«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2001-04-28 | #79, 2001-05-01 | #80, 2001-05-03


ԿԱՄ ԼԻԱԿԱՏԱՐ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ ՎԵՐԱՄԻԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԼՂՀ կազմակերպությունների հայտարարությունը

Ապրիլի 30-ին ԼՂՀ-ում գործող հասարակական-քաղաքական կազմակերպությունները ընդունել են համատեղ հայտարարություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ: Նրանում մասնավորապես նշվում է, որ ցանկացած համաձայնություն պետք է ենթադրի ԼՂՀ լիակատար անկախության ճանաչումՙ ներկայիս տարածքներով հանդերձ կամ նվազագույնըՙ նրա վերամիացումը Հայաստանին: Ընդ որում, հայտարարության հեղինակներն արտահայտվեցին ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ցանկացած բանակցություններում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լիիրավ մասնակցության օգտին:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները որոշելիս «ելնել պատմական իրավունքից, իրական վիճակից եւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից»: Ընդգծվում է, որ աշխարհագրական կապը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է իրականացվի փաստական վարչական սահմանների ողջ երկարությամբ:

«Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդիրը համազգային խնդիր է, դրա ցանկացած լուծում պետք է իրավական ուժ ստանա հանրաքվեի միջոցով համազգային քննարկումից հետո», ընդգծվում է ԼՂՀ հասարակական-քաղակական կազմակերպությունների հայտարարության մեջ:

ԴԵ ՖԱԿՏՈ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4