<20017901.jpg>
SAC-4 վարկի ստացումն ու Նյու Յորքի համաժողովը մնում են ուժի մեջ
Բաշխիչ ցանցերի վաճառքի տապալումից հետո, երբ արդեն իրենց մեկնաբանություններն են արել ՀՀ կառավարությունն ու ՀՀ նախագահը, երեկ մեկնաբանություններ տվեց նաեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակը: Բանկի հրավիրած ասուլիսում տեղեկացվեց երկու նորություն. առաջինըՙ օրերս բանկի երեւանյան գրասենյակը տնօրենների խորհրդի հաստատմանն է ներկայացրել SAC-4 կառուցվածքային բարեփոխումների վարկը, եւ երկրորդ, ինչպես հայտարարվել է, մայիսի 9-11-ը Նյու Յորքում ՀԲ հովանու ներքո տեղի կունենա Հայաստանում ներդրումների միջազգային համաժողովը: Այսինքնՙ անկախ ամեն ինչից, ՀԲ-ՀՀ կառավարություն նախնական պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ:
SAC-4-ի 50 մլն-ից առնվազն 30 մլն-ը կստացվի, եթե....
Մայիսի 23-ին ՀԲ տնօրենների խորհուրդը կորոշի Հայաստանին տրամադրվելիք կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկային ծրագրիՙ SAC-4-ի, հետագա ճակատագիրը: «Ես ուզում եմ, որ ԲԷՑ-երի վաճառքը քննադատողները հատուկ իմանան, որ ՀԲ-ն ճնշում չի գործադրում Հայաստանի վրա, այլ նրա գործընկերն է եւ նրա կողքին կլինի, անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա: Քննադատների անհիմն քարոզչությունը մայիսի 23-ին կանհետանա», ասաց ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյ Սաադաթըՙ ակնարկելով. որ SAC-4-ը, անկախ ամեն ինչից, տրամադրվելու է Հայաստանին, կամՙ գոնե նրա մի մասը: Վարկի ծավալը 50 ԱՄՆ դոլար է, որը կտրվի երեք չափաբաժնով. առաջին երկու չափաբաժինները 15-ական մլն դոլար են, երրորդըՙ 20 մլն, որը «լողացող տրանշ» է եւ կստացվի ցանցերի մասնավորեցումը հաջողությամբ ավարտելուց հետո: «Իսկ եթե վաճառքը երկրորդ անգամ էլ տապալվի՞» հարցին պատասխանը հստակ էր. «SAC-4-ի վերջին ժամկետը 2002 թվականի մարտի 30-ն է, եթե մինչեւ այդ օրը ՀՀ ԲԷՑ-երը չմասնավորեցվեն, ապա 20 մլն դոլարը կկրճատվի»: «Մենք բոլորովին էլ չենք ուզում ձեւացնել, թե բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը մեզ համար կարեւոր հարց չէ», ասաց բանկի հայաստանյան պատասխանատուն, բայց դա, ըստ նրա, առաջին հերթին կարեւոր է Հայաստանի համար: Ցանցերի վաճառքը ինքնանպատակ չէ, պետք է տեղի ունենա երկրի եւ ժողովրդի շահերից ելնելով, «արդյունավետ, թափանցիկ, մրցակցության վրա հիմնված, որպեսզի բաց մրցույթի միջոցով հաղթի ամենալավ ընկերությունըՙ միջազգային ու մեծ փորձ ունեցող»: Բանկը տեղյակ է, որ էլեկտրաէներգիայի դիմաց չվճարվող գումարները եւ կատարվող հափշտակությունների ծավալը համակարգում հասնում են 40-50 մլն ԱՄՆ դոլարի, իսկ ոլորտը շարունակում է պարտքերի կուտակումը վառելիքի մատակարարների, բանկերի, այլեւայլ մարմինների նկատմամբ, եւ, հետեւաբար, վստահ է, որ մասնավորեցումը դարձել է օրախնդիր ու հարցերի լուծման միակ ճանապարհ: Բանկն ունի նաեւ ցանցերի վաճառքի տապալման իր գնահատականները: Ըստ ՀԲ-ի, ՀՀ կառավարությունը պետք է հաշվի առներ շուկայի դաժան մրցակցությունը, որտեղ գնորդին են փնտրում, եւ ոչ թե գնորդն է փնտրում. մրցույթում նախաորակավորված ընկերությունները այդ նույն ժամանակ զբաղված էին այլ շուկաներում, մասնավորապես Ուկրաինայում, որտեղ վերջերս վաճառվեց 6 ցանց, եւս 12-ը կվաճառվի առաջիկա վեց ամսվա ընթացքում: Մյուս պատճառը մրցույթի ձգձգումն էր ու Հայաստանի փոքր շուկան: Ըստ որում, ընկերություններից մեկը, պատճառաբանելով հայաստանյան փոքր շուկան, հարց է բարձրացրել էլեկտրաէներգիայի արտահանման թույլտվության վերաբերյալ: Բանկը գտնում է, որ ՀՀ կառավարությունը անցյալից դասեր քաղելով պետք է վաճառքի երկրորդ փուլում վարի ավելի «ակտիվ ու ագրեսիվ մարկետինգ»: ՀԲ-ին ուրախացնում են կառավարության նպատակամետությունըՙ շարունակելու ցանցերի մասնավորեցման գործընթացը, ՀՀ նախագահի ու վարչապետի պատրաստակամությունըՙ անձամբ ղեկավարելու մրցույթի երկրորդ փուլը: Արդեն ստեղծվել է տեխնիկական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի մրցույթի տապալման պատճառներն ու ճշտի նոր մրցույթի պայմանները: Մի խոսքովՙ բանկը պատրաստ է շարունակելու իր օգնություններըՙ կանգնելով կառավարության կողքին, հաստատելով իր դրական վերաբերմունքը Հայաստանում վերջին վեց ամիսներին հետեւողականորեն իրականացվող «բարեփոխումների լավ ընթացքին» (SAC-4-ի հաստատումը դրա ապացույցը կլինի): Դրա ապացույցն է նաեւ Նյու Յորքում կայանալիք միջազգային համաժողովը, որտեղ Հայաստանն ըստ ամենայնի պետք է ներկայացվի «ամենադրական լույսի ներքո, իբրեւ հաջող ներդրումային երկիր»:
Նյու Յորքի համաժողովըՙ բախտորոշ հետագա ներդրումների համար
«Նյու Յորքում Հայաստանը եւս մեկ անգամ կդրվի համաշխարհային քարտեզի վրա որպես ներդրումների համար բարենպաստ երկիր», ասաց Օ. Սաադաթը: Ներդնողների միջազգային համաժողովը ՀԲ-ի հետ հովանավորում են Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ու ԱՄՆ առեւտրի զարգացման դեպարտամենտը: Համաժողովն իր ծավալներով, ներկայացվածությամբ ու նշանակությամբ բացառիկ է լինելու ոչ միայն Հայաստանի, այլեւ ՀԲ-ի ու IFC-ի համար, քանի որ դա առաջին փորձն է, երբ հատուկ մի երկրի համար կազմակերպվում է նման մասշտաբի ներդրումային համաժողով: Համաժողովի առաջին օրը ելույթ կունենա ՀՀ նախագահըՙ ներկայացնելով Հայաստանի տնտեսության ներուժն ու ներդրումային հնարավորությունները: Միջոցառմանը ելույթ կունենա նաեւ ՀԲ նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը: Տեղեկացվեց նաեւ, որ համաժողովին մասնակցելու համար գրանցվածների թիվն արդեն անցնում է 300-ը (եւս 50-ը հերթի են կանգնած), որից 100 գործարարներ Հայաստանից, 100-ըՙ սփյուռքից, մնացածներըՙ տարբեր միջազգային ընկերություններից ու կազմակերպություններից: Օտարերկրյա պոտենցիալ ներդնողների դատին կներկայացվեն 35 պատրաստի բիզնես-ծրագրեր: Կներկայացվեն նաեւ Հայաստանում մինչ այժմ կատարված հաջող ներդրումները: Ինչ վերաբերում է չհաջողվածներին, կոնկրետՙ ԲԷՑ-երի վաճառքի տապալմանը, որը, ինչպես բազմիցս հայտարարել է ՀԲ-ն, պետք է դրվեր Նյու Յորքի համաժողովում ապագա ներդնողների առաջ իբրեւ հաջող օրինակ, ապա, ըստ Օ. Սաադաթի, կա ներդրումների երկու ճանապարհՙ մասնավորեցում եւ նոր ծրագրերի համար նոր ներդրումներ: Ըստ նրա շատ ավելի կարեւոր է երկրորդը, հետեւաբար, մասնավորեցման անհաջողությունը չպետք է այդքան բացասական մեկնաբանվի ու ազդեցություն ունենա հետագա ներդրումների վրա: Ինչ վերաբերում է մեկնաբանություններին ընդհանրապես, ՀԲ ներկայացուցիչը կոչ է անում հայաստանյան լրատվամիջոցներին, ինքնաքննադատության հետ մեկտեղ արձանագրել նաեւ Հայաստանի հաջողություններըՙ 6 տոկոս տնտեսական աճը, որը լավագույն արդյունքն է ԱՊՀ-ում, դրամի կուրսի կայունությունը, սղաճի գրեթե զրոյական մակարդակը, այս տարվա առաջին երեք ամիսներին երկնիշ թվով տնտեսական աճը եւ այլն: ՀԲ ներկայացուցիչը հավատում է Հայաստանի ապագային, նույնը (ընդ որումՙ հայերեն) ցանկանալով մեզՙ հայաստանցիներիս, պարզապեսՙ «պետք է համբերատար լինենք»:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ