«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2001-04-26 | #77, 2001-04-27 | #78, 2001-04-28


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ԵՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԼՈՒԾՄԱՆ ԽՆԴԻՐ Է

ԱԺ քաղաքական ուժերը հանդես են գալիս միասնական հայտարարությամբ

«Արցախի հիմնահարցն իր տարածքում ապրող հայ ժողովրդի մի հատվածի ազատ կամքի բռնի ուժով ճնշելու փորձերի ձախողմամբ ազգերի ինքնորոշման սկզբունքի անտեսման հետեւանք է: Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հազարավոր զոհերի, կորուստների գնով Արցախը նվաճել է իր անկախությունը եւ ամուր կապվել Հայաստանին:

Բանակցությունների ներկա փուլում ներքոստորագրյալ քաղաքական ուժերս անհրաժեշտ ենք համարում հայտարարել հետեւյալը.

Արցախի հիմնահարցի արդարացի լուծումը տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների բնականոն զարգացման, կայուն խաղաղության երաշխիքներին, հայկական պետականության հեռանկարին առնչվող ռազմավարական խնդիր է:

Մենք կողմնակից ենք տարածաշրջանի ներդաշնակ զարգացմանը, տրանսպորտային բոլոր կոմունիկացիաները բացելուն, Հարավային Կովկասի երեք երկրների համագործակցությանը:

Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների բարձր հեղինակությունը եւ կարգավորմանն ուղղված համաձայնեցված գործողությունները, գտնում ենք, որ հիմնախնդրի լուծումը պետք է միտված լինի կայուն, տեւական խաղաղության հաստատմանը: Այդ նպատակին չեն կարող ծառայել հապճեպ քայլերը կամ ճնշմամբ պարտադրումը:

Անընդունելի համարելով խաղաղ կարգավորումից հրաժարվելու, ուժի սպառնալիք կիրառելուՙ Ադրբեջանի Հանրապետությունում պարբերաբար հնչող կոչերը, մենք հայտարարում ենք. հերթական ագրեսիան ձեռնարկելու դեպքում Ադրբեջանն արժանի հակահարված կստանաՙ կրելով պատերազմական նոր գործողությունների ողջ պատասխանատվությունը:

Մեզ մտահոգում է հարեւան Թուրքիայի բացահայտ կողմնակալ դիրքորոշումը, ուստի մերժում ենք միջնորդ դառնալու այդ երկրի ցանկացած փորձ:

Մեզ համար արցախյան հիմնախնդրի կարգավորման ընդունելի սկզբունքներն են.

Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միավորումը կամ նրա անկախ կարգավիճակի միջազգային հաստատագրումը: ԼՂՀ իշխանությունների մասնակցությունը կարգավորման վերջնական տարբերակի մշակմանը: ԼՂՀ անվտանգությունը երաշխավորող ՀՀ-ԼՂՀ ընդհանուր սահմանի անհրաժեշտ երկարության ապահովումը: ԼՂՀ-ի լիարժեք անվտանգության երաշխավորումըՙ Ադրբեջանի հետ խաղաղության սահմանագծի արձանագրմամբ: Բանակցությունների ընթացքում Հայաստանի որեւէ տարածք խնդրո առարկա չի կարող դառնալ, իսկ կոմունիկացիոն հնարավոր որեւէ կապ չի կարող լինել Հայաստանի հողային ամբողջության կամ ինքնիշխանության հաշվին:

Հավաստելով մեր հավատարմությունը հիմնախնդիրը խաղաղ, իրավական ճանապարհով կարգավորելու սկզբունքին, ընդգծելով, որ անհրաժեշտ պահից կարգավորման առաջարկվող տարբերակը պետք է ներկայացվի Հայաստանի քաղաքական ուժերին եւ ժողովրդին, շեշտելով, որ խնդրի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունվի արցախյան բնակչության կողմից, գիտակցելով, որ հեռանկարում տարածաշրջանային կայուն զարգացման նախադրյալներ ստեղծելով է հնարավոր Հարավային Կովկասի երեք երկրների եւ ժողովուրդների լիարժեք զարգացումն ու ինտեգրացումը համաշխարհային գործընթացների մեջ, հայտարարում ենք.

Մենք հաստատակամ ենք Արցախի եւ նրա բնակչության իրավունքների պաշտպանության, հայ ժողովրդի արժանապատիվ ապագա երաշխավորելու գործում»:

Ներկայացված հայտարարությունը ստորագրվել է ՀՀ ԱԺ-ի, առանց բացառության, բոլոր ուժերի կողմից, համատեղ կարգով: Հանրապետական կուսակցությունից ստորագրել է Տիգրան Թորոսյանը, Ժողովրդական կուսակցությունիցՙ Գագիկ Ասլանյանը, «Հայաստան» խմբիցՙ Մյասնիկ Մալխասյանը, «Կայունություն» խմբիցՙ Վարդեւան Գրիգորյանը, «Ժողովրդական պատգամավոր»-իցՙ Հակոբ Հակոբյանը, Ազգային միաբանության կուսակցությունիցՙ Արտաշես Գեղամյանը, ՍԻՄ-իցՙ Հրանտ Խաչատրյանը, ԱԺՄ-իցՙ Ֆիլարետ Բերիկյանը, ՀՅԴ-իցՙ Աղվան Վարդանյանը, «Օրինաց երկրից»ՙ Արթուր Բաղդասարյանը, Կոմկուսիցՙ Հրանտ Ոսկանյանը:

Հայտարարության անհրաժեշտությունը զգացվում էր դեռեւս ավելի վաղ, երբ հանրապետության նախագահը մեկնեց Քի Վեսթՙ բանակցությունների: Այդ ընթացքում, սակայն, երկրի քաղաքական ուժերը պատրաստ չէին միասնական դիրքորոշմամբ հանդես գալու, որի նշանները սկսեցին ի հայտ գալ հատկապես Ռոբերտ Քոչարյանի ԱՄՆ-ից վերադառնալուց հետո խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին հանդիպելուց հետո: Քոչարյանը, սակայն, երեկ առիթ ունեցել է ասելու, որ ինքը որեւէ առնչություն չունի հայտարարության հետ, սակայն դրականորեն է վերաբերվում քաղաքական ուժերի միասնական հանդես գալու որոշմանն ու նախաձեռնությանը:

Հայտարարությունը շատ ավելի կարեւորվում է հարեւան պետություններին եւ ընդհանրապես միջազգային հանրությանն ապացուցելու, որ կարգավորման համար Հայաստանի առաջադրած սկզբունքները (Ղարաբաղի կարգավիճակի առաջնահերթությամբ) ընդունելի են ողջ քաղաքական ուժերի եւ հասարակության կողմից: Այս նախաձեռնությամբ արտերկրին փորձ է արվում ներկայացնել, որ քաղաքական ուժերը սատարում են հանրապետության նախագահին: Նկատենք, որ ստորագրած որոշ ուժեր որոշակիորեն ընդդիմադիր կեցվածքի են, որը, սակայն, չի խանգարել ստրատեգիական նշանակության հարցերում համախմբվածություն դրսեւորելու:

Հայտարարությունը որոշակի հարցերում հստակություն, այնուամենայնիվ, չի մտցնում: Օրինակ, որեւէ ակնարկ իսկ չկա Իրանիՙ կոնֆլիկտի կարգավորման մեջ ներգրավվելու մասին, իսկ ձեւակերպումը, թե «կոմունիկացիոն հնարավոր որեւէ կապ չի կարող լինել Հայաստանի հողային ամբողջության կամ ինքնիշխանության հաշվին», բավականին լղոզված է: Թերեւս առավել նպատակահարմար կլիներ հստակ դիրքորոշում հայտնել, թե Մեղրու տարածքով հնարավոր կոմունիկացիաների անցկացման եւ այդ դեպքում դրանք վերահսկելու հարցում իրենք ինչպես են տրամադրված: Դա կարեւոր հանգամանք է, քանի որ հենց այս խնդիրներն են այսօր ընդհանուր ուշադրության ու հետաքրքրության առարկա եւ բանակցությունների հիմնական առանցքը:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4