«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2001-04-26 | #77, 2001-04-27 | #78, 2001-04-28


ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԷՄԻԼ ԼԱՀՈՒԴԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԻ ԱՌԻԹՈՎ

Հարցազրույց Հայաստանում Լիբանանի դեսպան Թոնի Բադավիի հետ

Ինչպես տեղեկացրել ենք, առաջիկա մայիսի 4-5-ը (սխալմամբ գրել էինք մայիսի 2-4-ը) պետական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Էմիլ Լահուդը: Լիբանանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման տեսակետից շատ կարեւոր այդ այցի օրակարգի եւ մանրամասնությունների մասին դեռ առիթ կունենանք տեղեկացնելու: Մինչ այդ, հարմար գտանք մեր ընթերցողներին ներկայացնելու Հայաստանում Լիբանանի դեսպան պրն Թոնի Բադավիի հետ հարցազրույց, որն ըստ էության կարեւորում է այդ այցի նշանակությունը երկու երկրների ու երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացման տեսակետից:

- Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում նախագահ Էմիլ Լահուդի այս այցի նշանակությունը:

- 1991 թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո առաջին այցելությունն է Լիբանանի Հանրապետության որեւէ նախագահի: Մենք հիշում ենք, որ անցյալ տարվա փետրվարին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելեց Լիբանան եւ հրավիրեց նախագահ Լահուդին Հայաստան: Երկու երկրների բարձրաստիճան պատասխանատուների փոխադարձ այցելությունները չեն դադարել երկու երկրների միջեւՙ 1992 թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո: Ճիշտ է նաեւ, որ երկու կողմերիՙ հայ եւ լիբանանցի գործարարների այցերը կարեւոր դեր են խաղացել մեր տնտեսական եւ առեւտրական հարաբերությունների զարգացման մեջ:

- Ինչպե՞ս եք բացատրում այս եզակի հարաբերության գոյությունը Հայաստանի եւ Լիբանանի միջեւ:

- Հայաստանի ու Լիբանանի միջեւ հատուկ հարաբերություն գոյություն ունի, որը Լիբանանում հայկական աշխույժ եւ կենսունակ համայնքի գոյության վրա է հիմնվել, որն անխոնջ աշխատում է զարգացնել ընկերային, մշակութային եւ տնտեսական հարաբերությունները մեր երկրների միջեւ: Այս հատուկ հարաբերությունը հիմնված է նաեւ այն իրականության վրա, որ հայ համայնքն անբաժան մասնիկն է Լիբանանի քաղաքական եւ տնտեսական համակարգերի, որը կարեւոր դեր է խաղում Լիբանանի զարգացման մեջՙ առանց մոռանալու իր ընկերային, մշակութային էթնիկ արմատները, մայր հայրենիքի հետ կապերը: Սա հարստության աղբյուր է երկու երկրների համար եւ անկյունաքարը Լիբանանի ու Հայաստանի ապագա համագործակցության:

- Քաղաքացիական երկարամյա պատերազմից հետո Լիբանանը բռնել է վերակառուցման եւ վերականգնման ուղին: Նախագահ Լահուդի իշխանության օրոք ինչպիսի՞ աշխատանքներ է ձեռնարկում պետությունըՙ տնտեսական բարգավաճումը խթանելու եւ քաղաքական կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

- 1990 թ. սկսած Լիբանանը երկրի ներքին անվտանգության ամրապնդման ու քաղաքական կայունության հաստատման խոշոր եւ արագ քայլերի դիմեց: Երկրի քաղաքական ինստիտուտներն էլ ավելի ամրապնդվեցին 1998 թ. վերջերին Լիբանանի Հանրապետության նոր նախագահ Էմիլ Լահուդի ընտրությամբ, որն իր պաշտոնավարման կարգախոս ընտրեց օրենքի ու ինստիտուտների պետության կայացումը:

Վերոհիշյալ շրջանակների մեջ է մտնում վարչապետ Ռաֆիկ Հարիրիի գլխավորած կառավարության քաղաքականությունը, որը ձեռնամուխ է եղել իրավական, տնտեսական եւ վարչական բարենորոգումների ծրագրի իրականացմանըՙ հետամուտ լինելով գլխավորապես հետեւյալ նպատակների իրականացմանը. լիբանանյան տնտեսության արդիականացում ու տնտեսական աճի ամրապնդում, մասնավոր սեկտորի այնպիսի զարգացում, որը թույլ կտա տնտեսական աճի շարժիչի դեր կատարելու, համաշխարհային տնտեսությունում Լիբանանի ինտեգրացումՙ տնտեսական ազատական քաղաքականության որդեգրման միջոցով, ինչպես նաեւ միջազգային առեւտրի շարժի հեշտացում եւ դրամական ու ֆինանսական կայունության ապահովում:

- Ցարդ ինչպիսի՞ համաձայնագրեր են ստորագրվել Լիբանանի եւ Հայաստանի միջեւ:

- 1995-98 թթ. մի շարք համաձայնագրեր ստորագրվեցին Լիբանանի եւ Հայաստանի միջեւՙ տնտեսական, առեւտրական, մաքսային, ցամաքային եւ տրանսպորտային, զբոսաշրջության, կրթության եւ մշակույթի բնագավառներում: Այս բոլոր համաձայնագրերն ամբողջովին կամ մասնակի գործադրության են դրվել: Մեր հույսը մեծ է, որ Լիբանանի վսեմաշուք նախագահ Էմիլ Լահուդի այցը Հայաստան կնպաստի ջերմ հարաբերությունների զարգմանը եւ խորացմանը երկու երկրների միջեւ:

- Ի՞նչ խոսք ունեք փոխանցելու Հայաստանի եւ սփյուռքի ընթերցողներին:

- Պետք է շեշտեմ, որ հայ-լիբանանյան հարաբերությունները երկու տարբեր երկրների միջեւ գոյություն ունեցող կապերից շատ ավելին են: Մարդկային, մշակութային, ընկերային կապերը, որոնք գոյություն ունեն լիբանանցի եւ հայ ժողովուրդների միջեւ, նրանց դարձնում են եղբայր ժողովուրդներ: Ահա այս է հզոր հիմքը, որի վրա կառուցում ենք մեր այսօրվա եւ ապագայի հարաբերությունները, որպեսզի արդյունավետ եւ կառուցողական համագործակցությունը շարունակվի մեր երկու երկրների ու ժողովուրդների բարօրության համար:

Հարցազրույցը վարեց ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4