես նաեւՙ սեփական դիտարկումներով) այստեղից օգտվողները մեծամասամբ միջին տարիքն անց են: Իսկ ահա, երիտասարդների հաճախումներն, իրոք, մտահոգիչ են: Վերջիններս հիմնականում ուսանողներ են, որոնք «ստիպված» են գրադարան գալ կուրսային աշխատանքների եւ դասախոսների այլ հանձնարարությունների համար:
Պատկերը գրեթե նույնն է Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, որտեղ արդեն ծանոթ մեծահասակ (երբեմն էլՙ միջին տարիքից ոչ շատ ցածր) այցելուների ընդհանուր ֆոնի վրա հազվադեպ են աչքի ընկնում երիտասարդները:
Այս երեւույթն, իհարկե, կարելի է պատճառաբանել նյութական ու բարոյահոգեբանական ներկա իրավիճակից բխող տարբեր փաստարկներով: Բոլոր դեպքերում ցավալի է, որ զուտ խաչբառային թերթերով եւ ժամանցային ամսագրերով հետաքրքրվող հայ երիտասարդությունըՙ մեր երկրի մոտ ապագայի տերը, անտարբեր է ու անտեղյակ իր շուրջը կատարվող իրադարձություններից:
Մնում է հուսալ, որ նրանց առավել սթափության եւ իրազեկության կկոչեն 21-րդ դարի «պահանջները», ու գրադարանների մամուլի սրահները նախընտրելի կդառնան շատերի համար:
ՍԱԹԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ