<20018005.jpg>
Դա նախ եւ առաջ լուրջ վտանգ է առողջության համար
Մեզանից յուրաքանչյուրը վերցնում է տանը եղած դատարկ շշերը, գնում խանութ եւ հանձնելով դրանք, ձեռք բերում նույն քանակի շշերով ալկոհոլային կամ ոչ ալկոհոլային խմիչքներ, հանքային ջրեր: Եվ հավանաբար քչերն են իրենց հարց տալիսՙ արդյոք ճի՞շտ է շշերի հանձնումը եւ ընդհանրապես հարկ կա՞ առանձնահատուկ կարեւորություն տալ դրան: Մինչդեռ առաջին հայացքից անկարեւոր թվացող շշերի հետադարձ ընդունման խնդիրը լուրջ ուշադրության եւ որոշակի լուծման կարիք ունի: Իսկ խնդրի մանրամասներին տեղեկացանք Աբովյանի շշերի գործարանի («Սարանիստ» ՍՊԸ) տնօրեն Մելիք Մանուկյանից:
Պարզվում է, որ ամբողջ աշխարհում վաղուց արդեն գոյություն չունի շշերի հետադարձ ընդունում, որը դեռեւս շարունակում է գոյատեւել նախկին խորհրդային երկրներում: Չնայած այստեղ էլ որոշ երկրներ սկսել են հրաժարվել դրանից: Ինչո՞ւ: Մի քանի պատճառներով, որոնցից գլխավորը թերեւս սպառողների առողջության վտանգումն է: Տարբեր վայրերից, բնակարաններից, շատ հաճախ նաեւ աղբավայրերից, առանց որեւէ դասակարգման, ապակյա շշերը հավաքվում են խանութներում կամ փաստորեն ապօրինի ստեղծված ընդունման կետերում, որտեղից էլ ուղարկվում խմիչքներ արտադրող գործարաններ: Այդ կետերում շշերի որեւէ մանրէազերծում չի կատարվում: Մանրէազերծում չի կատարվում նաեւ գործարաններում: Նման տեխնոլոգիա, որտեղ ապակյա շշերը որոշ ժամանակ պետք է պահվեն առնվազն 120 աստիճան ջերմության պայմաններում, որպեսզի մանրէները ոչնչանան, գոյություն չունի: Դա մեծ ծախսերի հետ է կապված, այդ պատճառով էլ չի արվում: Իսկ ի՞նչ է արվում: Լավագույն դեպքում շշերը լվացվում են 40-50 աստիճան ջերմություն ունեցող ջրում, այնուհետեւ լվացման տարբեր միջոցներով: Սակայն դա եւս անթույլատրելի է, քանի որ վերջիններիս բաղադրության մեջ քիչ չեն առողջությունը վնասող նյութերը, եւ անգամ այս դեպքում մանրէներն ամբողջությամբ չեն ոչնչանում: Այսինքնՙ գործնականում անհնար է շշերն այնպես լվանալ, որ դրանք անվնաս դառնան առողջության համար:
Ընդունումից հրաժարվելու հաջորդ փաստարկն այն է, որ շշեր արտադրող բազմաթիվ գործարաններ (Արմավիրում, Արզնիում եւ այլ վայրերում) դադարել են աշխատել կամ աշխատում են չնչին հզորությամբ: Փաստորեն նրանց կողմից մեկ անգամ արտադրված շիշը մինչեւ դրա ջարդվելն անընդհատ շրջանառվում եւ ստվերային շահույթ է բերում ընդունողներին, իսկ արտադրող գործարանները քայքայվում եւ սնանկանում են:
Եվս մեկ կարեւոր հանգամանք, որի մասին վերեւում հպանցիկ նշեցինք: Դա այն ստվերային շրջանառությունն է, որ կատարվում է: Փաստորեն շահում են ե՚ւ շշեր ընդունող կետերը, ե՚ւ խմիչք արտադրող գործարանները, տուժում են պետբյուջեն եւ մենք բոլորս: Ճիշտ է, Մելիք Մանուկյանը նշում է, որ խմիչք արտադրող գործարանների ղեկավարները կողմ են շշերի ընդունումն արգելելուն: Դա գրեթե կբացառի նրանց արտադրանքի կեղծումը: Ոլորտի մասնագետների կարծիքով, այն փրփուրը, որը պոռթկումով դուրս է գալիս, հետեւանք է շշերի մի քանի անգամ լցված լինելուն: Նույն գազով լցված խմիչքը նոր արտադրված շշից նման պոռթկումով դուրս չի հորդի: Այսինքնՙ տուժում է նաեւ ապրանքի որակը:
Իհարկե, հարց է առաջանումՙ ի՞նչ անել դատարկ շշերը, եթե դրանք ետ չընդունվեն: Այստեղ հեծանիվ հայտնագործելու կարիք չկա: Գոյություն ունի համաշխարհային փորձ: Սովորաբար կենցաղային աղբի արկղերի հետ աշխարհի շատ երկրներում դրվում են նաեւ ապակյա եւ պլաստիկ շշերի համար նախատեսված արկղեր: Ապակյա շշերն աղբ հավաքող ձեռնարկությունը կամ ընկերությունը հանձնում է դրանք արտադրող գործարաններին: Այստեղ ջարդվում են եւ դառնում հումքՙ նոր արտադրվող շշերի համար: Ջարդելուց հետո այդ շշերը հալեցվում են 1500 աստիճան ջերմության պայմաններում, որտեղ ծիծաղելի կլինի խոսել որեւէ մանրէի գոյության մասին, եւ օգտագործվում նոր շշերի արտադրության մեջ: Այս շղթայի գործարկումով նախ եւ առաջ կարող ենք միանգամայն ապահով լինել բազմակի օգտագործված եւ չախտահարված շշերի պատճառով առողջությանը սպառնացող վտանգից: Այնուհետեւ կսկսեն լիարժեք եւ ավելի արդյունավետ գործել նաեւ շշերի արտադրության գործարանները, կստեղծվեն նոր աշխատատեղեր, եւ ի վերջո այլեւս «ձախ» շշեր շրջանառության մեջ չեն լինի: Բացի այդ, տեղական ինքնակառավարման կամ շշերի հանձնումն իրականացնող պետական այլ մարմիններ (ԲՇՏ-ներ եւ այլն) հանձնած ապրանքի դիմաց շշերի արտադրության գործարաններից կստանան գումար, որը կարող են օգտագործել թեկուզ այն նույն սոցիալական ծանր կացության մեջ գտնվող մարդկանց օգնելու համար, որոնք ստիպված չնչին գումարներով հանձնում են շշերը ընդունող կետերին: Իսկ բնակչությունն ընդհանրապես դրանից չի տուժի, քանի որ յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի համար 10-15 դրամ կազմող 1 շշի գինն էական ազդեցություն չի կարող ունենալ:
Մեզ հետ զրուցելիս «Սարանիստ» ՍՊԸ-ի տնօրենն ասաց, որ այս հարցի առթիվ բազմաթիվ պաշտոնյաների հետ է հանդիպել, սակայն հիմնականում նրանք չեն էլ փորձել խորամուխ լինել եւ լուծման ուղիներ փնտրել: Նա հույս հայտնեց, որ գուցե մեր թերթն ընթերցելով, փորձեն հասկանալ խնդրի էությունը:
Կարծում ենք, որ այս հարցի լուծմամբ շահագրգիռ առնվազն մի քանի գերատեսչություններ պետք է լինեն: Իսկ նման դեպքերում սովորաբար «գլուխ պահող» առողջապահության նախարարությունն ու Հայպետստանդարտն ուղղակի պարտավոր են զբաղվել այս հարցով, քանի որ առաջնայինն այստեղ մարդու առողջությունն է: Հուշում ենք նաեւ, թե ինչ գործնական քայլ կարելի է կատարել: Ընդամենը մեկ բանՙ լրացում «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում, համաձայն որի կարգելվի շշերի ընդունումը: Այսինքն այն, ինչ կարելի էր կատարել 1-2 ամսվա ընթացքում, սակայն չի կատարվում երկար տարիներ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ