«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2001-04-27 | #78, 2001-04-28 | #79, 2001-05-01


ՀՌԱԿ ՆՈՐ ԱԿՈՒՄԲ ԵՐԵՎԱՆՈՒՄ

<20017902.jpg>

Բացվեց «Մետաքս» ակումբը

Երեկ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության երեւանյան ակումբների թիվն ավելացավ եւս մեկով. բացվեց «Մետաքս» ակումբը: Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս կազմակերպությանը հենց առաջին օրն անդամագրվեցին տասնյակից ավելի մարդիկ: Բայց, ինչպես նշեց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, կարեւորը ոչ թե անդամների թիվն է, այլ հավատարմությունը ռամկավար-ազատական գաղափարներին եւ գործունեության նպատակասլացությունը: Երեւանի պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Ֆելիքս Չոբանյանը, բանկային գործի մասնագետ Տիգրան Գրիգորյանը, գործարար Կարո Սեդոյանը, օտար լեզուների ինստիտուտի դասախոս Գայանե Մանուկյանը, մենեջեր Հեղինե Էդոյանը եւ մյուսները երդվեցին:

«Ընդունվելով Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության շարքերըՙ երդվում եմ խղճովս ու պատվովս, հանուն ազատության եւ հայրենիքիս բոլոր սրբությունների, նվիրվել ազգիս եւ հայրենիքիս սուրբ դատինՙ բարեխղճորեն կատարելով ինձ վրա դրված պարտականությունները»:

- Վերջերս հարթվեցին սփյուռքում գտնվող երկու թեւերի միջեւ եղած հակասությունները, եւ այժմ ՌԱԿ-ը գործում է համատեղ, մեկ կենտրոնով, ասաց Ռուբեն Միրզախանյանը: Մենք մեր առջեւ այսուհետ խնդիր կդնենք միջազգային հարաբերություններում ավելի ակտիվ դեր կատարելու, ազատական գաղափարախոսության տեր կուսակցություններին եւ կազմակերպություններին ավելի սերտաճելու համար:

Մինչեւ տարեվերջ ՀՌԱԿ-ի նախաձեռնությամբ մայր հայրենիքում կհավաքվեն աշխարհի բոլոր երկրներում գտնվող ռամկավարների ներկայացուցիչներՙ համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման համար:

«Մետաքս» ակումբի ատենապետ Խաչիկ Էդոյանը, այս նոր ակումբի ստեղծման համար մեծ ջանքեր թափած «Այգեստան» ակումբի ատենապետ Արմեն Ստեփանյանն ուրախությամբ նշեցին, որ ՀՌԱԿ-ի նորագիր անդամները մեծ պատրաստակամություն են հայտնել աշխատելու, կուսակցությանը զորավիգ լինելու:

ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Լուսանկարներըՙ Սահակ Տրոյանի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4