«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2001-04-27 | #78, 2001-04-28 | #79, 2001-05-01


ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՄԻՆՍԿՈՒՄ

Անցած շաբաթ Մինսկում տեղի ունեցավ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու նպատակով Բելառուս էր մեկնել հայկական կողմի համանախագահ, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ինչպես հայտնեցին նախարարության լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցության վիճակը, «ԲելԱր» համատեղ ձեռնարկության գործունեությունը եւ այլ հարցեր: Բանակցությունների ընթացքում նախաստորագրվել են նաեւ «Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ աջակցության մասին» միջկառավարական եւ «Կրթության ոլորտում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագրերը, որոնց ստորագրումը նախատեսված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստան կատարելիք այցի ընթացքում:

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանին ունեցած բելառուսական պարտքի կարգավորմանը եւ զինամթերքի եւ ռազմական տեխնիկայի փոխադարձ առաքումներին վերաբերող համաձայնությունները, ըստ որոնց այդ հարցերի առնչությամբ ընթացիկ տարում կողմերը պարտավորվում են գտնել վերջնական լուծում:

ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարը Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Բելառուսի վարչապետին երաշտից տուժած Հայաստանին որպես մարդասիրական օգնություն 1000 տոննա կարտոֆիլի սերմացու հատկացնելու համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4