ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծ Եղեռնի 86-ամյակի առիթով Դեր Զորում կայացած ոգեկոչման եւ երկու կաթողիկոսների ուխտագնացության վերաբերյալ Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագիրը 4 անգամ հեռարձակել է միակողմանի հաղորդումներ, ինչն ընդվզում է առաջացրել Սփյուռքի գաղութներում», ասված է Անթիլիասի կաթողիկոսության տեղեկատվության բաժնից Արմենպրեսին հղված հաղորդագրության մեջ:
Նույն աղբյուրի պնդմամբ, «Հայլուր» ծրագիրը հպանցիկ եւ աննշան ակնարկով է ընդամենն անդրադարձել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի մասնակցությանն ուխտագնացությանը, մինչդեռ, նշվում է, որ Գարեգին Բ կաթողիկոսը Հալեպ էր հրավիրվել Արամ Ա-ի հրավերով: Ուխտագնացության բուն կազմակերպիչները, հաղորդում են Անթիլիասի տեղեկատվական բաժնից, «Հայլուրի» հաղորդումներով, երեւացել են միայն լուսանցքում եւ «Դեր Զորում պարզված մեր եկեղեցու եւ ազգի միասնականության գեղեցիկ պատկերը փորձ է արվել խաթարել»:
Ի պատասխան այս հաղորդագրուության, Հանրային հեռուստատեսության տնօրեն Արմեն Արզումանյանն Արմենպրեսին հայտնեց, որ երկու կաթողիկոսների Դեր Զոր կատարած ուխտագնացությունը լուսաբանել է ոչ թե Հանրային հեռուստատեսության նկարահանող խումբը (վերջինս հնարավորություն չի ունեցել մասնակցելու ուխտագնացությանը), այլ տեղեկատվությունը «Հայլուրին» տրամադրել է Էջմիածնի «Շողակաթ» հեռուստաստուդիան: Առհասարակ, Ա. Արզումանյանը տարակուսանք հայտնեց, նշելով, թե հաղորդագրությունից չի երեւում, թե դժգոհությունը մասնավորապես հաղորդումների ո՞ր հատվածներին է վերաբերում: