«Թողարկումից ընդամենը 48 ժամ անց ցեղասպանության ինտերնետային էջը (www.theforgotten.org.website) գրանցել է այցելուների ցնցող թիվՙ 75 հազար համայն աշխարհում», տեղեկացնում է մեզ Դետրոյթից ստացված լուրը, նշելով, որ այդ թիվն աճում է ժամում հազար նոր այցելուներով: Էլեկտրոնային փոստով ուղարկված չորս հարյուրից ավելի նամակներ առաջին երկու օրերում շնորհավորել են էջի ստեղծումը: Ավելի քան տասը թուրքեր պաշտպանել են նախաձեռնությունը:
«Էջի թողարկումն ազդարարելու համար մենք ավելի քան 20 մլն էլեկտրոնային նամակ ուղարկեցինք համապատասխան հասցեատերերի, ինչպես նաեւ 20 հազարից ավելի լրատվությունՙ մամուլի գործակալություններին եւ Հյուսիսային Ամերիկայի 300 համալսարաններին: Արձագանքը միանգամայն ցնցող էր եւ գերազանցում էր մեր բոլոր ակնկալիքները: Ողջույնի խոսքեր ստացանք Ֆիլիպիններից, Ավստրալիայից, Շվեդիայից, Բրազիլիայից, Հունաստանից, Լիբանանից եւ շատ ու շատ այլ երկրներից, մինչեւ անգամ Թուրքիայից», գրում է «Ֆյուրյըս» ինտերակտիվ գործակալության նախագահ Պատրիկ Սարգսյանը, որը այս մտահղացման նախաձեռնողներից մեկն է: «Անհավատալի լայն տարածում գտավ էջը: Մարդիկ իրապես մտահոգված են ճանաչման խնդրով եւ ափսոսում են, որ դպրոցում կամ քոլեջում չի դասավանդվել ցեղասպանություն առարկան», ավելացնում է նա: