Հայկոմկուսն ուզում է Ռուսաստան-Բելառուս-Հայաստան-ԼՂՀ միություն
Հայաստանի երրորդ հանրապետության օրոք այս տարի առաջին անգամ կնշվի մայիսի 1-ըՙ աշխատավորների օրը: Վերջերս ՀՀ ԱԺ-ն վավերացրեց տոնը հանրապետության տոնական օրացույցում:
Իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ամեն տարի նշում էր տոնը: Այս տարվա միջոցառումների մասին երեկ Կոմկուսի առաջնորդները տեղեկացրին լրագրողներին:
Կուսակցությունը նախատեսում է երթեր Երեւանում, Գյումրիում, Վանաձորում: Երեւանում երթը կմեկնարկի երկու շարասյունով, որոնք տարբեր երթուղիներով կգումարվեն Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի կունենա հանրահավաք: Կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղարը պարզաբանեց, որ կընդունվի նաեւ աշխատավորների շահերը պաշտպանող, նրանց խլված իրավունքների վերադարձը պահանջող բանաձեւ: «Հանրահավաք ենք կազմակերպում եւ ոչ տոնախմբություն, քանի որ տոնելու ոչինչ չունենք: Ի՞նչ ենք ասելուՙ «Կեցցե գործազրկությո՞ւնը», նշեց ՀԿԿ ներկայացուցիչը:
Տոնական մասից հետո Կոմկուսի առաջնորդներն անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման ներկա հանգրվանին: Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը նշեց, որ խնդրի լուծման գործընթացում որոշ աստիճանի գաղտնիությունը հասկանալի է, բայց այսօրվա կատարյալ գաղտնիությունն իրենք մերժում են: Պրն Դարբինյանն անընդունելի համարեց նաեւ այսօր շահարկվող փոխզիջումային տարբերակըՙ Լաչինի փոխարեն Ադրբեջանին Մեղրիով միջանցք տրամադրելու մասով: Իսկ ի՞նչն են կոմունիստներն ընդունելի համարումՙ հարցին ի պատասխան Վ. Դարբինյանը վստահեցրեց. «ԼՂ-ն պիտի լինի անկախ պետություն ու Հայաստանի հետ միանա Ռուսաստան-Բելառուս միությանը: Սա է մեր դիրքորոշումը»:
Լ. Գ.