<20018004.jpg>
Կապիտալ շինարարությունը դարձավ աքիլլեսյան գարշապար
Կառավարությանը երեկ այնուամենայնիվ հաջողվեց խորհրդարանին համոզել, որ սեփականաշնորհման միջոցներից պարզապես անհրաժեշտ է վերցնել պահանջվող 20 մլն դոլարը, որպեսզի Ռուսաստանն իրենց տա 1998-ին կնքված պայմանագրով 20,6 մլն դոլարի մյուսՙ չստացված 11 մլն հատվածը: Ընդ որում չկատարվեց խորհրդարանականների պահանջըՙ ներկայացնել հստակ տեղեկանք-հաշվետվություն, թե մասնավորապես Ռուսաստանից ստացված վարկի ո՞ր մասն է նպատակային օգտագործվել, որտե՞ղ է անհետացել մյուս մասը, ովքե՞ր են պատասխանատուները եւ ինչո՞ւ մինչեւ հիմա ոչ ոք պատասխանատվության չի ներկայացվել: Կառավարությանը, սակայն, միայն պետք էր ստանալ խորհրդարանի համաձայնությունը, իսկ արդյունքում աղետի գոտում այս տարվա կտրվածքով նախատեսված կապիտալ շինարարության ողջ ծավալը վտանգի ենթարկվեց:
Բանն այն է, որ սեփականաշնորհման միջոցները առանձին ֆոնդով կազմում էին 30 մլն դոլար, որից կապիտալ շինարարության համար նախատեսված է եղել 11 մլն դոլարը: Ինչպես ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը պարզաբանեց, ընդհանուր ֆոնդից այլ նպատակով արդեն օգտագործված է եղել 1,5 մլն դոլարը: Եթե հաշվենք, որ ֆոնդից պարտքի մարման համար վերցվում է 20 մլն դոլար, նշանակում է կապիտալ շինարարության համար մնում է ընդամենը 8,5 մլն, որն, անկասկած, լուրջ հարված է հատկապես աղետի գոտու բնակչության համար:
Սակայն իրավիճակը կարելի կլինի փրկել, եթե կառավարությանը հաջողվի շարունակվող բանակցությունների ընթացքում համոզել ռուսական կողմինՙ դեռեւս չպահանջել ժամկետանց պարտքերից առաջացած տույժերը եւս: Վարդան Խաչատրյանը երեկ հստակեցրեց, թե մաքուր պարտքը, որը պահանջում է ռուսական կողմըՙ 16,5 մլն դոլար է միայն, որին եթե ավելացվում են պահանջվող տույժերը, ընդհանուր գումարը կազմում է մոտ 18,5 մլն դոլար: ԱԺ ներկայացված օրինագծով սակայն կառավարությունը ֆոնդից վերցնում է ոչ թե կոնկրետ 20 մլն-ը, այլ այդ սահմաններում այնքան, որքան կպահանջի Ռուսաստանը: Կոնկրետ գումարի չափ օրենքը չի ֆիքսում, ինչը կառավարությունը բացատրում է նրանով, որ եթե պահանջված գումարը մեծ լինի օրենքում նշվածից, ապա իրենք եւս մեկ անգամ ստիպված են լինելու հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ հավելյալ գումարներն ստանալու նպատակով: Իսկ դրա ավելորդությունն ակնհայտ է նաեւ այն պատճառով, որ Հայաստանի համար անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ լուծել պարտքի մարման այս գործընթացը: Դա մի քանի պարագաներով է բացատրվում, որոնց ուշադրություն դարձնելիս պարզվում է, որ ռուսական ճնշումը պարզապես ակնհայտ է:
Հիշեցնենք, որ դեռեւս երկուշաբթի օրը Վարդան Խաչատրյանն իրենց շտապողականությունը բացատրում էր միայն այն պատճառով, թե ԱԷԿ-ի համար անհրաժեշտ էներգակիրները բերելու համար երկար ժամանակ է պետք, իսկ ատոմակայանը կանգնեցնել չի կարելի: Հիշեցնենք նաեւ, որ տրամադրած վարկերի դիմաց Ռուսաստանը գրավ է վերցրել ԱԷԿ-ի բաժնեմասի 17 տոկոսը: Կառավարությունը կարող էր այդ բաժնեմասը տալ ՌԴ-ի սեփականությանը, որի դիմաց մարված համարել պարտքի մի մասը: Սակայն այդ դեպքում Հայաստանը կկորցներ էներգետիկ անկախությունը, նույնն էՙ ինքնիշխանությունը, ինչը թույլատրել պարզապես անհնարին էր:
Սակայն պարզվում է, որ շտապողականությունը շատ ավելի գլոբալ խնդիրների հետ կապ ունի: Ինչպես հայտնի է, ՌԴ-ն Փարիզի եւ Լոնդոնի ակումբների հանդեպ մեծ ֆինանսական պարտավորություններ ունի: Ակումբի մեջ մտնող երկրները պահանջել են Ռուսաստանից սկսել պարտքերի մարումը, որը Դաշնությունը կարող է անել իր պարտքերը հավաքելով: Միաժամանակ Հայաստանը Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի հետ որոշակի ծրագրեր ունի իրականացնելուՙ կապված Հայաստանին վարկավորելու հետ: Ֆիննախարարի խոսքերովՙ Ռուսաստանի ներկայացուցիչը սպառնացել է, որ եթե Հայաստանը շուտափույթ չմարի պարտքը, ինքը դեմ է քվեարկելու Հայաստանին վարկավորելու ծրագրին: Ֆիննախարարի խոսքերից ստացվում է այնպես, թե Ռուսաստանն ակումբներին ունեցած պարտքը կարող է մարել միայն Հայաստանից պահանջվող գումարների հաշվին, ինչն առնվազն տարակուսելի է, քանի որ ՌԴ-ն խնդիրները կարող էր կարգավորել մյուս պետություններից եւս իր պարտքերը ստանալով: Նման միտում, սակայն, չկա, ինչը հավաստում է մեր այն միտքը, թե ներկայացվող շարունակ փոփոխվող փաստարկները միայն պատրվակ են կառավարության համար չցուցադրելու, որ իրենց ռազմավարական գործընկերը պարզապես հալածում է իրենցՙ կապված ԲԷՑ-երի սեփականաշնորհման հետ:
Ինչեւէ. օրենքն ԱԺ-ն ընդունեց 78 կողմ, 1 դեմ եւ 8 ձեռնպահ ձայներով: Այն սակայն որոշակի լրացումների ենթարկվեց եւ արձանագրվեց, որ վարկի մարումը բյուջեի հավելյալ մաս է կազմում: Իսկ դա ուղղակի նշանակում է, որ բյուջեի դեֆիցիտն ավելանում է եւս 20 մլն դոլարով: Ուզում ենք հիշեցնել, որ 2001 թ. պետական բյուջեն արդեն ընդունվել էր 50 մլրդ դրամ դեֆիցիտով: Ընդհանուր առմամբ դեֆիցիտը հասավ փաստորեն 60 մլրդ-ի, ինչը կարելի է աղետալի համարել: Ընդ որում ավելացված մասով կառավարությունը ոչ մի հնարավորություն չունի դեֆիցիտը կրճատելու: Վարդան Խաչատրյանի խոսքերովՙ բյուջեով պարտքի մարումը հավելվածի տեսքով ամրագրվելն այս տարվա բյուջեի մասին օրենքում փոփոխություններ չի նախատեսում, քանի որ բյուջեն հաստատելիս ամրագրվել է դրույթ, ըստ որի ծախսային մասի ավելացումը կարող է լինել նաեւ հավելվածի տեսքով, որը բյուջեի անքակտելի մասն է կազմում:
Այսպիսով կարող ենք ամրագրել, որ Ռուսաստանն անուղղակիորեն ստիպեց Հայաստանին մեծացնել դեֆիցիտը: Իսկ կառավարության գնահատմամբ մինչեւ 2003 թիվը ամենածանր շրջանն է լինելու երկրի համար արտաքին պարտքի մարման տեսանկյունից:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ