<20017804.jpg>
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մենք չենք կարող լինել մուրացիկ ռուսների նկատմամբ ո՚չ քաղաքական ասպարեզում, ո՚չ էլ տնտեսական», հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը: Մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը, նա նաեւ ընդգծեց, որ ցանկացած համագործակցություն պետք է լինի փոխշահավետ եւ նմանվի ճանապարհի, որն ունի երկկողմանի երթեւեկություն, քանի որ «միակողմանի ճանապարհը միշտ էլ տանում է փակուղի»:
Սարգսյանը չհամաձայնեց այն պնդումներին, թե հայ-ռուսական հարաբերությունները ադեկվատ չեն, այսինքնՙ սերտորեն համագործակցելով Հայաստանի հետ ռազմական բնագավառում, Ռուսաստանը միեւնույն ժամանակ պրագմատիկ արտաքին եւ տնտեսական քաղաքականություն է վարումՙ պահանջելով, ասենք, վճարել պարտքերը գազի դիմաց: «Իսկ ի՞նչ է, մենք պրագմատիկ քաղաքականություն չե՞նք վարում: Ինչ վերաբերում է գազին եւ այլնին, ապա համագործակցությունը չի ենթադրում մուրացկանություն: Իմ խորին համոզմամբ, եթե մենք գազ ենք օգտագործում, ապա դրա դիմաց պարտավոր ենք վճարել», հայտարարեց նա: Նախարարն ընդգծեց, որ ռազմավարական գործընկերությունը ենթադրում է ոչ թե միակողմանի զիջումներ, այլ հետաքրքրությունների միասնականություն եւ «այդ միասնականության հետեւողական իրագործում»:
Անդրադառնալով հայ-ռուսական զորախմբի ստեղծմանը, Սարգսյանը նշեց, որ դրա մեծությունը կորոշվի ըստ անհրաժեշտության: Նախնական փուլում զորախմբի կազմում կընդգրկվեն Հայաստանում ռուսական ռազմակայանը եւ 5-րդ բանակային կորպուսը: Զորախմբին վերաբերող փաստաթղթերում արձանագրված է, թե անհրաժեշտության դեպքում ինչպիսի միջոցներով, ուժերով եւ հնարավորություններով այն պետք է հզորացվի:
Պատասխանելով լրագրողների հարցին, նախարարը նշեց, որ հայ-ռուսական համատեղ ուժերի ստեղծման դեպքում հայկական բանակի դերի նվազեցման վտանգ չի տեսնում: Առավել եւս, որ համատեղ զորախումբը ստեղծվում է Հայաստանի տարածքում, եւ դրա բոլոր գործողությունները հստակ ուրվագծված ենՙ զորախումբը չի կարող որեւէ ինքնուրույն գործողություն ձեռնարկել: Զորախումբը գործելու է Հայաստանի հրամանատարության ներքո. ինչպես ընդգծեց պաշտպանության նախարարը, «բանակը համատեղ հրամանատարություն չի ընդունում»: