«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2001-04-28 | #79, 2001-05-01 | #80, 2001-05-03


ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՎՈՐԸ ՊԻՏԻ ՄԵԾԱՐՎԵՆ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ

«Գրանդ տոբակոյի» նախագահ Հրանտ Վարդանյանի գեղեցիկ նախաձեռնությունը մայիսմեկյան տոնի կապակցությամբ

Խորհրդային շրջանից հետո մոռացության տրված այլ ավանդույթների պես մայիսմեկյան տոնն էլ «վերադարձավ» եւ այսուհետ իր անխախտ տեղն է ունենալու տոնացուցակում: Ինչպես որ լիովին բացատրելի էր այս տոնիՙ վերջին տարիներին անտեսումը (քանզի Աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրն ակամա նույնացնում էինք խորհրդային իշխանությունների եւ այդ հասարակարգի հետ), այնպես էլ հոգեբանորեն բացատրելի ու արդարացի էր վերականգնումը: Մայիսի 1-ը տոնացուցակում վերստին տեսնելու առաջնային պատճառը թերեւս այն էր, որ ավերի, թալանի ու կորուստների այս տարիներին հասկացանք, թե իրականում որքան հարուստ էինք, թե ինչ է իրական աշխատանքը, եւ թե ինչ է նշանակում կառուցելՙ փոխանակ այլոց կառուցածը վատնելու: Ու թեպետ մեզՙ Հայաստանի այսօրվա բնակիչներիս, մտածողության ու վարքագծի մի ողջ անդունդ է բաժանում ընդամենը 2-3 տասնամյակ առաջ այստեղ ապրող ու կառուցող մարդկանցից, այնուամենայնիվ սկսել ենք զատորոշել գլխավորըՙ աշխատանքի արժեքը, բարի հետքը, որ թողնում են հաջորդող սերունդների տնօրինությանը...

Այս տրամադրություններով, խոսքերով ու մաղթանքներով էր հագեցած մայիսմեկյան տոնական միջոցառումը, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախաձեռնել էր եւ լեփ-լեցուն դահլիճում իրականացրեց «Գրանդ տոբակո» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը: Հանդիսությանը հրավիրված էին Խորհրդային Հայաստանի Սոցիալիստական աշխատանքի հերոսները, որոնց էլ նվիրված էր միջոցառումը. ծափողջյունների ներքո նրանց առաջնորդեցին դահլիճ, եւ համերգի ընթացքում պարբերաբար ընթերցվում էին այն տարիների երախտավորների անունները:

Մինչ համերգային մասըՙ հին տեսագրություններ ցուցադրվեցին խորհրդային ժամանակաշրջանի շքերթներից, աշխատանքային եռուզեռից, նվաճումներից. ժխտելով խորհրդային հասարակարգնՙ իր վատագույն արտահայտություններով ու գծերով, չենք կարող ժխտել, այդուհանդերձ, որ Հայաստանն այդ շրջանում կառուցվում էր... ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը երախտիքի խոսքեր ուղղեց աշխատանքի հերոսներին, իսկ երիտասարդներին կոչ արեց «տեսնել ու հիշել, թե ինչի են ընդունակ եղել իրենց հայրերն ու պապերը»: Տասնամյակների հնություն ունեցող կադրերից տպավորվածՙ ՀՀ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը նշեց. «Վաղուց չէի եղել այսպես հուզված: Ասես մի ողջ կյանք թերթեցի. ետ գնացիՙ վերհիշելու, թե ո՚վ ենք եղել ու ինչե՚ր ենք արել: Այս երկիրն ավերեցին մարդիկ, ովքեր մի կաթիլ քրտինք անգամ չէին թափել իրենց հայրենիքի համար...»: Ապա դիմեց օրվա հերոսներինՙ աշխատանքի վետերաններին, որպեսզի վերջիններս երիտասարդներին վկայեն, որ «երկիրը ողորմություն ուզելով չես կառուցի, այլՙ քրտինք թափելով»: Այնուհետեւ ելույթ ունեցավ արդեն նոր ժամանակներիՙ Հայաստանի Հանրապետության առաջին աշխատանքային հերոս, «Գրանդ տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության նախագահ Հրանտ Վարդանյանը: Նա իր խոսքում նշեց, թե «մենք այն ժողովուրդն ենք, որ միշտ էլ ծանր փորձությունների է ենթարկվելՙ հատկապես անցյալ դարասկզբից սկսածՙ ցեղասպանությունից մինչեւ ստալինյան ճնշումներ, արցախյան պատերազմից մինչեւ երկրաշարժ ու երկրի տնտեսության փլուզում, սակայն, միեւնույն է, պիտի ապրենք ու աշխատանքով կերտենք մեր ապագան»:

Միջոցառման համերգային մասում հնչեցին ասմունք ու երգեր, եղան նաեւ պարային համարներ: Հանդես եկան ճանաչված երգիչներ Ռուբեն Մաթեւոսյանը, Մանիկ Գրիգորյանն ու Օֆելյա Համբարձումյանը, չարենցյան ընթերցումով ելույթ ունեցավ ասմունքող Վլադիմիր Աբաջյանը, հանդիսատեսին ներկայացավ նաեւ Հայաստանի պարի պետական անսամբլըՙ Սուրեն Չանչուրյանի ղեկավարությամբ, ելույթների ստվար շարքում հիշատակենք «Արեւիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլը եւսՙ ի եզրափակումն արձանագրելով, որ միջոցառումն իրոք հաջողվեց, եւ ամենակարեւորըՙ մաքուր վիճակում վերարժեւորեց աշխատանքի կարեւորությունը մարդու, հասարակության եւ հայրենիքի համար:

ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4