ԲԱՔՈՒ, 30 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղար Սարդար Ջալալօղլին նամակով դիմել է Միլի մեջլիս, որով մտահոգություն է հայտնում պետության ղեկավարի առողջության առթիվ: Վկայակոչելով գործող սահմանադրությունը, Ժողովրդավարական կուսակցության ղեկավարը խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսքերովին առաջարկում է հասարակությանը բացատրություն տալ Հեյդար Ալիեւի առողջության վատանալու մասին տարածվող լուրերի կապակցությամբ:
Լրագրողները, որոնք փորձում էին գտնել «Ենի Ազերբայջան» կուսակցության աչքի ընկնող գործիչ Մուբարիզ Ղուրբանլիի այն խոսքերի հաստատումը, թե նախագահի աշխատանքային ժամանակացույցում ոչ մի փոփոխություն չի եղել, այդպես էլ չեն կարողացել դրա մասին պարզ պատասխան ստանալ նախագահի վարչակազմի համապատասխան ծառայություններից:
Խորհրդարանի նախկին նախագահ Ռասուլ Գուլիեւի հետ հարցազրույցի ժամանակ «Մուսավաթ» լրագրի թղթակիցը փաստորեն քողազերծել է նրան, հարցնելով, թե հո ինքը չէր Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցությանը հաղորդել Հեյդար Ալիեւի առողջության վատթարացման մասին: «Նովայա վրեմյա» լրագիրը ընդարձակ հոդված է տպագրել, որի մեջ հիմնավորվում է պետության ղեկավարի անգործունակությունը եւ կոչ է արվում նրան պաշտոնազրկման արարողակարգի ենթարկել: