Ասում է Ադրբեջանի արտգործնախարար Գուլիեւը
«Թուրան» գործակալությունն արեւմտյան մի աղբյուրից տեղեկացել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատվելու դեպքում ԼՂ-ում խաղաղարար ուժեր կկազմվեն հիմնականում ռուսական ուժերից: Ադրբեջանի արտգործնախարար Վ. Գուլիեւը հերքել է «Թուրանի» տեղեկատվությունը, նշելով, որ «խաղաղարար ուժերի հարցը դեռեւս քննարկման առարկա չի դարձել»: Արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վ. Գուլուզադեն կարծիք է հայտնել, թե խաղաղարար ուժերի տեղաբաշխման կարիք բոլորովին չկա. «Եթե մինչեւ այժմ կողմերը կարիք չեն ունեցել խաղաղարարների, ապա ինչ իմաստ կա դրանք տեղաբաշխել խաղաղություն հաստատելուց հետո»:
Ինչպես հայտնի է, 1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում որոշվեց կազմավորել միջազգային խաղաղարար ուժեր, պայմանով, որ որեւէ երկիր իրավունք չունի տրամադրելու ամբողջի 30 տոկոսից ավելին:
«Թուրանը» տեղեկացնում է նաեւ, որ Քի Վեսթի բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչը կտրականապես դեմ է արտահայտվել Ադրբեջանում ՆԱՏՕ-ի զորքեր տեղաբաշխելու ադրբեջանական առաջարկին: