Եթե նույնիսկ ԲԷՑ-երը գնի ռուսական ընկերություն
Համաշխարհային բանկը (ՀԲ) Հայաստանին կտրամադրի SAC-4 վարկի 50 մլն-ից 30-ը, անկախ այն բանիցՙ մինչեւ 2002 թ. մարտի 30-ը «տանը մնացած» ՀՀ ԲԷՑ-երը կմասնավորեցվե՞ն, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է վարկի 20 մլն «լողացող» չափաբաժնին, ապա այն կտրամադրվի «ցանցերի մասնավորեցումը հաջողությամբ ավարտելուց հետո»:
ՀԲ երեւանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանից «Ազգը» տեղեկացավ, որ SAC-4-ի «լողացող» 20 մլն-ը Հայաստան կհասնի, եթե նույնիսկ ԲԷՑ-երը գնի ռուսական ընկերություն: Պրն Սարգսյանը վստահեցրեց, որ ՀԲ-ն ԲԷՑ-երի մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած որեւէ ընկերության համար «լոբբիստական աշխատանք չի տարել, եթե տաներՙ ընկերություններից որեւէ մեկը ԲԷՑ-երը հաստատ կգներ»:
«Ազգի» ունեցած տեղեկություններով մրցույթից դուրս մնացած ռուսական երեք ընկերություններըՙ PAO «T"C»-ը, «Իտեռան» եւ «Ռուսէներգոատոմը», ցանկություն չունեն մասնակցելու ՀՀ ԲԷՑ-երի մասնավորեցման նոր մրցույթին: Ռուսական ընկերությունների մասնակցել-չմասնակցելու մասին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի բաժինը «որեւէ տեղեկություն չունի»:
Լավատեղյակ աղբյուրները պնդում են, թե ՀՀ ԲԷՑ-երը կգնի ամերիկյան «AES Silk Road» ընկերությունը, բնականաբար շատ ավելի ցածր գնով, քան ակնկալում էր ՀՀ կառավարությունը: Թ. Հ.