«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2001-04-27 | #78, 2001-04-28 | #79, 2001-05-01


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ

Անվիճելի փաստ է, որ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային վերջին զարգացումների հանդեպ ԼՂՀ քաղաքական դաշտը զգալի իներտ էր: Դժվար է բացատրել այն զգուշավոր լռությունը, որ դրսեւորում էին Արցախում գործող քաղաքական կազմակերպությունները, մանավանդ քիվեսթյան բանակցությունների ընթացքում եւ անմիջապես հետո: Կուսակցական «խոհանոցային» քննարկումներ, անշուշտ, կային, սակայն դրանք դուրս չէին բերվում քննարկումների բաց սեղան:

Ազդակ եղավ, ամենայն հավանականությամբ, ՀՀ խորհրդարանի վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի լուծման ուղիների շուրջ: ՀՅԴ Արցախի գրասենյակն ապրիլի 28-ին հրավիրեց քննարկումներ: Միջոցառման ֆորմատն, ըստ հայտարարության, ներառում էր սոսկ քաղաքական կազմակերպությունների մասնակցությունը, սակայն պարզվեց, որ քննարկումներին մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ ԼՂՀ խորհրդարանի որոշ պատգամավորներ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպություններՙ ի դեմս Հայրենական պատերազմի վետերանների միության եւ Արցախյան պատերազմի վետերանների միության: Իսկ մասնակից կուսակցությունները ներկայացնում էին, բացի ՀՅԴ-ից, Արցախի Կոմկուսը, Արմենական եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, այսինքնՙ այն կազմակերպությունները, որոնք հիմնականում ներկայացված են ԼՂՀ խորհրդարանում (բացառությամբ կոմունիստների):

ՀՅԴ գրասենյակի ղեկավար Գրիշա Հայրապետյանը կարճառոտ ներկայացնելով այդ հանդիպման նպատակը, խոսք տրամադրեց իր կուսակցական ընկերոջըՙ Սերժ Ամիրխանյանին, որն ավելի մանրամասնեց նման քննարկումների անհրաժեշտությունը:

Քաղաքական ուժերի ակտիվացումը վերջին զարգացումների կապակցությամբ կարող է էապես ամրապնդել նախագահի դիրքը բանակցություններում, նշեց Ս. Ամիրխանյանը: Այս առումով նա կոչ արեց մենակ չթողնել իշխանություններին: Եթե բանակցություններում արծարծվի միավորման հարցը, ապա գերադասելի խոսքը, անկասկած, Հայաստանինն է, իսկ ԼՂՀ անկախության հարցի քննարկմանը Արցախի քաղաքական իշխանությունների դերը պիտի լինի ընդգծված:

Ելույթ ունեցողը ցավով նշեց, որ բանակցությունների արդյունքների մասին իրենց բոլորի անիրազեկությունը թույլ չի տալիս առավել կոնկրետ մոտեցումներ ցուցաբերել հիմնախնդրին: Այդուհանդերձ, քաղաքական քննարկումների դաշտը բաց է, եւ կուսակցությունները կարող են արտահայտել իրենց նկատառումները: Իրենց դիրքորոշումները ներկայացրին քննարկմանը մասնակցող ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական կազմակերպությունները: Թեպետ ելակետերն ընդհանուր առմամբ նույնն էինՙ ենթակայության որեւէ տեսակի բացառում, այնուամենայնիվ, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման նրանց տարբերակները խիստ մասնավոր էին, որն էլ պատճառ դարձավ բանավիճողներինՙ երեւան հանելու իրենց քաղաքական գիտելիքների ողջ զինանոցը: Իմացությունների ցուցադրման այս շքերթն այնքան ցցուն էր, որ քննարկմանը մասնակցող ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի եւ լրատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն առաջարկեց քննարկումները շարունակել. առանց լրագրողների: Առաջարկությունը հավանության արժանացավ, թեեւ պատճառաբանումը բնավ համոզիչ չէր. եթե քննարկումները կոնֆիդենցիալ էին, ապա հարկ չկար էն գլխից թույլատրել լրագրողների ներկայությունը: Տեղեկացնենք, որ լրագրողական կորպուսը ներկայացնում էին միայն Արցախի պետական հեռուստատեսությունը եւ «Ազգը»:

Քաղաքական քննարկումները այդուհետեւ շարունակվեցին առանց լրագրողների: Ինչպես «Ազգի» թղթակցին տեղեկացրեց ԼՂՀ ԱԺ դաշնակցական խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը, քննարկումների արդյունքում հաջողվեց քաղաքական ուժերի տեսակետները համահարթել դիրքորոշումների նույն գծի վրա: Ընդունվեց համատեղ հայտարարություն, որը ստորագրեցին քննարկումներին մասնակցած բոլոր կազմակերպությունները:

Հայտարարության հրապարակումն, անշուշտ, կհաստատի Արցախի քաղաքական ուժերի հավաքական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ:

Հարկ է պարզապես հետայսու նմանատիպ քննարկումները դարձնել առավել ներկայացուցչականՙ ընդգրկելով Արցախի մյուս քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին:

Եվՙ առանց մամուլից զգուշանալու:

ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4