«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2001-04-27 | #78, 2001-04-28 | #79, 2001-05-01


ՎԱՏԻԿԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ «ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄՍԻ» ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մարտիրոսության կոչում արքեպիսկոպոս Մալոյանին

«Ասոշիեյթեդ պրես» լրատվական գործակալությունը Վատիկանից հաղորդում է, որ անցյալ երեքշաբթի օրըՙ ապրիլի 24-ին, կաթոլիկական վարչաքաղաքական կենտրոնը մարտիրոսության է արժանացրել Թուրքիայի Մարդին քաղաքի (նախկինում Դիարբեքիրի, իսկ այժմ Մարդինի վիլայեթում) հայկական եկեղեցու կաթոլիկ հովիվ, արք. Իգնատիոս Շուքլալլահ Մալոյանին, որն սպանվել է 1915-ին, եւ Ուկրաինայի նախկին կոմունիստ ղեկավարների կողմից հակաեկեղեցական հալածանքների զոհ դարձած 26 ուկրաինացիների, այդ թվումՙ 8 եպիսկոպոսների, 14 քահանաների, 3 միանձնուհիների եւ 1 աշխարհիկ անձնավորության:

Հայտարարությունը համարվում է սրբերի շարքը նրանց դասելու հնարավոր ճանապարհի առաջին քայլը:

Լրատվությունը նշում է. «Հայ կրոնավորի արժեւորումը զուգադիպեց այն օրվան, երբ հայերը հիշատակում են իրենց մեկուկես միլիոն հայրենակիցների մահը, որն, ըստ նրանց, մաս էր կազմում Արեւելյան Թուրքիայից իրենց բռնի տեղահանման Օսմանյան կայսրության սանձազերծած արշավի: Թուրքիան ասում է, որ մահացածների թիվն ուռճացված է, եւ որ հայերը սպանվել կամ տեղահանվել են այն ժամանակ, երբ կայսրությունը փորձում էր ճնշել խռովությունները»:

Վատիկանի հայտարարության մեջ նշվում է, որ այդ ժամանակ հայկական եկեղեցին «ավերվել է կատաղի հալածանքների հետեւանքով», որոնց զոհ են դարձել ինչպես բազմաթիվ կրոնավորներ, այնպես էլ հավատացյալներ»:

«Նյու Յորք թայմսի» խեղաթյուրված տարբերակը

Այս էլ քանիերորդ անգամ «Նյու Յորք թայմս» թերթը, ջուր լցնելով թուրքական ջրաղացին կամ սեփական գրպանները լցնելով թուրքական միլիոններով, աղավաղում է փաստերը եւ խեղաթյուրված լրատվություն ներկայացնում:

Այսպես, ապրիլի 24-ի իր համարում թերթը, վերոհիշյալ լուրը տպագրելով «Վատիկանը հավանություն է տալիս հայի մարտիրոսությանը» վերնագրի ներքո, նշում է այդ հիշարժան օրը որպես մի «օր, երբ հայերը հիշատակում են հարյուր հազարավորների մահը, որն, ըստ նրանց, տեղի է ունեցել Արեւելյան Թուրքիայից իրենց բռնի տեղահանելու օսմանյան արշավի ընթացքում»:

Ինչպես պարզ երեւում է, նախ «մեկուկես միլիոնն» է բացակայում այստեղ, ապա նաեւ «ըստ նրանց, մաս էր կազմում.» հատվածը ներկայացված է այնպես, որ ընդհանրապես «հայերի պնդումների» չարչրկված արտահայտության տեսք է տրված ամբողջ ցեղասպանությանն ու տեղահանություններին: Նսեմացնելով ճանաչման գործընթացը, նրանք մոռացության են մատնել մի ամբողջ շարք երկրներ, խորհրդարաններ, միջազգային կազմակերպություններ, նահանգներ եւ վերջապես գիտնականների եւ հասարակական գործիչների, դարասկզբին լույս տեսնող ամերիկյան մամուլի բազմաթիվ հոդվածները, որոնք վկայել են ցեղասպանության փաստը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4