ԲԱՔՈՒ, 27 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպես հաղորդում է Էմ Փի Էյ գործակալությունը Ստամբուլումՙ թուրքալեզու պետությունների VII գագաթաժողովի պետությունների ղեկավարների նիստում քննարկվել են թուրքալեզու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, էկոլոգիական ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման հարցեր:
Հանդիպմանը ընդունվել է Ստամբուլի հայտարարագիրը, որն արտացոլում է համագործակցության ընդլայնման ասպեկտները: Գործակալությունը հաղորդում է նաեւ, որ փաստաթղթում «արտացոլված է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացման փաստը»:
Միաժամանակ գագաթաժողովի ընթացքում Հեյդար Ալիեւը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել թուրքալեզու պետությունների նախագահների, գագաթաժողովին մասնակից երկրների առաջնորդների, ինչպես նաեւ Թուրքիայի ղեկավարության հետ: Մասնավորաբար, նախագահ Ահմեդ Սեզերի հետ հանդիպմանը քննարկվել են Բաքվի եւ Անկարայի միջեւ քաղաքական եւ տնտեսական ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: