«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2001-04-26 | #77, 2001-04-27 | #78, 2001-04-28


ԿՈՄԻՏԱՍԻ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

<20017802.jpg>

Մարդկային կյանքի երկու առանձնահատկություններՙ անձնուրաց ստեղծագործություն եւ անասելի տանջանքներ մարմնավորող, «ներդաշնակության եւ պոլիֆոնիայի հազվագյուտ վարպետի»ՙ անմահ Կոմիտասի մինչ այժմ երբեք չուսումնասիրված խելագարության հոգեբանական վերլուծությանն է նվիրված վերջերս Կոմիտաս ինստիտուտի (Նյու Ջերսի, ԱՄՆ) հրատարակած Ռիտա Սուլահյան-Գույումջյանի «Խելագարության հնաբանական ուսումնասիրություն: Կոմիտաս: Հայկական մի սրբապատկերի դիմանկարը» վերնագրով գիրքը:

Ըստ «AGBU» (ՀԲԸՄ) եռամսյա պարբերականի այս տարվա մարտյան համարի տվյալների, հեղինակը ծնվել է Բեյրութում: Հինգ երեխաներից ամենակրտսերն է եղել: Սովորել է Երեւանում: Ամուսնացած է եւ ունի մի որդի, որն այժմ իրավաբան է աշխատում Տորոնտոյում: Հեղինակի ընտանիքը Կանադա է գաղթել 1976-ին: Տասներկու տարի առաջ, ընդհատելով իր մասնագիտական աշխատանքը որպես հոգեբույժ Մոնրեալի Մկգիլ համալսարանին կից գործող Սբ. Մարիի անվան հիվանդանոցային կենտրոնում, Ռիտան ձեռնամուխ է լինում ուսումնասիրելու Կոմիտասի խելագարության հոգեբանական պատճառները: Իր աշխատանքներին ընկերանում է մի մարդ, որը հետագայում դառնում է նրա ամուսինը: Երկուսն էլ որոշում են մասնագիտանալ բժշկության մեջ, չնայած սկզբնական նախասիրությունները տարբեր են լինում. Ռիտայինըՙ գրականություն, իսկ ամուսնունըՙ ճարտարապետություն:

Կոմիտասի կյանքը Ռիտան ուսումնասիրել է տարբեր վայրերումՙ Երեւանում, Ֆրանսիայում, Վիեննայում, Բեռլինում եւ Թուրքիայում, որտեղ այցելել է այն առաջին հիվանդանոցը, ուր տեղափոխվել է երգահանը ցեղասպանությանն ականատես լինելուց անմիջապես հետո:

«Այդ վայրերն այցելելիս սիրտս ճմլվում էր, ուժգին բաբախում: Պատկերացնում էի, թե նա այնտեղ է, այն սենյակում, ուր աշխատում եմ: Փակում էի աչքերս եւ տեսնում նրան սենյակում շրջելիս: Չափազանց հուզիչ էր այդ ամենը», պատմում է Ռիտան պարբերականի էջերում, որտեղ նաեւ «Սիրո աշխատանք» է կոչում իր կատարածը: Փաստաթղթերի հետ ծանոթանալիս Արամ Անտոնյանի գրառումները եղել են ամենատպավորիչները: Անտոնյանը Կոստանդնուպոլսում նրանց թվում է եղել, ովքեր Կոմիտասի հետ ձերբակալվել են, բանտարկվել, իսկ հետագայում նաեւ բռնագաղթվել դեպի Սերայ-Բուռնու, Հայդարփաշա եւ, ի վերջո, Չանղըրիի մահվան ճամբարը: Այդ գրառումները հազվագյուտ «պատուհան» են, ըստ Ռիտայի, դեպի այն անասելի տառապանքները, որոնց ենթարկվել են անմեղ մարդիկ եւ որոնք դարձել են Կոմիտասի մտավոր հավասարակշռությունը կորցնելու հիմնական պատճառները:

Երկու հարյուր քառասուն էջանոց գիրքը լի է մարդկայնությամբ: Այնտեղ, ըստ գրախոսականի, ամենայն մանրամասնությամբ նկարագրված են անզուգական վարդապետի նվիրական կյանքի պատմական, հոգեբանական, կրոնական եւ երաժշտական դրվագները: «Ընթերցելուց հետո մտերմիկ մի անձնավորություն է դառնում Կոմիտասը», գրում է Նիկոլ Վարդանյանը պարբերականի էջերում:

Հեղինակը Կոմիտասի մտավոր հավասարակշռության կորուստն ախտորոշել է «հետվնասվածքային ստրեսային խանգարում», որն, ըստ նրա, քիչ ուսումնասիրված ոլորտ է: Այդ իսկ պատճառով նա այժմ փորձում է Կանադայում հիմնել մի կենտրոնՙ հատուկ այդ հիվանդությամբ տառապողներին բուժելու նպատակով: «Նման ուսումնասիրությունների չեմ հանդիպել ոչ իսկ հրեական գրականության անգլերեն թարգմանություններում», ասել է նա եւ հույս հայտնել, որ երիտասարդների միջոցով փորձելու է վառ պահել հանճարեղ երգահանի եւ բանահավաքի ոգին: Գրականության, երաժշտության եւ անձնուրաց ստեղծագործության շնորհիվ երիտասարդները պետք է թոթափեն իրենց ուսերից զոհվածի ու պարտվածի հոգեբանությունը եւ փոխարենը կրեն ազգային հպարտության հոգեբանությունը: «Եթե կարողանամ հասնել դրան, հավատացած եմ, որ Կոմիտասի երազանքն իրականություն դարձած պիտի լինի», նշել է Ռիտան վերջում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4