«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2001-04-27 | #78, 2001-04-28 | #79, 2001-05-01


«ՈՐՊԵՍԶԻ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ ԻՐԱՐ ՉԽԱՌՆՎԵՆՔ»

Անդրադառնալով հայերին ուղղված ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ապրիլքսանչորսյան ուղերձինՙ սյունակագիր Սամի Քոհենը «Թըրքիշ դեյլի նյուս» թերթի ապրիլի 26-ի համարում գրում է, որ գլխավորապես երկու բառերի բացակայությունն է այդ ուղերձում աչքի զարնում, քան ամբողջ ուղերձը:

Մեկը «ցեղասպանություն» բառն է, իսկ մյուսըՙ «կոտորած»: «Հայերը շատ էին ցանկանում այդ երկու բառերը տեսնել տեքստում, մինչդեռ թուրքերը զգայուն էին դրանց նկատմամբ, նշում է նա եւ շարունակում, որ նախորդ տարիների ուղերձներում, օրինակ, Քլինթոնի ուղերձում, ճիշտ է, ցեղասպանություն բառը չէր օգտագործվել, բայց կոտորածը տեղ էր գտել: Երկուսի բացակայությունն այս տարի հուսախաբ է արել հայերին, մանավանդ որ իր նախընտրական արշավի օրերին Բուշը խոստացել էր ճանաչել հայերի տառապանքները: Չնայած այնտեղ առկա է «մեկուկես միլիոն հայերի բռնի տեղահանություն եւ բնաջնջում» նախադասությունը, միեւնույն է, պարտություն է հայերի համար, որոնք շատ ավելին էին ակնկալում: Բուշի ուղերձի բովանդակությունը մի քննություն էրՙ պարզելու, թե ինչ կարեւորություն է տալիս նա Թուրքիային, եւ այդ առնչությամբ պետք է նշել, որ Բուշի վարչակարգի քաղաքականությունը դուրեկան է: Այդ քաղաքականությունը կարելի է բացատրել Թուրքիայինՙ որպես ռազմավարական գործընկերոջ ընձեռված կարեւորությամբ: Սպիտակ տանը դեմոկրատականի թե հանրապետականի ներկայությունը չէ, որ կարեւոր է, այլ ամերիկյան քաղաքականության հետեւողականությունը:

Այնուամենայնիվ, մենք պետք է ճիշտ գնահատենք կացությունը: Այդ բառերի բացակայությունը բոլորովին էլ չի նշանակում, որ նա անտեսում է հայերի ողբերգությունը: Հիշատակի արարողություններ տեղի ունեցան շատ նահանգներում, եւ «ցեղասպանություն» բառն այդ առթիվ արտասանված ճառերում հնչեց: Նույնը կարելի է ասել Ֆրանսիայից Ռուսաստան, Իրանից Արգենտինա ձգվող տարածաշրջանի հավաքների մասին: Անառարկելի փաստ է, որ դրանց թիվն ավելացել է անցած տարիների համեմատությամբ: Մենք պետք է անհրաժեշտ դասեր քաղենք այս ամենից: Նախՙ թուրքերն այդ երկրում թե արտասահմանում պետք է հետեւողականորեն աշխատեն առավել լսելի դարձնել իրենց ձայնը հայկական հարցի վերաբերյալ: Երկրորդՙ Անկարան պետք է միջազգային նախաձեռնություն հանդես բերի պատմական իրողությունը բացահայտելու ուղղությամբ: Բավական չէ ասելՙ «հարցը թողնենք պատմաբաններին»: Երրորդՙ Թուրքիան պետք է խիզախ քայլերի դիմիՙ կանոնավորելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ կապեր հաստատելու հայկական սփյուռքի չափավոր մտայնության տեր անձանց հետ: Եվ վերջապեսՙ չպետք է թույլ տալ, որ թուրքական արտաքին քաղաքականությունն ընկնի հայկական գործոնի ազդեցության տակ: Պետք է թեւքերս քշտած այսօր աշխատենք ջանասիրաբար, որպեսզի մյուս տարի իրար չխառնվենք:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4