<20017801.jpg>
Սեմինարՙ նվիրված հեղինակային իրավունքին
Ապրիլի 17-20-ը Ծաղկաձորում անցկացվեց «Գիրքը, հեղինակային իրավունքը եւ հրատարակչական գործարարությունը (բիզնեսը)» թեմայով սեմինար, որի հովանավորն էր Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը: Կազմակերպիչն էր Հրատարակիչների ազգային ասոցիացիան: Սեմինարը ղեկավարում եւ վարում էր միջազգային բարձր կարգի մասնագետ Լիմեր Օուենը (Լոնդոն), որի մասնագիտական գիրքն այժմ թարգմանվում է հայերեն եւ պատրաստվում հրատարակության: Հայաստանում առաջին անգամ անցկացվող նման բնույթի սեմինարին մասնակցում էին գրքի հրատարակության եւ վաճառքի, հեղինակային իրավունքների պահպանմամբ շահագրգռված կազմակերպությունների ներկայացուցիչներՙ հրատարակիչներ, պոլիգրաֆիստներ, գրավաճառներ, ՀՀ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության, Ազգային գրադարանի, Ազգային գրապալատի, գրողների միության եւ գրականության ինստիտուտի աշխատակիցներ:
Հիմնարար խոսակցություն գնաց այն մասին, որ այժմ ողջ աշխարհում շատ ավելի շահավետ է հեղինակային իրավունքների հարցերով զբաղվելը: Կարեւոր է համարվում, թե տվյալ երկիրն անդամագրվա՞ծ է Բեռնի 1886 թ. կոնվենցիային, ըստ որի խստորեն պահպանվում է հեղինակային ամեն իրավունք: 190 երկրների շարքում է նաեւ Հայաստանը, որի Ազգային ժողովը հոկտեմբերի 18-ին այդ կոնվենցիային մեր երկրում օրենքի ուժ տվեց:
Սեմինարը, որը նվիրված էր հեղինակային իրավունքի գրքի եւ գրահրատարակության մասով, լուրջ խոսակցություն էր հեղինակային իրավունքի երկու գերիշխող ուղղությունների մասին: Լոնդոնից ժամանած փորձագետն աշխատեց հիմնավորել այսպես ասած «անգլո-սաքսոնական տարբերակը», ըստ որի առաջնային է համարվում հրատարակչության, այլ ոչ թե ստեղծագործողի հեղինակային իրավունքը: Ի հակակշիռ այս փաստարկմանՙ Հայաստանի հեղինակային իրավունքների ազգային գործակալության պետի տեղակալ Սուսաննա Ներսիսյանն առաջադրեց ստեղծագործողի (այդ դեպքումՙ գրողի) իրավունքների առաջնայնությունը: Երկկողմանի փաստարկները լրացնում էին միմյանց:
Սեմինարի օրերին Ծաղկաձորում բացվել էր հայկական գրքի ցուցահանդես: Լավագույններն արժանացան մրցանակների:
Ինչպես հաղորդեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանը, Հայաստանում անցկացվող այս երրորդ սեմինարը (առաջինին մասնակցել էին փորձագետներ Գերմանիայից եւ ԱՄՆ-ից) վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին օգտակար եղավ մեզ համար:
Ս. Գ.