Ամեն երեկո նստում եմ հեռուստացույցի առաջ, նետում եմ ինձ ալիքից-ալիք եւ աշխատում հասկանալՙ ի՞նչ կա-չկա Երեւանում:
Մի կիրակի Ազգային հեռուստատեսությամբ դիտեցի «Մինասի առեղծվածը» մեկժամանոց ժապավենը: Ալիքն այս անգամ չփոխեցի, որովհետեւ սիրում եմ այդ նկարչին եւ ցանկանում էի վերահասու լինել նրա ստեղծագործական գաղտնիքներին: Առաջ անցնելով ասեմ, որ այդ հաղորդումը, որպես հայտնություն կրկնվեց երեք կիրակի անընդմեջ:
Հաղորդումն ինձ չբավարարեց: Ժապավենում նկարիչը գրեթե բացակայում էր, եւ շեշտը դրված էր այլախոհի վրա, որին մեծ վարպետությամբ վերացնում են ՊԱԿ-ի գործակալները:
Ահա նկարչի որդին, ինքն էլ շնորհքով նկարչի համբավ ձեռք բերած արդեն հասուն այր, հենված մանկական տպավորությունների վրա, համառորեն համոզում է, որ իր հայրը պետք է որ անպայման սպանված լինի, որովհետեւ փողոցային վրաերթում, որին ի վերջո զոհ գնաց Մինասը, եղել են անհասկանալի երեւույթներ:
Բնական է որդիական ցավը, թեպետ տարիների ընթացքում նա պետք է փաստերին նայեր ավելի հասուն աչքերով եւ հանգեր ավելի օբյեկտիվ եզրահանգումների: Բայց ահա նրան պաշտպան է կանգնում քննչական նախկին աշխարհից ոմն Իսպիրյան: Սա հաստատում է, որ Մինասի գործում կան կասկածելի հանգամանքներ, որ վրաերթի պահին վարորդը հիվանդ (անմեղսունակ) չի եղել, որ նրան բաց են թողել, եւ որ նա, ինչպիսի՜ հանցավոր պատահականություն, հինգ ամիս հետո մահացել է քաղցկեղից:
Ֆիլմի հեղինակները ձգտել են խոսեցնել որքան հնարավոր է շատ մարդկանց, եւ այս հանգամանքը ստեղծել է հակասություններ, «ջրել» լրագրային հետաքննության հիմնական ասելիքը: Ավտոմեքենայի մեջ պատահմամբ հայտնված կինը պատմում է, թե ինչպես մի քանի փողոց հեռու ինքը մեքենա է զբաղեցրել, ընթացքում նրան թվացել է, թե մեքենայի հետ ինչ-որ բան է կատարվումՙ ասես «լողում» է սառույցի վրա: Վերջին պատկերը, որ տպավորվել է նրա մեջՙ վարորդի արյունոտ բերանն է եղել եւ մայթի վրա տրորված հետիոտնը: Մի պահ նրան թվացել է անգամ, թե վարորդն արդեն մահացած է...
Այս խոսքերից հետո արդեն քարը քարի վրա չի մնում վարորդի վերաբերյալ պրն Իսպիրյանի խորիմաստ դատողություններից: Խոստովանենք, որ անհնար է մի քանի փողոց այն կողմ ուղեւոր վերցնել, ինչ-որ որոշակի տեղում մի քանի րոպե հետո հետիոտնի պատվիրված սպանություն իրականացնելու համար: Կասկած չի հարուցում նաեւ վարորդի հիվանդ լինելու հանգամանքը:
Հասկանալի է նախկին այլախոհներ Պարույր Հայրիկյանի եւ Ռաֆայել Պապայանի դիրքորոշումն այս խնդրում, բայց ցավալի է, որ մի շարք արվեստագետներ (Հակոբ Հակոբյան, Ռազմիկ Դավոյան, Հրանտ Մաթեւոսյան եւ ուրիշներ) նույնպես տուրք են տալիս ֆիլմի հեղինակների մտասեւեռ գաղափարին եւ մերկապարանոց խոսում ինչ-որ սպանության մասին: Հեռուստադիտողին անհասկանալի այդ դատողությունները շարունակվում են մինչեւ Մինասին չափազանց մոտ կանգնած, նրա մտերիմ ընկեր Հենրիկ Իգիթյանի կրքոտ խոսքը.
- Նա ինձ կասե՚ր, եթե նրան ինչ-որ վտանգ սպառնար: Կասեր անպատճառ: Ոչինչ չի՚ ասել: Չի եղել այդպիսի բան...
Ասված է պարզ ու անմեկնելի: Բայց... ֆիլմը շարունակվում է, եւ մեղադրանքի թիրախն այս անգամ դառնում է Մինասին բուժող անանուն (՞) մի բժիշկ: Սրան հաջողվում է այն, ինչ չի հաջողվում վարորդին: Նա այն աշխարհ է ուղարկում նկարչին, երբ վերջինիս կյանքին արդեն ոչինչ չէր սպառնում, երբ նրան սպասում էին Հենրիկ Իգիթյանը եւ Շահեն Խաչատրյանը երկրային խորովածով...
Բայց սա արդեն միանգամայն այլ վարկած է: Եվ այս վարկածին թեր կամ դեմ արտահայտվելու համար չի հրավիրվել եւ ո՚չ մի բժիշկ...
Ժապավենս զի՞նչ կցուցանե:
Երեւի այն, որ չի կարելի մութ սենյակում սեւ կատու փնտրել, մանավանդ, եթե այդ կատուն... չկա:
Որքան էլ հաղորդավարը տագնապի խորհրդավոր երանգներ տա իր ձայնին, այստեղ պարզապես կատարվել է այն, ինչի մասին գրել է Դոստոեւսկին, մեծ հոգեբանը եւ մարդաբանը: Կյանքն ի՚նքն է ստեղծում ամենաանհավանական զուգադիպությունները, ասել է նա: Եթե ես գրի առնեմ, շարունակել է նա, զուգադիպությունների այդ շղթան առանց որեւէ բան փոխելու, ապա բոլորը կմեղադրեն ինձ ամենաանխիղճ հորինվածքի համար:
Մինաս Ավետիսյանը տաղանդավոր նկարիչ էր, բայց նա այլախոհ չէր: Ուրիշ բան է, որ յուրաքանչյուր ճշմարիտ արվեստագետ տոտալիտար հասարակարգում իր արվեստի ուժով այսպես թե այնպես դառնում է այլախոհ: Սակայն այդ դեպքում պակաս այլախոհ չէր Առնո Բաբաջանյանը եւ ավելի մեծ այլախոհ Հրանտ Մաթեւոսյանը, որը տիրապետում էր ոչ թե հնչյունների կամ գույների փոխաբերական, այլ խոսքի անմիջական արվեստին: Առաջինին ոչ ոք չսպանեց, իսկ երկրորդը մեծ հաջողությամբ թեւակոխեց Հայաստանի երրորդ ժամանակաշրջանը:
Իսկ Պարույր Սեւա՞կը... Իմ խորին համոզմամբ նմանատիպ լրագրային հետաքննության կապակցությամբ կարելի կլիներ գրել նմանատիպ մեկ հոդված եւս: Ավտոմեքենան այնքան է տարածված, որ աշխարհում ամենուր շա՜տ ընտանիքներ են տվել իրենց զոհն այդ փոխադրամիջոցին:
ՊԱԿ-ը 70-ական թվականներին ուներ քաղաքական լուրջ հակառակորդներՙ Սախարով, Սինյավսկի, Դանիել, Գինզբուրգ, Կոպիլեւ, որոնց վրա ձեռք բարձրացնել նա չհամարձակվեց: Փոխվել էին ժամանակները: ՊԱԿ-ի վրա չգործած հանցանքներ բարդել, նշանակում է թացը չորի հետ խառնել եւ թեթեւացնել նրա բեռը:
Դա պետք է որ հասկանալի լիներ Պարույր Հայրիկյանին եւ Ռաֆայել Պապայանին:
Ես դիտեցի «Մինասի առեղծվածը», եւ նստվածքում մնաց միայն մի հարցՙ ինչի՞ համար էր սարքվել այդ առեղծվածը:
ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ