«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2001-04-27 | #78, 2001-04-28 | #79, 2001-05-01


Ն. ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ն ՈՒՐՎԱԳԾՎԵԼ Է 1999 Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ

Ըստ մեղադրական եզրակացությանՙ մարտ ամսին

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ամբաստանյալ Ն. Հունանյանը հոկտեմբերի 27-ի քրեական գործով ապրիլի 30-ի դատական նիստում նկարագրում էր 99 թ. մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսներին իր ծավալած գործունեությունը եւ հետաքրքրությունները: Նրա ասելով, դրանք ընդհանուր ոչինչ չունեն մեղադրական եզրակացության այն ձեւակերպման հետ, ըստ որի 99 թ. մարտ ամսից նպատակադրվել էր զավթել իշխանությունը»: Ամբաստանյալը հայտնեց, որ մարտ-ապրիլ ամսիներին կուսակցություն ստեղծելու նախապատրաստության մեջ էրՙ ցանկություն ունենալով մասնակցել 99 թ. խորհրդարանական ընտրություններին: Կուսակցություն ստեղծելու փորձերը ձեռնարկել է 99 թ. փետրվարիցՙ առաջին խոսակցությունները վարելով ընկերների հետ, թեպետ, իր ասելով, առանձնապես սպասելիքներ չուներ: Դա տեղի է ունեցել Ազգային հեռուստատեսությունում իր հաղորդաշարը փակելուց հետո:

Կուսակցություն ստեղծելու աշխատանքները նախաձեռնել է ամբաստանյալ Միսակ Մկրտչյանի հետ, նրա միջոցով է ծանոթացել ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի հետ: Վերջինիս տանը մի քանի հանդիպումներ են ունեցելՙ նպատակ ունենալով շոշափել Մ. Մովսիսյանի տրամադրությունըՙ «Վազգեն Սարգսյանի ռեժիմի մասին»: Միսակ Մկրտչյանի հետ հանդիպել է նաեւ Շանթ Հարությունյանին. «Ես ու Շանթը եկանք նույն տեսակետինՙ առանց Վ. Սարգսյանի բռնապետական ռեժիմը վերացնելու անհնար է որեւէ լուծում», հայտնեց ամբաստանյալը, նշելով, որ Շ. Հարությունյանին առաջարկել է ջանքերը համատեղելով կուսակցություն ստեղծել եւ հզոր հանրահավաք կազմակերպելով մտնել քաղաքականություն: Ամբաստանյալը շտապեց հայտնել. «Նշածս անձինք որեւէ առնչություն չունեն «Հոկտեմբերի 27»-ի հետ, որովհետեւ այդ ժամանակ չեմ ունեցել հիշյալ գործողության ո՚չ գաղափարը, ո՚չ ծրագրերը, ո՚չ էլ այդ պահին այդպիսի նպատակ եմ հետապնդել»:

Կուսակցություն կազմավորելու ջանքերն ապարդյուն են անցել եւ մայիս ամսին ավարտվել են զրոյական արդյունքով: Ն. Հունանյանի ասելով, ձախողվել է երկու պատճառովՙ ժամանակի սղության եւ ֆինանսների բացակայության: Նշված ժամանակահատվածում ձախողվել են նաեւ տնտեսական ասպարեզ մտնելու փորձերը: Եղբայրըՙ Կարեն Հունանյանը, 80 լիտր օծանելիք է ներկրել Թուրքիայից, սակայն վաճառքը ձախողվել է: Ձախողվել է նաեւ տիպերի վաճառքը:

Այդ ժամանակամիջոցումՙ 99 թ. ապրիլին ՀՀ կառավարության շենքի առջեւով անցնելիս պատահաբար հանդիպել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանին եւ պայմանավորվել առանձնազրույցի համար: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ 15-20 րոպեանոց առանձնազրույցը տեղի է ունեցել վերջինիս աշխատասենյակում, որի ժամանակ դիմել է աշխատանքի տեղավորելու խնդրանքով: Պայմանավորվածության համաձայն, Ա. Հարությունյանը պետք է պատասխան տար մեկ շաբաթից, սակայն խոստացել է խորհրդարանական ընտրություններից հետո անդրադառնալ հարցին: Աշխատանքի տեղավորելու հարցով Ա. Հարությունյանին կրկին զանգահարել է հուլիսի 3-ին կամ 4-ին: Այս անգամ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն առաջարկել է սպասել մինչեւ ԱԺ ղեկավարության եւ կառավարության ձեւավորումը, նշելով, որ այդ ժամանակ ի վիճակի կլինի ինչ-որ բան անել: Ամբաստանյալի ասելով, դրանից հետո հնարավոր չի եղել կապվել Ա. Հարությունյանի հետ, որովհետեւ նրա բջջային հեռախոսի համարը փոխվել էր, իսկ քաղաքային հեռախոսով չի հաջողվել հետը զրուցելՙ նրա զբաղված լինելու կամ տեղում չլինելու պատճառով: Մեկ-երկու անհաջող փորձերից հետո դադարեցրել է զանգերը:

Ամբաստանյալը վերադառնալով քաղաքական գործունեություն ծավալելու իր ցանկություններին, հայտնեց, որ այդ շրջանում Մուշեղ Մովսիսյանից եւ Շ. Հարությունյանից բացի, հանդիպել է նաեւ սփյուռքահայ Ղազար Սարգսյանին, որն այդ շրջանում աշխատում էր մայրաքաղաքի զորամասերից մեկում: Վերջին անգամ Ղ. Սարգսյանին հանդիպել է 99 թ. օգոստոսի վերջերինՙ «երբ ինձ մոտ ուրվագծվում էին առաջիկա իրադարձությունների գաղափարները», ուզում էր պարզելՙ արժե՞ նրա հետ այդ մասին խոսել: Նպատակը եղել է նրա տրամադրությունը շոշափելը: Զրուցել են երկրի վիճակի մասին, փաստել է, որ ինչ-որ բան պետք է անել, կրավորական կեցվածք չընդունել: Սակայն Ղազար Սարգսյանը պատասխանել է, որ Հայաստանում ճիշտ չեն ընկալում սփյուռքահայերի մասնակցությունը քաղաքական կյանքին, եւ դա իրենց հիասթափեցնում է:

Հանդիպել է նաեւ Սմբատ Հակոբյանին եւ նրա հետ խոսել երկրում տիրող վիճակի մասին: «Նա մի փոքր բորբոքվելով ասացՙ մեկ-մեկ քիչ է մնում մարդ զենքը ձեռքը վերցնի ու փողոց դուրս գա», զրուցակցի խոսքերը վերհիշեց ամբաստանյալը:

Ն. Հունանյանը հավելեց նաեւ, որ ազգականներից մեկիՙ պատգամավորության թեկնածու Կամո Պետրոսյանի խնդրանքով մայիս ամսին ինքն ու եղբայրը հանդիսացել են նրա վստահված անձինքՙ հետեւելով ընտրությունների օրինականություններին: Այդ ժամանակ հանդիպել է նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին, որը հայտնել է, թե ընտրությունների հետ առանձնակի հույսեր չի կապում, եւ լավ բան ակնկալելն անիմաստ է:

Ամփոփելով 1999 թ. մարտից-հունիս ժամանակահատվածի իր գործունեությունը, ամբաստանյալը շեշտեց, որ ինքն այդ շրջանում որեւէ մեկին սպանելու կամ վիրավորելու մասին չի մտածել, հակառակ դեպքում այդ մասին առաջինը կհայտներ Միսակ Մկրտչյանին, որի հետ 20 տարվա մտերմություն ուներ, սակայն նախաքննությունն անգամ այդպիսի ցուցմունք չունի: Ամբաստանյալի երեկվա ցուցմունքներից մեր տպավորությունն այն է, որ հիշյալ 4 ամիսները նրա համար եղել են ձախողումների եւ հիասթափությունների շրջան, որին առավել մեծ լիցք են հաղորդել իր իսկ կողմից նշված զրուցակիցներնՙ իրենց տեսակետներով, եթե դրանք, իհարկե, իրականություն են:

Դատական հաջորդ նիստին, որը տեղի կունենա չորեքշաբթի օրը, ամբաստանյալը հավանաբար կմոտենա «Հոկտեմբերի 27»-ի գործողություններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4