«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2001-04-27 | #78, 2001-04-28 | #79, 2001-05-01


ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՍԿՍԵՑ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում սկսվեց «Հայոց սրբերը եւ սրբավայրերը» խորագիրը կրող հանրապետական գիտական նստաշրջանը, որը նվիրված էր քրիստոնեության 1700-ամյակին:

Գիտաժողովի առաջնահերթ նպատակն էր գիտական տարբեր մոտեցումներով ու հայեցակետերով քննել եւ լուսաբանել հայոց քրիստոնեական սրբերի կերպարների, նրանց պաշտամունքի ու պաշտամունքատեղիների վաղնջական նախահիմքերը, բացահայտել դրանց տեղական ազգային ու ազգագրական խորքերն ու ակունքները, նախնական էթնիկականի ու նորամուտ քրիստոնեականի համադրման եւ փոխակերպման մշակութաբանական օրինաչափությունները եւ դրանցով պարզաբանել քրիստոնեական սրբերի, սրբավայրերի պաշտամունքի տեղական ազգային առանձնահատկությունները: Գիտաժողովի կարեւոր նպատակներից էր հատկապես քրիստոնեական նյութական մշակույթի հուշարձանների, սրբությունների հնագիտական, ճարտարապետական, արվեստաբանական կողմերի եւ հատկանիշների նորովի ուսումնասիրությունն ու նորովի արժեքավորումըՙ խարսխված հայ հին ու միջնադարյան պատմության ու մշակույթի տարբեր իրողությունների ռեալ հիմքերի վրա:

Գիտաժողովը բացեց ու նրա գումարումը կարեւորեց ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ, ակադեմիկոս Գ. Բրուտյանը: Ուշագրավ էին նաեւ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, դոկտոր պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի, 1700-ամյակի պետական հանձնաժողովի փոխնախագահ Խոսրով Հարությունյանի ողջույնի ելույթները, ուր հատկապես նշվում էր գիտաժողովի կարեւորությունն ու արժեքավորումը մեր սրբավայրերի: Գիտաժողովին հնչեց նաեւ Մեսրոպ արք. Աշճյանի «Ապրիլյան նահատակների սրբադասման հարցը» զեկուցումը, որն էլ ընկալվեց մեծ հետաքրքրությամբ: Ի դեպ, գիտաժողովի կազմակերպիչները (ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտըՙ «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության եւ ժնեւաբնակ ազգային բարերար Վահե Գաբրաշի աջակցությամբ) նախապես հավաքելով 50-ից ավելի զեկուցումներ, առանձին հոդվածների տեսքով եւ ցուցադրական անհրաժեշտ նյութերի հարակցմամբ տպագրել էին մեկ շքեղ ստվար հատորով, որի նյութական հովանավորությունն էլ ստանձնել էր հայ մշակույթի մերօրյա երախտավոր, գերաշնորհ տեր Մեսրոպ արք. Աշճյանը, որին էլ հղվեցին խորին երախտագիտության ու շնորհակալական խոսքեր:

Երկօրյա գիտաժողովի ընթացքում, բացի լիագումար նիստերից, կազմակերպիչները կազմակերպել էին այցեր սրբավայրեր, Սբ. Էջմիածին ու Գանձատուն, իսկ ապրիլի 26-ին ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում գիտաժողովի մասնակիցները ունկնդրեցին հոգեւոր եւ հին երաժշտություն», որով էլ գիտաժողովը կարեւորեց հին ու նոր կրոնական մշակույթների տարալուծումն ու տարածումը մեր օրերում: Իսկ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր, հնագետ Արամ Քալանթարյանը նշեց. «Այս գիտաժողովը երեւույթ էր, գիտական մեր ուսումնասիրությունների մեջ նոր խոսք: Իհարկե, շատ բաներ կարող են վիճելի թվալ, որի մեջ էլ կա տրամաբանություն եւ պետք է գտնել արդարացին»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4