Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացվեց «Շեյխի գավաթի» ավանդականՙ թվով երրորդ խաղարկությունը:
Մրցաշարը բավականին ուժեղ կազմ էր հավաքել. 100 մասնակիցների թվում էին 33 գրոսմայստերներ, 20 միջազգային եւ 5 ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցումների բարձր հեղինակության մասին է խոսում այն փաստը, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, իսկ գլխավոր մրցավարը հանրահայտ Գերտ Գիյսենն էր:
Հայաստանը Դուբայի մրցաշարում ներկայացնում էին գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը եւ Կարեն Ասրյանը:
Մրցապայքարը բավականին լարված ընթացավ: Ի վերջո, շվեյցարական խաղակարգով անցկացված մրցաշարի 9 տուրերում վաստակելով 6,5-ական միավոր, ութ մասնակիցներ բաժանեցին առաջին տեղը: Մրցանակակիրներին որոշելու համար հանձնաժողովը դիմեց մրցաշարային գործակիցների օգնությանը: Լրացուցիչ հաշվարկից հետո գրոսմայստերների ութնյակը դասավորվեց հետեւյալ հերթականությամբ. 1. Կարեն Ասրյան (Հայաստան), 2. Յան Էլվեստ (Էստոնիա), 3. Ալեքսեյ Ալեքսանդրով (Բելառուս), 4. Արտաշես Մինասյան (Հայաստան), 5. Ալեքսանդր Մոտիլյով (Ռուսաստան), 6. Եվգենի Վադիմիրով (Ղազախստան), 7. Պավել Կոցուր (Ղազախստան), 8. Եվգենի Երմենկով (Բուլղարիա):
Այսպիսով, Շեյխ Ռաշիդ Բեն Համդան Ալ Մագդամի սահմանած գավաթը նվաճեց մեր Կարեն Ասրյանը: Երիտասարդ շախմատիստն ամբողջ մրցաշարի ընթացքում առջեւում էր: Նա 4 հաղթանակ տարավ, 5 պարտիա ավարտեց ոչ-ոքի եւ չկրեց ոչ մի պարտություն:
Գովեստի է արժանի նաեւ Արտաշես Մինասյանը. միայն մի փոքր չհերիքեց, որ նա տեղ գրավի առաջին եռյակում:
Մեր երրորդ շախմատիստըՙ Աշոտ Անաստասյանը, իր հնարավորություններից ցածր հանդես եկավ. նա 5 միավոր վաստակեց:
Ավելացնենք, որ «Շեյխի գավաթ» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները հաջող են խաղում: Առաջին խաղարկությունումՙ 1999-ին, Վլադիմիր Հակոբյանը նվաճեց գլխավոր մրցանակը, իսկ Աշոտ Անաստասյանը բաժանեց երրորդ տեղը: Անցյալ տարվա մրցաշարում Հակոբյանը բաժանեց երկրորդ տեղը: